ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ չի փոխվել կոռուպցիայի ընկալումը
2019-01-29 19:00:50

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը նույն դիրքերում է, որոնցում  եղել է նախորդ 6 տարիներին. 180 երկրների սանդղակում կիսում է 105-ից 113-րդ հորիզոնականները, համաթվի արժեքը 35 է, որը գրանցվել է նաև 2017-ին: Տվյալներն այսօր հրապարակել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:  

0:00
0:00

Թե ինչու կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում տեղաշարժ չի գրանցել, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը  բացատրում է հետազոտության ժամանակագրությամբ: Ընկալման համաթիվը թեև 2018-ինն է, բայց հաշվվել  է 2017-ին կատարված հետազոտությունների արդյունքում: Հայաստանում 6 ուսումնասիրություն է կատարվել, դրանցից միայն մեկն է 2018-ին անցակցվել:

«Այսինքն, 6 ուսումնասիրություններից 5-ը ներառում է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանը և միայն 1-ն է վերաբերում  նոր իշխանություններինՀաջորդ հետազոտությամբ կուսումնասիրվի 2018 թվականը և նոր իշխանությունը կունենա այն գնահատականը, որը վաստակել է»:

Հոկտանյանը հիշեցնում է, որ խոսքը ոչ թե կոռուպցիայի մակարդակի, այլ դրա ընկալման մասին է: Համաթիվը ցույց է տալիս, թե որքանով է հանրային ոլորտը կոռումպացված ընկալվում փորձագետների և գործարարների գնահատմամբ:

Այս տարի Դանիան և Նոր Զելանդիան են գլխավորում դասակարգման աղյուսակը, Սոմալին, Հարավային Սուդանը և Սիրիան եզրափակում են այն: 2018-ի ուսումնասիրությունը փորձել է բացահայտել  կոռուպցիայի և ժողովրդավարության վիճակի միջև կապը: Ըստ արդյունքների՝ լիովին ժողվրդավար երկրներում կոռուպցիայի ընկալման համաթիվը մոտ 2 անգամ բարձր է, քան  անբավարար ժողովրդավարության մակարդակ կամ ավտորիտարիզմի տարրեր պարունակող վարչակարգերում:

Միտումը հաստատվել է նաև օրինակներով: Հունգարիան և Թուրքիան վերջին հինգ տարիներին ժողովրդավարության նահանջ են արձանագրել,  արդյուքնում՝ նվազել են նաև ԿԸՀարժեքները:  Կան նաև բացառություններ, դրանցից մեկը Բեռլառուսն է:

«Փորձագետները հետաքրքիր պատկեր են արձանագրել. եթե Լուկաշենկոյի ընտանիքը հանվում է, մնացածը բավական մաքուր է՝ դատարանները, առողջապահական, կրթական հաստատությունները: Այստեղ վերևների կոռուպցիան է, էլիտար կոռուպցիան: Նույնը եղել է Վրաստանում Սահակաշվիլիի ժամանակ, Վրաստանում՝ ներքևներում մաքուր է, վերևներում  լուրջ խնդիրներ են»:

Ի դեպ, ԵԱՏՄ շրջանակներում  Հայաստանը զիջում է միայն  Բելառուսին, Ռուսաստանը, Ղրղզստանն և Ղազախստանը ավելի ցածր հորիզոնականներում են: Իսկ անմիջական հարևաններից, ինչպես նախորդ տարիներին, մեր երկիրը  զիջում է Վրաստանին ու Թուրքիային, որը թեև նահանջել է, բայց սանդղակում 70-ից 80 հորիզոնականներում է: Իրանը և Ադրբեջանը մեզնից նկատելիորեն հետ են, Ադրբեջանն ի դեպ  սանդղակում ամենամեծ նահանջն  արձանագրած երկիրն է:

Մի ուշագրևավ տվյալ էլ ԿԸՀ  սանդղակից: 2011թ.-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ն դուրս է մնացել  աշխարհի 20 ամենից քիչ կոռումպացված երկրների խմբից: Հեղինակները գրել են, որ նման  ցածր արժեք ԱՄՆ-ն ստանում է այն դեպքերում,  երբ վտանգված է  զսպումների և հակակշիռների համակարգը, իսկ  իշխանության վերին մակարդակներում նկատելի է  բարոյական նորմերի էրոզիան: