ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեր բանակը դարձավ 27 տարեկան
2019-01-28 09:01:15

Անկախության տարիների ընթացքում մեր կարևոր ձեռքբերումներից մեկն անվերապահորեն հայոց բանակի ստեղծումն է, որն առաջին անգամ իր հստակ ձեւակերպումը ստացավ 1992թ. հունվարի 28-ին. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը՝ նշանավորելով հայոց ազգային բանակաշինության շատ կարևոր գործի սկիզբը:

Պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով 1992 թ. մայիսին հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տվեց առաջին զինվորական երդումը։

Զորամիավորումները, զորատեսակները, սպայական կազմը ձևավորվեցին խորհրդային բանակի կազմակերպական հիմքի վրա։ Բանակի ձեւավորման սկզբնական փուլում հսկայական դեր խաղացին խորհրդային բանակի զինվորականներ Նորատ Տեր-Գրիգորյանը, Արկադի Թադեւոսյանը,Գուրգեն Դալիբալթայանը եւ բազմաթիվ այլ զորավարներ ու սպաներ:

Զինված ուժերի ստեղծման առաջին իսկ օրից մեծ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության բարձրացման վրա։ Հետագայում հիմնվեց սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցը, համալրվեց նյութատեխնիկական բազան, բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով: Հայոց բանակի ստեղծման գործում մեծ եղավ նաև  Վազգեն Սարգսյանի դերը, որը ՀՀ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին:

Տոնի նախօրեին պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը՝ ամփոփելով պաշտպանության համակարգում արձանագրված տարվա ձեռքբերումները, ընդգծեց, որ բանակն իր առջև դրված բոլոր խնդիրները կատարել է. առաջընթաց է արձանագրվել հատկապես՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով։

Իրենց մարտունակությունն ու զգոնությունը հայկական զինված ուժերը տարիներ շարունակ հակադրել են Ադրբեջանական սպառնալիքներին ։ Իսկ ղարաբաղյան պատերազմից հետո մեր զինվորների ու սպաների համար ամենաբարդ քննությունը 2016-ի ապրիլյան քառօրյան էր, որից նրանք դուրս եկան պատվով: Հակառակորդն անսպասելի հարձակմամբ անկարող եղավ լուծել իր առաջ դրված խնդիրները։

Մենք այսօր ունենք մարտունակ բանակ, որի հետագա ամրապնդման ու հզորացման վճռորոշ պայմաններից մեկը, իհարկե, բոլորիս աջակցությունն ու սերն է: Բանակի ստեղծման պատմությունն ու կայացման ուղին ցույց են տվել, որ այդ սերը մեր բանակը վայելում է:

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ: