ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արջուտ. զարգացման ծրագրից դուրս մնացած համայնքը
2019-01-28 14:00:56

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Եթե արտագնա աշխատանքը չլինի, գյուղում կապրես, բայց ինչի նման»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում բողոքել են Լոռու մարզի Արջուտ համայնքի տղամարդիկ:

Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքի շատ մոտ նախապատրաստում են շահագործել Արջուտի ոսկու հանքավայրը:

0:00
0:00

Քարքարոտ ճանապարհը դեպի Արջուտ է տանում: Լոռու մարզի հեռավոր այս գյուղում  խնդիրները նույնն են՝ ինչ մնացած համայնքներում: 1360  բնակիչ ունեցող այս համայնքում հիմնականում  անասնապահությամբ են զբաղվում:

Վարելահողերը քիչ են, տեղացիները տնամերձերն են մշակում: Արջուտի ղեկավար Վարդան Մկրտչյանի խոսքով, արդեն 30 տարի է, որ գյուղապետարանը պոլիկլինիկայի շենքում է:

«Եթե թվարկեմ երկիրն ինչքան խնդիր ունի, մենք էլ  դա ունենք: Գալիս տեսաք ճանապարհը ինչ վիճակում էր, ունենք ճանապարհի նորոգման խնդիր, համայնքային կենտրոն չունենք, զբաղվածության խնդիր ունենք»:

Մանկապարտեզի շենք կա, սակայն չի գործում։ Համայնքային բյուջեն միջոցներ չունի՝ տարեկան շուրջ 10 մլն դրամ է պետք լինելու, որպեսզի երեխաները օրվա մեծ մասը ոչ թե դրսում, այլ մանկապարտեզում անցկացնեն:

Արջուտը Լոռու և Գեղարքունիքի մարզի  հինգ համայնքներից մեկն է, որտեղ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը նախակրթարան է բացել: Ծրագրի համակարգող Մարիա  Պողոսյանի խոսքով, համայնքը  պետք է վերանորոգման աշխատանքների 15 տոկոսը կատարի, ինչպես նաև մեկ տարի հոգա դաստիարակի ու դաստիարակի օգնականը հարցը, մինչև նախակրթականը անցնի ԿԳՆ-ին:

Հենց այս նախակրթականում էլ հանդիպեցի ու զրուցեցի արջուտցի կանանց, ինչպես նաև ՌԴ-ից մի քանի օր առաջ վերադարձած  տղամարդկանց հետ:

 «Դրսում աշխատելը հեշտ չէ»,- 2006թվականից ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող զրուցակիցս է ասում:

Ձմռան այս օրերին կանանց հավասար երջանիկ են նաև երեխաները՝ վերջապես հայրերին տեսնելու հնարավորություն ունեն: Արջուտը դեռ չի խոշորացվել, կո՞ղմ է արդյոք  Արջուտի ղեկավար Վարդան Մկրտչյանը համայնքների միացմանը:

1988 թվականի երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ է հեռու գտնվում։ Ադրբեջանից փախստականներով բնակեցված Արջուտը հանված է երկրաշարժից տուժած բնակավայրերի զարգացման ծրագրից:

Համայնքի ղեկավարը հույս ունի, որ  գոնե այժմ իրենց էլ կներառեն որևէ  զարգացման  ծրագրում:  Արջուտից 6 կմ հեռավորության վրա է գտնվում  ոսկու համանուն հանքավայրը:

Շահագործման հետ կապված հանրային լսումներ եղել են, տեղացիները, գյուղապետի խոսքով, համոզվել են, որ պոչամբար չեն ունենալու: Հանքի շահագործմանը կողմ են, սակայն լուրջ վերահսկողություն պետք է իրականացնեն:

 Հանքավայրի շահագործումը պատրաստվում է իրականացնել  «Բակտեկ Էկո» ընկերությունը: Չնայած հանքավայրը շահագործողները մտադիր էին 2016 թվականի արդեն  սկսել հանքաքարի վերամշակման գործարանի շինարարությունը, սակայն, գյուղապետի խոսքով, այս պահին որևէ աշխատանք չի իրականացվում: