ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թուրքիան իր ընդդիմախոսներին լռեցնում է
2019-01-29 10:39:01

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը պետք է նայել այդ երկրում մարդու իրավունքների վատթարացող վիճակից համատեքստում։ Թուրքիան չորրորդ տեղն է գրավում այն երկրների ցանկում, որոնց դեմ 2018թ-ի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամենից շատ հայցեր է ստացել։

0:00
0:00

Էրդողանի կառավարման մի քանի տարիների ընթացքում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունը հետընթաց է գրանցել: Կարծիքը թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանինն է: Հիմնական ճնշումները սկսվեցին 2015 թվականին, սակայն գագաթնակետին հասան 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո: Գյուլենականներին ճնշելու, ձերբակալելու և նրանց պլանները խափանելու համար թուրքական իշխանությունները գնացին մեծածավալ բռնությունների, խոսքի իրավունքի և ազատությունների խիստ սահմանափակման: Այդ ընթացքում բազմաթիվ լրագրողներ ու իրավապաշտպաններ նետվեցին բանտ և բազմաթիվ պատգամավորներ զրկվեցին անձեռնմխելիությունից և հայտնվեցին բանտում: Նրանց թվում է նաև Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը:

«Իր վրա կա բազմաթիվ հարուցված գործեր և հեղաշրջման փորձից հետո ընդունվեց պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծ և հեշտացվեց Էրդողանի դեմ ընդդիմադիր հանդես եկող գործիչներին չեզոքացնելու և խորհրդարանից հեռացնելու գործընթացը»:

Հերթը այժմ հասել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Սակայն նրա դեպքը մի փոքր տարբերվում է քրդական կուսակցության առաջնորդի վիճակից, ասում է զրուցակիցս: Հայազգի պատգամավորը Թուրքիայի ազգային անվտանգության համար վտանգ չի ներկայացնում.

«Կարո Փայլյանը Թուրքիայի իշխանությունների համար ոչ հաճելի հայտարարություններով է հանդես գալիս և շատ հաճախ կարողանում է նեղը գցել նրանց»:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ վեհաժողովից պահանջելով անհապաղ միջամտել եւ թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին.

«Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակներն անցել են եւ «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը»:

301 հոդվածը նախատեսում է պատիժ թրքությունը, թուրք կառավարությունը, պետությունը նախատելու համար: Կարո Փայլանն աչքի ընկնող պատգամավոր է և ազգայնականներն իրենց թիրախ են ընտրել՝ «Ռադիոլուրին» փոխանցեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Նախօրոք կանխատեսել դժվար է: Ձախակողմյան պատգամավորների անձեռնմխելիությունը նախապես վերացված է: Հիմա էլ կարող են վերացվել: Բայց դա կանխատեսել մի քիչ դժվար է: Ամեն պարագայում՝ Կարոն մի քիչ մեծահոգություն կարող է պատճառել կառավարության շրջանակներում, որովհետև Կարոյի դեմ ուղղված հալածանքին արձագանքը իշխանության դեմ կլինի բարձր»:

Իսկ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Կարո Փայլյանի դեմ արշավը նրան լռեցնելու փորձ է: Նրան անձեռնմխելիությունից զրկելը կախված է Էրդողանից: Եթե նախկինում աշխարհի կողմից զգայունություն կար հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ, ապա այժմ վիճակն այդպիսին չէ: Թուրքիան իր ընդդիախոսների հետ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է, եզրափակեց թուրքագետը: