ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մահացել է Միշել Լեգրանը
2019-01-26 13:48:41

Կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդում է «Լը Մոնդը»: 20-րդ դարի ամենառոմանտիկ երգերից մեկի`«Շերբուրգյան հովանոցներ» ստեղծագործության հեղինակ Միշել Լեգրանը փետրվարի 24-ին կդառնար 87-տարեկան։

Ֆրանսահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը առաջին անգամ Հայաստանում է եղել 2004թ-ին և Երևանի Հանրապետության հրապարակում երգել է Շառլ Ազնավուրի հետ։

Մաեստրոյի հաջորդ այցը եղել է 2009թ-ին` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Այդ տարի Լեգրանն արժանացել է Հայաստանի Պատվո շքանշանի։

Հաջորդ անգամ Լեգրանը պատմական հայրենիք է ժամանել 2012թ-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ջանքերի շնորհիվ։ Այդ ժամանակ երկրում նշել են մաեստրոյի 80-ամյակը և դրա հետ մեկտեղ VI միջազգային երաժշտական փառատոնի փակումը։

Լեգրանն ավելի քան 800 ստեղծագործություն է գրել է 250 ֆիլմի համար, ձայնագրել ավելի քան 100 ալբոմ։ Իզուր չէ, որ նա ասել է` «գործիք նվագելիս դու տասը մատ ունես, իսկ երևակայության մեջ` անվերջություն»։

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը՝ Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Նա դաշնակահարուհի է եղել։ Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից, որը վարիետեի նվագախմբի ղեկավար է եղել։ Ապագա կոմպոզիտորը սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: 3 անգամ արժանացել է«Օսկար», 5 անգամ` «Գրեմմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի: