ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հանքարդյունահանող ընկերությունները ստիպված են լինելու ավելի թափանցիկ աշխատել
2019-01-30 17:58:23

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ալավերդիում ու Ախթալայում երեխաների արյան մեջ կապարի մեծ  քանակ կա։ Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետները այս վտանգավոր բացահայտումն արել են դեռ 2016 թվականին։

Ոլորտում ռիսկերը շարունակում են մտահոգիչ մնալ, իսկ Հայաստանի կառավարությունները արդեն մի քանի տարի հայտարարում են, որ փորձում են ոլորտն ավելի թափանցիկ ու հաշվետու դարձնել:

Նման նպատակ ունի նաեւ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային առաջին զեկույցը, որը հրապարակվեց այսօր։

0:00
0:00

Այսօր հերթական դատական նիստն էր Ալավերդիում: Գործարանի  աշխատակիցները «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ  դատարանը քննում է Թեղուտի նախկին տնօրեն, «Վալլեքս» ընկերության փոխտնօրեն  Սահակ Կարապետյանի հայցը: Նա ցանկանում է վերադառնալ նախկին աշխատանքին:

Թեղուտի ճակատագրին ՌԴ-ում  օրերս նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել՝ հույս հայտնելով, որ  ի վերջո գործարանը կաշխատի: Թեղուտի հետագա շահագործման շուրջ  մասնագետների ու փորձագետների  կարծիքները  բախվում են, Ալավերդու պղնձաձուլարանի ու Թեղուտի հանքավայրի աշխատակիցների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։

«Ռադիոլուրի» զրուցակիցը «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ տնօրեն Արամ  Բաղդասարյանն է: Նա կարծում է, որ  Թեղուտը պետք է սկսի շահագործվել, հասել են արդեն հանքաքարին.  

«Կարևորը, որ հանքաքարին  հասել են: Ինչը որ պիտի կտրեին, կտրել, վերջացրել են, հանքաքարն այժմ այսպես ասենք ոտքերի տակ դրված է, սա և պետությանն է օգուտ, և բոլորին, եթե շահագործվի: Այն, ինչ արվել, արվել է, շահագործումն այժմ անվտանգ է, անիմաստ կլինի, եթե չշահագործվի»:

Զրուցակիցս չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանում տարիներ շարունակ հանքերը անխնա շահագործվել ու թալանվել են: Խնդրին մասնագիտորեն է մոտենում.

«Ի ՞ նչ է նշանակում հանքերը թալանվել են, մեկ տոննա հանքանյութի մեջ կա 4 գրամ ոսկի: Ո ՞նց  կարող է թալանվեն:  Մեծ կապիտալ ներդրումներ են պետք՝ երկրաբանությունից մինչև մետաղ ստանալը տասնյակ տարիներ են պետք, այստեղ կապիտալ ներդրումներ են, որտեղ մեծ գումարներ են պտտվում, այնտեղ մեծ է հետաքրքրությունը»:


Կառավարությունում վստահեցնում են՝ այսուհետ հանքարդյունահանող ընկերությունները ստիպված են լինելու ավելի թափանցիկ աշխատել: Հայաստանը փորձում է  միանալ
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը: Հիսունից ավելի երկիր միավորողը այս նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Ռիչը նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ աճող ոլորտներից է ու կարեւոր է դառնում, որ ոլորտի քաղաքականության մասին տեղեկացվածությունը բարձր լինի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելում է.

«Ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը  միջազգային չափանիշերին համահունչ դարձնելը մեզ համար առաջնային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի սկզբունքների բազմակողմանի ներդրումն է»:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկությունը նախ ֆինանսական թափանցիկության հարց է՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Հայաստանի   ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի  տնօրեն  Ալեն Ամիրխանյանը: Ընդգծում է՝ բնապահպանական հատվածում անելիքները շատ են: 

«Հանքարդյունաբերող ընկերություններ կան, որ թափոններին ոչ  պատշաճ են վերաբերվում, հիմնական խնդիրը նաև ջրի  քանակի օգտագործման հետ է կապված:  Բացի այդ, գետերը աղտոտում են, օրինակ, Ագարակի  հանքը  պոչհանքը գետն է լցնում: Հիմնականում ջուրը գետային ավազան են լցնում առանց  մշակելու: Թթվային դրենաժների խնդիր նույնպես կա»:

Զրուցակիցս նաև հանքարդյունաբերական կենտրոններում բնակվողների առողջական խնդիրներն է մատնանշում:  Ասում է՝ իրենք 2016-ին  կարողացել են Ալավերդիում երեխաների առողջական վիճակն ուսումնասիրել. 

«Ալավերդիում երեխաների արյան մեջ կապարի  պարունակությունը   բավականին բարձր է:  Երևանից է բարձր: Ալավերդիում և Ախթալայում բարձր ցուցանիշեր ունենք, սա կարող է ազդել երեխաների առողջության վրա»:

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը վստահեցնում է ՝ ընդերքօգտագործողներն իրենց մանրադիտակի տակ են:

Նաև ընդգծում է՝ խախտումների դեպքում տվյալներն  իրենք  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին են փոխանցում: Քանի ընկերություն է պայմանագիր խախտել օրինակ 2018-ին՝ հարցնում եմ .

«Բազմաթիվ կազմակերպությունների զգուշացումներ են տրվել: Հիմնականում դրանք տուրքերի, ապառքների վճարման  հետ են կապված եղել: Այս պահին թվերը չեմ կարող ասել, բայց եթե չեմ սխալվում՝ 12 մետաղական կազմակերպության է զգուշացում տրվել,  60 ոչ մետաղական»:

Զգուշացումից հետո իրենց պարտավորությունները չկատարող կազմակերպություններն իրավունքից զրկվում են՝ ասում է փոխնախարարը։ Քանի կազմակերպություն է զրկվել հանք շահագործելու իրավունքից, դժվարանում է ասել: Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի  տնօրեն  Ալեն Ամիրխանյանը նշում է՝ պետք է բնապահպանական վճարներից՝ ռոյալթիներից գոյացած գումարները ոչ թե բյուջեի ընթացիկ ծախսեր փակել, այլ՝ մտածել ավելի արդյունավետ օգտագործելու մասին.

«Մենք նման ենք մի ընտանիքի, որ իր ոսկին վաճառում է՝ իր  հացն ուտելու համար: Դա սկզբնական փուլում կարող է իրականություն լինել, սակայն ժամանակն է մտածել, թե ինչպես ռեսուրսները վերականգնողական ձևով օգտագործենք»:

Զրուցակիցս կարծում է, որ բնապահպանական վճարներից ստացված գումարները պետք է տնտեսության այլ ոլորտներում ներդրվեն: