ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրանը փորձում է ընկալել, թե ինչ ուղղությամբ է գնալու ՀՀ-ը. իրանագետ
2019-01-29 17:25:44

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայ-իրանական հետագա հարաբերությունների ձեւաչափի վերաբերյալ լավ չեն հասկանում վերին ատյաններում: Փաստ է, որ այս ուղղությամբ գոհացնող եւ ակնհայտ արդյունքներ չկան: Այս կարծիքն է այսօր հայտնել իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ հայ-սլավոնական համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բոլոր ուղղություններով էլ նոր մոտեցումներ են անհրաժեշտ:

0:00
0:00

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը նկատում է, որ հայ-իրանական հարաբերություններում թավշյա հեղափոխությունից հետո կան կուտակված հարցեր: Իրանում փորձում են ընկալել, թե ինչ ուղղությամբ է գնալու ՀՀ-ը:

«Այստեղ կան խնդիրներ, որոնք երբեմն Հայաստանում առաջ են գալիս: Դրանք լինում են, երբեմն, պատահաբար, երբեմն՝ անիրազեկության մակարդակով, բայց, միեւնույնն է, սա անհանգստացնում է Իրանին, որովհետեւ նման խնդիրները բացատրելու եւ քննարկելու կարիք է լինում: Սա, իհարկե, փորձագետների մակարդակով արվում է, բայց ցանկալի է, որ ավելին արվի նաեւ արտգործնախարարության կամ այլ ատյանների միջոցով, որպեսզի հարցեր չլինեն: Բայց այդ հարցերի վերջնական ամփոփումը, այնուամենայնիվ, պետք է սպասել Ռոհանի-Փաշինյան հանդիպմանը: Այսինքն, այդ հանդիպումից շատ բան պարզ կլինի իրանական կողմի համար, նաեւ՝ Հայաստանի համար, որպեսզի հասկանանք, թե հայ-իրանական հարաբերությունների մեջ ինչ փոփոխություներ է լինելու»:   

Հայաստանի վարչապետի այցը Իրան օրակարգում է, սակայն ժամկետներ հստակեցված չեն: Իրանագետը լիահույս է, որ վարչապետի այցը Իրան չի ուշանա, քանի որ Իրանում կուտակվում են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն:       

Իրանագետը նաեւ նկատեց, որ հայ-իրանական հարաբերություններում առաջնահերթ է մասնավորապես Մեղրու ՀԷԿ-ի խնդիրը, որի մասին ավելի վաղ նշել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Կարեւոր ծրագրերից մեկն էլ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցն է:

«Այսինքն, այս պահի դրությամբ չենք կարող ասել, որ կոնկրետ ունենք ծրագիր, որը կյանքի է կոչված, բացի գազատարից, որը վաղուց է եղել»:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ ՀՀ-ին անհրաժեշտ է որոշակի նոր արտաքին քաղաքական ռազմավարություն, նոր մոտեցումներ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները: Նույնը նաեւ Իրանի հետ հարաբերություններին է վերաբերում՝ ասաց:


«Կարիք կա, որ, հաշվի առնելով տարածաշրջանային, աշխարհի եւ հայաստանյան ներքաղաքական միտումները, մշակվի նոր մոտեցում կամ մոտեցումներ, որոնք պետք է օգտակար լինեն Հայաստանի հարեւան, մերձակա տարածաշրջանի եւ հեռավոր գործընկերների միջեւ հարաբերությունների նոր մակարդակ հաստատելու համար: Դրան պետք է մասնակցեն շատ ավելի լայն շերտեր, քան միայն ԱԳՆ-ն, միայն վարչապետը կամ աշխատակազմը եւ այլն: Այսինքն, սրան պետք է ներգրավվեն բոլոր այն մարդիկ, ովքեր իսկապես պրոֆեսիոնալներ են էս գործի մեջ: Դա ամենօրյա հետեւողական, թարմացվող աշխատանք է: Եվ դա, իսկապես, մեր արտաքին քաղաքական ճկունության միակ երաշխիքն է՝ ըստ իս»:

Վարուժան Գեղամյանը կարծում է, որ այդ աշխատանքում պետք է վերլուծել նաեւ նախկինում եղած փորձը բոլոր ուղղություններով: 

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը նաեւ շեշտեց, թե Իրանում կա այն տեսակետը, որ Հայաստանը հավատարիմ է իր սկզբունքներին, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունից, այնուամենայնիվ, այդ ազդակները գնացել են: