ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մետաղի ջարդոնի շուկայում պետական տուրքի չափը թույլ չի տալիս մրցունակ լինել
2019-01-30 14:59:04

Լիանա Եղիզարյան

«Ռադիոլուր»

Մետաղի ջարդոնի շուկայում նախկինում եղած մոնոպոլիան վերացվել է. ՊԵԿ նախագահի պնդումն է: Մոնոպոլ երևույթները դեռ կան, իսկ շուկան էլ ազատականացված չէ՝ ասվածին հակադրվում է Գործարարների միության նախագահը: Այս հարցում լուրջ տարակարծությունները պետական մարմինների ու տնտեսվարողների միջեւ շարունակվում են, ու հիմնական խնդիրը ջարդոնի արտահանման տուրքի չափերն են:

0:00
0:00

Մետաղի ջարդոնի շուկան ինչպես մոնոպոլացված ու անազատ եղել է, այդպես էլ մնում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում տարիների իր դժգոհությունն է փոխանցում տնտեսվարող Գուրգեն Բաբայանը: Մինչ Հայաստանում սև մետաղի ջարդոնի կիլոգրամն ընդունվում է 10-20 դրամով, անհասկանալիորեն բարձր է մնում դրա արտահանման պետական տուրքը` 80 հազար դրամ՝ տոննայի համար: Իսկ երբ դրան էլ գումարվում է արտահանման տրանսպորտային ծախսը, որևէ բիզնես այս բեռին չի դիմանում՝ ասում է Բաբայանը: Ու շուկայում շարունակում է գործել մի քանի տնտեսվարող, որոնք ձևավորված նախկին կանոններով շարունակում են առավելություն ունենալ:

«Չուգունի 1 կիլոգրամի գինը 10-12 դրամ է, երկաթինը` 17-18 դրամ, մեծ կտորը` 13 դրամ: Միջինը` մոտ 15 դրամ: Իսկ արտահանելիս մեկ կիլոգրամի մաքսային արժեքը 80 դրամ է: Թող գոնե պետությունը դա ընդունի, ինքն արտահանի, բայց գոնե նորմալ գին վճարվի: Այլապես մարդիկ դա բերում, հասցնում են բազա, որ հանձնեն, հազիվ են իրենց տեղափոխման ծախսը հոգում ստացված գումարով»:

Այնինչ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, «Ռադիոլուրին» ի պատասխան, հայտարարում է՝ նախկին մոնոպոլիան այսօր այլևս չկա, բայց նաև ազատ մրցակցություն դեռ չկա՝ խոստովանում է.

«Շուկան մոնոպոլացված է եղել, համաձայն եմ: Բայց այսօր մոնոպոլացված չէ: Սակայն նախկինում առկա մոնոպոլիզացիայի հետևանքով տնտեսական պայմանները, ցավոք, այնքան էլ հավասար չեն հիմա, որ լինի ազատ մրցակցություն»:

Ի հեճուկս Դավիթ Անանյանի, Հայաստանի գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարում է՝ շուկայում մոնոպոլիաները դեռ կան: Ու դրանց հիմքում առաջին հերթին նախկինում սահմանված մոտեցումներն են, որոնք փոխել այսօրվա պատկան մարմինները հակված չեն:

«Դեռ ոչ, մենաշնորհի դեմ պայքարը դեռ պետք է շարունակվի: Այդ 80 հազարը թույլ չի տալիս մրցունակ լինել, քանի որ նախկին ժամանակներում մոնոպոլիզացիան արվել է հենց այդ տուրքը բարձր դնելով: Քանի որ վիճակը հիմա էլ մոնոպոլացված է, ներքին շուկայում մետաղի ջարդոն օգտագործող ֆիրման կապ ունի նախկին ժամանակների հետ ու ջարդոնը ձեռք է բերում 5-10 հազար դրամով, այսինքն՝ 10-20 դոլարով:

Գագիկ Մակարյանը փոխանցում է՝ թեմայի շուրջ լուրջ տարակարծություններ կան իրենց, ՊԵԿ-ի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև: Հիմնական խնդիրը հենց տուրքի չափն է: Մինչ իրենք ու բազմաթիվ տնտեսվարողներ անհրաժեշտ են համարում ջարդոնի արտահանման տուրքն իջեցնել 80 հազարից գոնե մինչև 50 հազարի, պետական կառույցներում քննարկում են դեռ տուրքը բարձրացնելու հարցը: ՊԵԿ նախագահ.

«Սև մետաղի ջարդոնի արտահանման համար սահմանված է տոննայի համար 80 հազար դրամ տուրք, գունավորի համար՝ 100 հազար: Հիմա շրջանառվում են այդ տուրքերը բարձրացնելու որոշակի նախագծեր: Բայց վերամշակումից հետո սև մետաղի ձուլակտորը արտահանելիս արդեն տուրքեր չկան սահմանված: Տուրքը ջարդոնի համար է, ոչ թե վերամշակված մետաղի»:

Տուրքը բարձրացնելու մոտեցման հիմքում որոշ տնտեսվարողների կարծիքն է, թե հումքը երկրից դուրս գալու դեպքում իրենք առանց դրա կմնան: Իսկ Մակարյանն իր մոտեցումը հիմնավորում է այլ փաստերով՝ Հայաստանում տարեկան ընդունվում ու վերամշակվում է 14-17 հազար դոլարի ջարդոն, բայց շատ ավելին էլ փչանում է անձրևի տակ, կոռոզիայի ենթարկվում, աղբ դառնում: Երկրում մի քանի հարյուր հազար տոննա ջարդոն կա:

«Ազատականացնելով շուկան ու տուրքը իջեցնելով՝ մենք հնարավորություն կտայինք, որ մետաղի ջարդոն ունեցողները արտահանումից ստացված գումարն ուղղեն մոդեռնիազացիային: Ես օրինակ առաջարկել էի, որ այդ արտահանումը թույլատրվի որոշակի բիզնես պլանով»:

Մամուլը տարիներ շարունակ մետաղի ջարդոնի արտահանման բիզնեսն ու մենաշնորհները կապում էր Սերժ Սարգսյանի անվան հետ ու պնդում, որ առանց նրա անձնական թույլտվության երկրից ջարդոն արտահանողներն ուժային կառույցների առանձնակի ուշադրությանն են արժանանում: Գագիկ Մակարյանը այսօր անուններ չի տալիս, բայց խոսում է մենաշնորհներից ու անհրաժեշտ պետական մոտեցումից:

«Այն մետաղները, որոնք պետությանը պետք են տեղական արտադրության համար, քվոտավորվեն ու դասակարգվեն ըստ գների: Այն մետաղները, որոնք չեն օգտագործվում, դրանց արտահանումն ազատականացվի ու արտահանման տուրքն իջեցվի»:

Մինչդեռ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այլ համոզման է. պետությունը որևէ կերպ ազատ մրցակցություն ապահովելու գործառույթ չունի՝ ասում է:

«Խնդիրը պետք է լուծվի բիզնեսի ճիշտ կազմակերպմամբ և տնտեսական մրցակցության շրջանակներում: Նախկինում եղած մոնոպոլ խնդիրներից որոշ տնտեսվարողներ ստացել են որոշ առավելություններ, բայց մենք իրավունք չունենք այդ առավելությունները «համահարթեցնել»:

Խնդրահարույց թեման շարունակում է մնալ քննարկման թեմա: Տուրքն իջեցնելու առաջարկը մի անգամ արդեն մերժվել է: Հարցն արդեն վարչապետին է հասել, բայց լուծումներ դեռ չեն ուրվագծվում: Ստացվում է՝ այս պայմաններում շուկայի ներկան անորոշ է, ապագան՝ առավել ևս, քանի որ արտահանման սահմանափակումներով հանդերձ՝ վերամշակման ու արտադրության որևէ իրական ծրագիր ու ժամկետ էլ չկա՝ ամփոփում է Մակարյանը: