ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վտանգավոր պիտակները կփոխվեն
2019-01-26 14:00:55

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

Ներկրվող ապրանքների վրա փակցվող դրոշմապիտակները փոխվելու են: Պետական եկամուտների կոմիտեն փոփոխությունն իրականացնում է առողջապահության նախարարության առաջարկով:  Մանկահասակ երեխաների շրջանում դրանք վտանգ են ներկայացնում:

 

0:00
0:00

 

Ապրանքների վրայի ակցիզային դրոշմապիտակները հեշտորեն պոկվում են և մանկահասակ երեխաները դրանք կուլ են տալիս՝ համացանցում ահազանգում են ծնողները եւ դրանում վտանգներ տեսնում իրենց զավակների համար: Ահազանգերի մասին բարձրաձայնել է նաև առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը:


«Ահազանգերը շատ շատ էին, թե՛ բժշկական հանրության կողմից, որոնք  զբաղված էին   հետևանքների լուծմամբ՝ հանելով շնչուղիներից, կոկորդից և թե՛ հենց ծնողների  կողմից; Կյանքի որակ բարելավելու առումով շատ էլ լուրջ է»:

 

Զրուցակիցս նման իրավիճակում հայտնվել է: Դուստրը՝ 11 ամսական Նռանեն, հաջողացրել է պոկել դրոշմապիտակն ու կուլ տալ:   

 

«Պլիտկայի տուփի վրա էր ակցիզը և երեխան թղթով խաղում էր: Ես էլ մտածեցի, գործերս ավարտեմ, նոր վերցնեմ ձեռքից: Եվ լսեցի, որ երեխան խեղդվում է: Սկզբում չէի նկատել, որ այդ ակցիզն է կուլ տվել: Ջուր էի տալիս հրաժարվում է: Ինչ փորձեցի չկարողացա: Հասցրեցի հիվանդանոց, քիչ-քիչ կուլ տվեց: Հիմա ինչ որ բան ենք առնում երեխային, ամուսինս միանգամից հարցնում է վրան բան չկա՞»:  

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն արդեն  քննարկել են այս հարցն ու եկել ընդհանուր եզրակացության: Դրոշմապիտակների ցելոֆանե թաղանթը փոխվելու է՝ ասել է Դավիթ Անանյանը:  

 

«Տեխնիկական պայմանները փոխել ենք և այդ ցելոֆանե պատյանի հաստությունը  50 միկրոնից իջեցվել է 36 միկրոն, որը բավականին նրբացնում է: Նաև փակցնելու  սոսնձի վերաբերյալ տեխնիկական պահանջն է փոխվել: Ինքն ավելի ամուր է փակցվելու և լինելու է ավելի բարակ»:  

 

Մրցույթ արդեն անցկացվել է և հայտնի է դրոշմապիտակ մատակարարող  կազմակերպությունը: Հաջորդ շաբաթ կհանդիպեն ընկերության ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ այս փոփոխությունից հետո դրոշմապիտակներն այլևս անվտանգ կլինեն:

 

« Այսինքն, եթե երեխան կուլ է տալիս այն, այլևս անվտանգ են»:

 

 

Պետական եկամուտների կոմիտեն  բացի այս փոփոխություններից պատրաստ է  լսել նոր առաջարկներ և մատակարարող  ընկերության հետ քննարկումների արդյունքում  դրանցից ընտրել  օպտիմալ այլ տարբերակներ։