ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեխաները միշտ էլ ավելի հանդուրժող են. անցում՝ համընդհանուր ներառականացման
2019-01-29 11:07:48

Իզաբել Սահակյան

«Ռադիոլուր»

Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից մեկն է: Այն բացառում է բոլոր տեսակի խտրականությունները երեխաների նկատմամբ:

0:00
0:00

Կրթության իրավունքը երեխայի սոցիալ- տնտեսական իրավունքներից ամենակարևորն է: Զրկելով հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթության իրավունքից՝ հետագայում նրանց դարձնում ենք ավելի խոցելի: «Իրավունքի ուժ» հկ համահիմնադիր Արման Ղարիբյանի խոսքով՝ հաճախ այդ իրավունքները խախտում են հենց ծնողները.
«Շատ հաճախ երեխաների իրավունքների պաշտպանությունը թողնված է ծնողների հույսին, այնինչ հաճախ հենց ծնողներն են խախտում այդ իրավունքները»:

«Հույսի կամուրջ» հկ հիմնադիր Սուսաննա Թադևոսյանի կարծիքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց խոցելի են դարձնում հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերը: Իսկ ներառական կրթության բացակայությունը խանգարում է նրանց հետագա սոցիալական ինտեգրմանը.
«Առանց ներառական և որակյալ կրթության հնարավորության հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակելու են մնալ խտրականության ենթարկված ամենախոցելի խումբը»:

Թեև մեծ աշխատանքներ են ուղղվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերը կոտրելու համար, Սուսաննա Թադևոսյանը մտահոգությամբ շեշտում է.
«Այո, դեռ կան ծնողներ, որոնք չեն ցանկանում, որ իրենց երեխան սովորի այն դասարանում, որտեղ կա հաշմանդամություն ունեցող երեխա: Մեծ ցավով եմ ասում, բայց մյուս կողմից էլ փորձում եմ հասկանալ այդ ծնողին, որ ոչ ինֆորմացված լինելու պատճառով ունի նման ծնողական վախ»:

Սուսաննա Թադևոսյանը վստահեցնում է՝ երեխաների շրջանում նման խնդիրներ չեն առաջանում, եթե ինքներս մեր երեխաների միտքը չենք պղտորում.
«Երեխաները միշտ էլ ավելի հանդուրժող են և ավելի ընդունող»:

Հատկանշական է, որ համաքաղաքացիների շրջանում արված հարցումների արդյունքը դրական է: Գրեթե բոլորը կողմ են համընդհանուր ներառականացմանը.
«Երեխան հենց դպրոցից պետք է սովորի, որ կյանքում կարող է հանդիպել հաշմանդամություն ունեցող մարդկանց»:
«Յուրաքանչյուր դրա կարիքն ունեցող անձի իրավունքն է դա»:
«Հատուկ դպրոցներին կողմ չեմ: Թող այդ երեխաներն էլ ինտեգրվեն»:

Համընդհանուր ներառական կրթություն անցել են Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերը։ Ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ստանում են ուսուցչի օգնականի հաստիքը, իսկ դպրոցը ֆինանսավորվում է՝ ըստ հատուկ կարիքներ ունեցող աշակերտների թվի: Ժամանակի ընթացքում հատուկ դպրոցները վերածվելու են մանկավարժահոգեբանական կենտրոնների:

ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանի խոսքով՝ նախարարությունը մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ միասին փորձում են հատուկ դպրոցներում կրճատված մասնագետներին պահպանել համակարգում. «Որոշակի վերաբաշխումներ ենթադրվում են: Սովորաբար այդ ուսուցիչները տեղափոխվում են կա՛մ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, կա՛մ ուսուցչի օգնական՝ տարբեր դպրոցներում»:
Ռոբերտ Ստեփանյանի խոսքով՝ համընդհանուր ներառականացման համար հարմարեցված պայմաններ ունենալու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու: