ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ ԱՄՆ պատժամիջոց կիրառեց հայկական ընկերության դեմ
2019-01-25 18:58:08

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Հայաստանում գրանցված ընկերությունը հայտնվել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ցանկում: Նախօրեին, ի թիվս այլ ընկերությունների, “Flight Travel”-ի անունը հրապարակել է Միացյալ նահանգների ֆինանսների նախարարությունը:

Ի՞նչ հիմնավորմամբ է ընկերությունը հայտնվել պատժամիջոցների ցանկում, ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

0:00
0:00

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի եթերից

Հունվարի 24-ին Միացյալ նահանգների ֆինանսերի նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը ընդլայնել է պատժամիջոցները Իրանի դեմ: Խոսքը, մասնավորպես, Իրանի հետ առնչություն ունեցող երկու ընկերությունների և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումների մասին է, բացի այդ սև ցուցակում ներառվել է Իրանի կողմից շահագործվող երկու Boeing 747 ինքնաթիռ:

Պատժամիջոցների ցանկում հայտնված ընկերություններից մեկը Երևանում գտնվող “Flight Travel”-ն է, որը “Mahan Air”-ի՝  իրանական խոշորագույն ավիափոխադրողներից մեկի առևտրային գործընկերն է Հայաստանում: “Mahan Air”-ը ամերիկյան պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է դեռևս 2011-ին:

“Flight Travel”-ը “Mahan Air”-ի հետ համագործակցության համար ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնված երրորդ արտասահմանյան ընկերությունն է. ԱՄՆ ֆինանսների նախարարութունը անցյալ տարվա մայիսին նախազգուշացումից հետո պատժամիջոցների ցանկում է ներառել Մալայզիայում իրանական ավիաընկերության ներկայացուցչությունը, իսկ սեպտեմբերին այդ ցանկում հայտնվել է “Mahan Air”-ի ներկայացուցչությունը  Թայլանդում:

Կազմակերպությունները, որոնք ներառված են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում, զրկվում են ամերիկյան ֆինանսական համակարգի հասանելիությունից: Միացյալ նահանգների քաղաքացիներին արգելված է նրանց հետ որևէ գործարքի կամ գործարար կապերի մեջ մտնել: Այդ ընկերությունների սեփականությունն ու ակտիվները Միացյալ նահանգների տարածքում սառեցվում են:

Ինչպես տեղեկացրել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, “Flight Travel”-ը հրաժարվել է լսել բոլոր ռիսկերի մասին, որոնք առկա են “Mahan Air”-ի հետ համագործակցությամբ պայմանավորված: Իրանական “Mahan Air” ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ “Flight Travel” ՍՊԸ-ից նույնպես հայտնել են, որ վերջին շրջանում մի քանի նախազգուշացում է ստացել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ ԱՄՆ դեսպանատունն ուղիղ կապ է հաստատել ընկերության հետ:

“Mahan Air” ամերիկյան պատժամիջոցների ցանկում է հայտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչությունների համար, խնդիրը Սիրիա զենքի մատակարարումներն են:

«Այս ընկերության դեմ գործընթացը սկսվել է մոտ 10 օր առաջ՝ Գերմանիայում: Գերմանիայի կառավարությունը արգելել է “Mahan Air”-ի թռիչքները Գերմանիայի տարածքում: Կարծում եմ՝ այս ամենը ոչ թե Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների շրջանակներում է արվում, այլ  խնդիրը ավելի շատ կապված է հենց այս ընկերության գործունեության հետ. տնօրինության կազմում ընդգրկված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներ»,- նշում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Արմեն Իսրայելյանի խոսքով, Հայաստանի քայլը պետք է լինի իր ունեցած լծակների, բանակցությունների միջոցով փորձել այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի այսպիսի ընկերությունները խնդիրներ չունենան:

Իրանահայ լրագրող Ռուբեն Մինասյանի կարծիքով, այս սահմանափակումը խնդիրներ է ստեղծելու Իրան հաճախակի ճանապարհորդող մեր հայրենակիցների համար:

«Եթե դեռ չկան խնդիրներ, դրանք կլինեն անպայման: Իրան թռիչքը մենաշնորհային է, այսինքն իրանական Mahan Air-ը  Երևանից Իրան թռիչքներ իրականացնելու մենաշնորհ ունի»,- նշում է իրանահայ լրագրողը: