ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-01-30 10:00:32
  • «Ժամանակ». Գնդակը ավանդաբար գտնվում է ռուս-ղազախական կիսադաշտում. Ինչ է սպասվում Հայաստանի էներգետիկ շուկային
  • «Ժողովուրդ». A4 ֆորմատի թուղթ՝ տեխանձնագրի դիմաց
  • «Փաստ». «Դատարանով «ֆեյքերի» դեմ պաշտպանվելն արդյունավետ չէ». որտե՞ղ է խնդիրը

Գնդակը ավանդաբար գտնվում է ռուս-ղազախական կիսադաշտում. Ինչ է սպասվում Հայաստանի էներգետիկ շուկային

ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների մասին «Ժամանակ»-ը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանի հետ։

Օրերս Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵԱՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք:

Նա նշել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձևավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրերի իրականացման շուրջ: Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների մոտեցումները՝ որքանո՞վ է իրատեսական Հայաստանի նախագահության շրջանում, օրինակ, գազի միասնական սակագնի մշակումը՝ հետաքրքվել է թերթն իր զրուցակցից:

Դեռ 2016 թվականին ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, մշակել և հաստատել էին բնական գազի, էլէներգիայի, ինչպես նաև նավթի ու նավթամթերքի միասնական շուկաների ձևավորման մասին փաստաթղթերը։ Ավելի ուշ այդ «միասնական» սահմանումը փոխարինվեց «ընդհանուր անվանումով»։

«Ժամանակ»-ի զրուցակցի դիտարկմամբ՝ առհասարակ խոսվում է այն մասին, որ միության անդամ պետությունների միջև էներգետիկ երկխոսության տիրույթում շատ լուրջ խնդիրներ են առկա, և պետությունները չեն պատրաստվում զոհաբերել իրենց ազգային էներգետիկ շահը հանուն ինտեգրացիոն շահի։

«Այսօր արդեն ԵԱՏՄ-ում առկա են պետություններ, օրինակ, Բելառուսը, որոնք բավականին մեծ սկեպտիցիզմով են մոտենում ինտեգրացիոն շուկաների նախագծին։ Ղազախստանն էլ որոշակի վերապահումներ ունի, որոնք պաշտոնական Աստանան վերջին շրջանում դրսևորում է ընդհանուր շուկաների ձևավորման մասով, ռուսական որոշ բիզնես-սուբյեկտների մոտ ևս սնահավատություն է նկատվում, ինչը խոսում է այն մասին, որ իհարկե, քաղաքական առումով այդ շուկաները կկայանան, բայց տեխնիկապես և ֆինանսատնտեսական տեսանկյունից դրանք այնքան չեն հասունանա, որպեսզի դիտարկվեն որպես անդամ պետությունների էներգետիկ անվտանգության զարգացման գործոն»,- կարծում է Վահե Դավթյանը։

Եթե լինի Ռուսաստանի իշխանությունների կամքը, այդ դեպքում նոր իրատեսական կլինի՞ կոնսենսուս անդամ երկրների միջև հարցին ի պատասխան էլ նա հավելել է.

«Չեմ կարծում, որ միայն Ռուսաստանի՝ կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր է խնդիրները լուծել։ Գնդակը ավանդաբար գտնվում է ռուս-ղազախական կիսադաշտում, և հենց այնտեղից պետք է գան հիմնական ինտեգրացիոն իմպուլսները, որոնք, սակայն, առավելապես գալիս են հռետորաբանական տեսքով…»

A4 ֆորմատի թուղթ՝ տեխանձնագրի դիմաց

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ մեր երկրում ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլեւ մեքենայի հաշվառման վկայագրի` տեխանձնագրի: Տեւական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր` պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` A4 ֆորմատի թուղթ: Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան կամ Իրան, դժգոհում են. հաշվառման ժամանակավոր վկայագիրն այդ երկրներում «չի անցնում», այն ուղղակի թղթի կտոր է:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանին, որը հաստատել է տեղեկությունները` ասելով, թե այդ ամենը պայմանավորված է մեքենաների ներկրման աննախադեպ շատ քանակով: «Եւ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ մեքենաների ներկրման աննախադեպ ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել»,- ասել նա:

«Դատարանով «ֆեյքերի» դեմ պաշտպանվելն արդյունավետ չէ». որտե՞ղ է խնդիրը

Ինչպե՞ս պաշտպանվել սոցիալական ցանցերում առկա կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» միջոցով տարածվող վիրավորանքից կամ զրպարտությունից:

Ըստ «Փաստ» թերթի խնդիրը բացառապես քաղաքացիա–իրավական դաշտում է՝ քաղաքացին միայն կարող է դատարան դիմել: Բայց ո՞ւմ դեմ:

Խոսելով թեմայի շուրջ՝ փաստաբան Գևորգ Հակոբյանը թերթի հետ զրույցում ընդգծել է, որ երկու խնդիր կա՝ «ֆեյքին» բացահայտելու և վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանվելու: Վիրավորանքի և զրպարտության մասով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է վնասի փոխհատուցման, հերքման, ներողություն խնդրելու ինստիտուտը:

Զրպարտության դեպքում խնդիրը մի քիչ ավելի հեշտ է, քանի որ եթե նույնիսկ հնարավոր չէ գտնել, թե իրականում ով է այդ «ֆեյքը», դատարանով, նույն Քաղաքացիական օրենսգրքով միշտ հնարավոր է պահանջել, որ դատարանը հերքի այդ տեղեկությունները: Սա ևս պաշտպանության միջոց է:

Փաստաբանի խոսքով, սակայն վիրավորանքի մասով խնդիր կա:

«Մարդուն վիրավորում են, և այս պարագայում նա չգիտի, թե ով է վիրավորողը: Օրենսդրության տեսանկյունից որոշակի խնդիր կա, որովհետև եթե վիրավորում են, մարդը պետք է ունենա պաշտպանություն: Դատարանով «ֆեյքի» դեմ պաշտպանվելն արդյունավետ չէ, հատկապես, եթե մենք չգիտենք, թե «ֆեյքի» տակ ով է թաքնված: Տեխնիկական տեսանկյունից նույնպես հաճախ ոչ ոք չգիտի, թե «ֆեյքի» տակ ով է թաքնված, և շատ դժվար է լինելու բացահայտել իրական օգտատիրոջը»,–ասում է «Փաստի» զրուցակիցը՝ ընդգծելով ֆեյքերին բացահայտելու անհնարինության մասին:

Նման խնդիրների առջև կանգնելու դեպքում փաստաբանը խորհուրդ է տալիս օգտագործել ցանցի համապատասխան գործիքները, ինչպիսին «block»–ը կամ «report»–ն են: Նրա խոսքով, սովորաբար, այդ գործիքներն արդյունավետ աշխատում են, բայց չի բացառվում, իհարկե, որ կարող են ևս մեկ «ֆեյք» հաշիվ բացել:

Ամփոփելով՝ նա նշում է. «Մեծ հաշվով, եթե զրպարտության մասին է խոսքը, ճանապարհը, ըստ էության, միայն դատարանն է: Եթե վիրավորանք է, ապա դա խնդրահարույց է. պաշտպանությունն արդյունավետ չէ, կոպիտ ասած՝ պատասխանողին գտնել չի լինում»: