ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոստիկանների հանդեպ վստահությունն աճում է, գողությունները՝ նույնպես
2019-01-30 18:10:33

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մեր քաղաքացիներն այլևս չեն խուսափում դիմել ոստիկանություն: Վերջինի հանդեպ վստահությունը 2018-ին աճել է»,- վստահեցնում են ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները:
Նրանց ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում 2018-ին հանցագործությունների աճ է գրանցվել, բայց ոստիկանությունը հորդորում է չվախենալ ու խուճապի չմատնվել:

0:00
0:00

2018-ին հանրապետությունում գրանցված  հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 11 տոկոսով, ինչը հիմնականում պայմանվորված է կոռուպցիոն բնույթի և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով:

Ըստ  ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանի,  գրանցված հանցագործությունների բարձր ցուցանիշը վկայում է նաև ոստիկանության հանդեպ հանրության վստահության աճի մասին:

Եթե 2017 թվականին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է առերևույթ հանցագործության մասին 32 հազարից ավելի հաղորդում (32 հազար 321 հաղորդում), ապա 2018 թվականին դրանց թիվը աճել է 28 տոկոսով: Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության հանդեպ վստահության աճը, հարցին ոստիկանության գնդապետն արձագանքում է հակիրճ և լակոնիկ

«Իրավիճակ է փոխվել»:

2018- ին ավելի քան 36 տոկոսով  աճել է առանձնապես ծանր,  շուրջ 33 տոկոսով ծանր հանցագործություններ թիվը: 19 տոկոսով աճել են գողության դեպքերը: Աճ է գրանցվել նաև կողոպուտի, ավազակության, խարդախության,  տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը:

Ոստիկանության ներկայացուցչի տվյալներով՝ երթևեկության կանոնների ընդհանուր խախտումների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 576 դեպքով: Արդյունքում՝ աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը: Որպես դրական ցուցանիշ ոստիկանության գնդապետը մատնանշում է անչափահասների շրջանում  հանցավորության նվազումը:

Հանցավորության  ընդհանուր կառուցվածքում  շուրջ երեք տոկոսով նվազել են  նաև մարդու, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Ըստ առանձին հանցատեսակների, բացահայտման  աշխատանքների արդյունավետության պատկերն, ընդհանուր առմամբ դրական է:  

Բնակարանային գողության բացահայտման ցուցանիշն այս ցանկում ամենացածրն  է՝ շուրջ 20 տոկոս:  Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր վերահաստատեցին մամուլում վերջերս ակտիվորեն շրջանառվող այն լուրերը, որ համաներումից հետո էականորեն աճել են գողության դեպքերը:

2018-ին միայն Երևան քաղաքում արձանագրվել է գրպանահատության 417 դեպք։ Իրավապահներն ասում են, որ գրպանահատության դեպքերի բացահայտման ոլորտում կան լուրջ խնդիրներ. տուժող  քաղաքացիները հաճախ խուսափում են դիմել ոստիկանություն:  

«Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճն իհարկե մեզ մտահոգում է, բայց ավելի լավ է հանցագործությունն ուղղված լինի սեփականության դեմ, քան անձի»,-ասում է գնդապետ Արմեն Ղուկասյանը:

Ի դեպ, նրա այն դիտարկմանը, թե ոստիկանության հանդեպ վստահությունն ավելացել է իրավիճակով պայմանավորված, քրեական արդարադատության փորձագետ  Արշակ Գասպարյանն արձագանքում է. ոստիկանության աշխատանքը չպետք է պայմանավորված լինի երկրում տեղի ունեցող քաղաքական իրավիճակներով:

«Մի տեսակ վտանգավոր հայտարարություն է: Ոստիկանության հիմնական առաքելությունը քաղաքացու և նրա իրավունքի պաշտպանությունն է՝ անկախ քաղաքական  իրավիճակներից»,- եզրափակում է արդարադատության փորձագետը: