ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մհեր Եղիազարյանի մահվանից հետո միայն հանրությունն իմացավ խնդրի մասին
2019-01-29 17:45:48

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահը պատկան մարմինների հանդեպ քննադատության ալիք է բարձրացրել:

Վերջինները պնդում են, որ դժբախտությունը կանխելու համար արել են օրենքով նախատեսված բոլոր քայլերը: Մհեր Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի:

44 օր տևած հացադուլը դադարեցնելուց 10 օր անց, հունվարի 27-ին,  Մհեր Եղիազարյանը մահացավ սրտամկանի ինֆարկտից:

0:00
0:00

ՀՀ կառավարության կողմից սահմանված քրեակատարողական հիմնարկների  ներքին կարոնակարգում մի ամբողջ գլուխ է նվիրված հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ իրականացվող պարտադիր միջոցառումներին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական  ծառայության պետի տեղակալ  Հայկ Քոչինյանը վստահեցնում է՝ հացադուլ հայտարարելուց հետո Մհեր Եղիազարյանի նկատմամբ իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները:

Մհեր Եղիազարյանին առնվազն 35 անգամ ընդունել են քրեակատարողական հիմնարկի երկու հոգեբանները, չորս անգամ՝ իրավաբանը և մեկ անգամ ստացիոնար խմբի ղեկավարը: Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է մշտապես: Այս դեպքում ինչ պետք է աներ բժիշկը, որ չի արել՝ հռետորական հարց է տալիս ԱՆ քրեակատարողական  ծառայության  բուժսպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը.

«Այս դեպքում բուժանձնակազմը գործել է գրեթե անսխալ: Գրեթե, որովհետև միգուցե կան բաներ, որոնք չենք նկատել»:

Մհեր Եղիազարյանի  հացադուլ հայտարարելու  առաջին իսկ օրից՝ դեկտեմբերի 5-ից, նրան այցելել են նաև ՄԻՊ ներկայացուցիչները: «Բոլոր այցերի ընթացքում ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, բժշկական փաստաթղթերը, ուշադրության են արժանացել Մհեր Եղիազարյանի բարձրացրած բոլոր խնդիրներն ու գանգատները: Մի մասին լուծում է տրվել տեղում, օրինակ խցի ջեռուցման հարցը: Բարձրացված մնացած բոլոր հարցերի վերաբերյալ  գրություններ են ուղարկվել , ինչպես քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, այնպես էլ քրեակատարողական  ծառայությանը»,- ասում է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ  Գոհար Սիմոնյանը:

Ինչու Մհեր Եղիազարյանի հացադուլը համապատասխան արձագանք չէր ստացել, այս մասին, կարծեք,  լուռ էին նաև լրատվամիջոցները: Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող  դիտորդների խմբի անդամ  Ռոբերտ Ռևազյանն ասում է. «44 օր տևած հացադուլի ընթացքում մեր խումբն էլ որևէ ահազանգ չի ստացել»:  

Եթե դիտարկենք ԱՆ ներկայացուցիչների տեսակետներն ու նաև նախարար Արտակ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառումը, ապա ոլորտի պատասխանատուների կողմից  արվել է ամեն ինչ:

«Եթե արվել է ամեն ինչ և ամեն ինչ այդքան լավ էր, ինչու մարդը մահացավ»,-ասում է «Սոցիալական արդարություն»  կազմակերպության նախագահ,  քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը:

Մհեր Եղիազարյանի մահվան գործով Էրեբունու քննչական բաժնում քննություն է ընթանում, նշանակվել է բժշկական փորձաքննություն: Փորձագետները լիահույս են, որ մի շարք հարցերի պատասխաններ կտա քննությունը: