ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ նպատակով է Նախիջևանում թուրքական ռազմաբազա հիմնվում
2019-01-26 17:00:26

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ-ում ռուսական ռազմակայանին հակակշռելու նպատակով՝ Թուրքիան Նախիջանում 3-րդ ռազմաբազան է ստեղծում՝ հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ կարծիք հայտնելով, որ տարածաշրջանում թուրքական ակտիվացումն ունի ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական բաղադրիչ։

Որքանո՞վ է իրատեսական նման բազայի ստեղծումը։ «Ռադիոլուրն» ի մի է բերել փորձագետների կարծիքը:

0:00
0:00

«Թուրքական մամուլը արդեն գրում է, որ Թուրքիան Նախիջևանում նախապատրաստվում է ստեղծել 3-րդ ռազմաբազան իր սահմաններից դուրս՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն  ունի Թուրքիայի կարիքը Սիրիայում, Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում իր ոտքը դնելու տեղն ավելի ընդլայնել և ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Նախիջևանում։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ սա աշխարհաքաղաքական կարևոր գործընթաց է, որը  ռուսների կողմից լուրջ հակազդեցության է արժանանալու, որովհետև  արվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակով:

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում վերջին շրջանում ընթացող խաղաղասիրության ակտիվ քարոզի ֆոնին Թուրքիան ակտիվորեն շարունակում է զինել Ադրբեջանին, և այս համատեքստում է նաև պետք դիտարկել Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծման որոշումը:

Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծումն իսկապես ռուսական 102- րդ ռազմակայանին հակակշռելու նպատակ ունի, բայց Թուրքիան  բավականին հետաքրքիր ձեւով է դա անում։

Հովհաննիսյանը օրինակ է բերում Անկարայի կողմից ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելը, որի հետ միասին թուրքերը ռուսներին փորձում են համոզել, թե Նախիջևանի ռազմաբազան նրանց դեմ չէ։

Սա Թուրքիային բնորոշ դիվանագիտական խորամանկություն է՝ ասում է փորձագետը: Հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական լարվածության դեպքում, ինչ դեր կարող է ունենալ այս ռազմաբազան՝ հարցին արձագանքում է.

«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կա փոխօգնության համաձայնագիր: Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիան կարող է աջակցություն ցուցաբերել Ղազարաբաղի «գրավյալ» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու գործում, սակայն  Թուրքիան իրավունք չունի ՀՀ պետական սահամանի նկատմամբ ոտնձգություն իրականացնի, իսկ Նախիջեւանը ՀՀ պետական սահման է»:

Որպես պետություն մենք խնդիր ունենք նաև հստակեցնելու մեր պետական սահմանը հատկապես Նախիջևանի ու Տավուշի մարզի որոշ հատվածներում, ինչը, ըստ փորձագետի, կարող է լուրջ խնդիր առաջացնել նաև ՀԱՊԿ-ից օժանդակություն ստանալու անհրաժեշտության դեպքում:

Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծման վերաբերյալ լուրը մեկնաբանելիս՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ  Կարեն Վերանյանը նկատում է.

«Ռադմական բազա Թուրքիան այս պահին չի կարող հիմնել տարբեր իրավաքաղաքական գործընթացների բերումով, ինչը կարող է առաջացնել Ռուսաստանի դժգոհությունը»:

Հայ-ադրբեջանական  հնարավոր լարվածության դեպքում Թուրքիայի ուղղակի միջամտությունը փորձագետը բացառում է՝ միաժամանակ նկատելով, որ Ադրբեջանին այս երկրի լուրջ օժանդակությունն ու Նախիջևանում նրա ռազմական ակտիվ ներկայությունը երբեք նորություն չեն եղել:

Կարեն Վերանյանի համոզմամբ, այս պահի դրությամբ գոնե հավասարակշռությունը պահպանվում է թե հայ-ադրբեջանական դիմակայության մասով, թե տարածաշրջանային մասշտաբով: