ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թանդոյանց եկեղեցու հարցով Վիրահայոց թեմը կդիմի Վերաքննիչ դատարան
2019-01-31 11:00:07

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վիրահայոց թեմը Թանդոյանց եկեղեցու հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան։  Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հայցը, որը կապված է Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին պետության կողմից վրաց պատրիարքարանի սեփականությանը փոխանցելու հետ։

0:00
0:00

Վիրահայոց թեմը, որ առաջին անգամ հայկական եկեղեցին վերադարձնելու հարցով դիմել է դատարան, հարցը վիճարկելու է մինչև վերջին վերին ատյաններում՝ հավատալով, որ այն նախադեպ կստեղծի նաև այլ կրոնական կազմակերպությունների համար:

Արխիվային նյութերն ապացուցում են, որ եկեղեցին հայկական է, վրաց պատրիարքարանին այն փոխանցելու մասին որոշումը՝ անօրինական, փաստում են թեմի շահերը դատարանում պաշտպանող Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI) և Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոնը (EMC):

Թբիլիսի քաղաքային դատարանը Թանդոյանցի հարցով գործը շուրջ մեկ տարի քննելուց հետո, սակայն որոշում է կայացրել, որ եկեղեցին վրաց պատրիարքարանին փոխանցելն օրինական է։ Վիրահայոց թեմի փաստարկները, որոնք ապացուցում են եկեղեցու հայկական ծագումը, քննարկման առարկա չի դարձել.

 «Դատարանն ուղղակի նայեց պետական կառույցի օրինականության հարցը»։

Ասում է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ նշելով, որ դա վտանգում է բազմաթիվ կանգուն ու խոնարհված մյուս տաճարների ճակատագիրը․

«Մենք մտավախություն ունենք, որ գործող բոլոր մեր 60 եկեղեցիներն ու մատուռները իրավաբանորեն, սեփականության իրավունքով վերադարձված չեն Վիրահայոց թեմին։ Նրանք օդի մեջ են։ Եվ ցանկացած պահի նման գործողություններ կարող են լինել մեր գործող և չգործող յուրաքանչյուր եկեղեցու և պատմական գույքի նկատմամաբ»։  

Արխիվային տարբեր աղբյուրների համաձայն, եկեղեցին 1866 թվականին կառուցել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Իսահակ Մարտիրոսի Թանդոյանցը: Խորհրդային շրջանում այլ պաշտամունքային նշանակության շինությունների նման այն ևս բռնագրավվել է:

Հատկանշական է, որ 20-րդ դարասկզբին Թբիլիսիի քարտեզներում (1913 և 1924 թթ.), անգամ նաև 2015-2016 թթ պողոտայի (Աղմաշենեբելի) «Նոր Տփիլիսիի» ծրագրի շրջանակներում, տաճարը ճանաչված է հայկական։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հերթին պարբերաբար հրապարակած զեկույցներում պնդում է, որ  Թանդոյանցը պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է.

«Որքան տեղյակ եմ, այս հարցում (եկեղեցին վրաց պատրիարքարանին փոխանցելու) որոշ խախտումներ կան։ Անշուշտ կան փաստեր, որոնք ապացուցում են, որ եկեղեցին հայկական է։ Ես կարծում եմ՝ վրաց Ուղղափառ եկեղեցու հետ պետք է քննարկում ու երկխոսություն տեղի ունենա, իսկ կառավարությունն էլ ակտիվ լինի այս հարցում»։  

Թանդոյանց եկեղեցին պետական գույքի ազգային գործակալության և Հանրային Ռեեստրի ազգային գործակալության որոշմամբ, սեփականության իրավունքով վրաց պատրիարքարանին է փոխանցվել 2017 թվականին։ 

Առաջին ատյանի դատարանը վճռել է, որ եկեղեցին վրաց պատրիարքարանին փոխանցելն օրինական է. այն պատկանում էր պետական գույքի ազգային գործակալությանը, որն իրավունք ուներ տաճարն օտարել ցանկացած կազմակերպության։