ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրքոտ, լիրիկական, բծախնդիր. Մալխասը հիշում է Լեգրանին
2019-01-26 18:13:15

լուսանկարը՝ Bravo.am-ի

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր աշխարհի ամենահայտնի պարբերականների, հեռուստա ու ռադիո ալիքների գլխավոր էջերում ու թողարկումներում նրա մահվան լուրն է. կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի կոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար, արտիստ Միշել Լեգրանը: «Ռադիոլուրին» բացառիկ հարցազրույց է տվել ջազմեն Լևոն Մալխասյանը` Մալխասը՝ պատմելով կոմպոզիտորի մասին իր հուշերը:

0:00
0:00

 «Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»:

Այս տողերով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտնեց՝ 86 տարեկան հասկանում մահացել է հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, ունիվերսալ արտիստ Լեգրանը:

1932-ին Փարիզում ծնված կոմպոզիտորի մայրը եւս երաժիշտ էր ու հայ՝ դաշնակահարուհի Մարսել Տեր-Միքայելյանը:

Չնայած կյանքի 10-ը տարիները Միշելն անցկացրել է մորական պապի՝ Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, բայց առաջին անգամ մոր հայրենիք՝ Հայաստան եկել է կյանքի 72-րդ տարում՝ 2004-ին:

Հենց այդ ժամանակ Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգ տվել ու այստեղ գտել իր հայ բարեկամներին:

Մաեստոյի երկրորդ այցը հայրենիք 2009-ին էր՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով, համերգի կազմակերպիչներից մեկը՝ Մալխասը:

«Առանց համերգի, մի օր, աշուն, վերարկուն հագած, կնոջ հետ դուռը բացվում է Մալխաս ջազ-ակումբի ու ներս է մտնում Միշել Լեգրանն ու կանգնում»:

Ինքն իրեն կրքոտ երաժիշտ համարող Լեգրանը գտել էր երջանկության բանալին՝ երաժշտությունը։ Ասում էր՝ նվագելիս 10-ը մատ ունես, իսկ երևակայության մեջ՝ անվերջություն:

Հենց այդ՝ սահմաններ չունեցող երևակայությամբ էլ, Մաեստորն ստեղծեց շուրջ 800 մեղեդիներ 250 ֆիլմի համար:

1965-ին «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտությունը Լեգրանի համար դարձավ այցեքարտ՝ մարդկանց ականջներին հասցնելով կրքոտ երաժշտի սրտի մեղմ ու ռոմանտիկ բաբախումը:

Մալխասն ասում է՝ այլ կերպ լինել չէր էլ կարող: Հնարավոր չէ ստեղծել լիրիկական երաժշտություն առանց կրքի: Ափսոսանքով հարցնում եմ՝ այստեղ դաշնամուր լիներ Մաեստրոյի ո՞ր ստեղծագործությունը կնվագեիք: Պատասխանում է՝ «Շերբուրգյան հովանոցներ»-ը:

 «Օսկար», «Գրեմմի», «Կեսար» , «Էմմի», «Ոսկե Գլոբուս» աշխարհի ամենահայտնի երաժշտական մրցանակներին արժանացած կոմպոզիտորի համար ֆիլմն ու երաժշտությունը մինչև իրար գտնեին, պիտի երկար ճանապարհ անցնեին:

Համաշխարհային կինոյին, ջազին, սիմֆոնիկ երաժշտական աշխարհին, Ֆրանսիային, Հայաստանին ու ամբողջ աշխարհին իր մեղեդիները նվիրված արտիստը Հայաստանից մեկ նվերի մասին էր երազում՝ Սարյանի կտավներից մեկը իրենը լիներ:

Երազեց, բայց Սարյանի թանգարան իրենց չուղեկցեցին, նվեր չստացավ,  փոխարենը հայկական ուդի մեղեդիները, որ լսել էր պապից, Սարյանի կտավների գույները, որ դարձրել էր նաեւ իրենը վերածեց ֆրանսիական երաժշտության, որ դարձավ համաշխարհային։