ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչի՞ց ելնելով ենք փոխում պետական խորհրդանիշները
2019-01-31 12:30:16

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Հայաստանի օրհներգը փոխելու հարցը կրկին հասարակական օրակարգ է նետվել։ Այս անգամ հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, որը ֆեյսբուք սոցիալական կայքում գրել էր՝ իր համար օրհներգի նախընտրելի տարբերակը Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմն է:

Օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին խորհրդարանի փոխնախագահին միացել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը։ Ըստ նրա՝ գործող հիմնը չունի այն ուղերձները, որոնք կուզենար, որ լինեին։

Մշակույթի նախկին եւս մեկ նախարար՝ Հասմիկ Պողոսյանը,ժամանակին եւս «Իմ հայրենիքը» Խորհրդային Հայաստանի հիմնով փոխելու նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Ինչպես նախորդ անգամ՝ այս անգամ եւս նախաձեռնությունը բուռն քննարկումների առիթ է դարձել, եւ ոչ միայն համացանցում։

«Ռադիոլուրը» որոշեց պարզել՝ ի՞նչ պարագաներում, իրադարձություններից հետո կամ առաջ, ինչի՞ց ելնելով են փոխում պետական խորհրդանիշները:

0:00
0:00

Պետության կյանքում արմատական փոփոխությունների հետ միասին ի հայտ են գալիս պետական փոփոխված խորհրդանիշներ՝ դրոշ, զինանշան ու օրհներգ: Այս երեքից մեկի փոփոխությունն անգամ արդյունք է նախորդած փոփոխության:

Հայաստանում պետության կարգավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել, օրհներգի փոփոխության անհրաժեշտության օրակարգը կեղծ է՝ մշակութաբան Աղասի Թադևոսյանի դիտարկումն է: ԱԺ-ում ամենամեծ խմբակցության՝ «Իմ քայլի» ղեկավարի՝ Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թե ներկայիս օրհներգը չունի այն ուղերձները, որ ինքը կուզեր ունենար, Թադևոսյանի մոտ հարցեր է առաջացնում:

«Խորապես կասկածում եմ, որ Մակունցը հիմնի բառերն անգիր գիտի: Իրեն խորհրդային շրջանի ուղերձնե՞րն են պետք»:

Արդեն պարզեցինք, որ խորհրդանիշների փոփոխությունը ենթադրում է պետության կյանքում արմատական փոփոխություն:

Օրինակ՝ 2014-ին քանի դեռ Շոտլանդիան որոշում էր Մեծ Բրիտանիայից դուրս գալու հարցը, քննարկվում էր Մեծ Բրիտանիայի դրոշի փոփոխության հարցը՝ հանել շոտլանդական խաչն ու կապույտ գույնը: Հանրաքվեի արդյունքներով շոտլանդացիների մեծամասնությունն ասաց՝ «Միասին ավելի լավ է» ու Մեծ Բրիտանիայի դրոշի վրա մնացին ե՛ւ շոտլանդական խաչը, ե՛ւ կապույտը:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում 9 տարվա մեջ 2 անգամ փոխվեց օրհներգը՝ վերջին անգամ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ եկավ իշխանության, Բորիս Ելցինի նախագահության տարիներին ընդունված Միխայիլ Գլինկայի «Սլավսյա Ռոսսիան» փոխարինվեց սովետական օրհներգով՝ Սերգեյ Միխալկովի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հեղինակությամբ:

2004-ին Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալով՝ օրհներգը մնաց նույնը, փոխվեց դրոշը:

Օրինակները շատ են, փոփոխությունների պատճառները՝ հիմնավոր:

Ֆեյսբուքն ակտիվորեն ներգրավվեց օրհներգի փոփոխության քննարկումների մեջ։

«Միքայել Նալբանդյանի տողերը հիմա ավելի ակտուալ են, քան երբևէ»:

«Lացկան եվ խեղճ օրհներգը ինձ դուր չի գալիս»:

«Նոր օրhներգ ,հին օրհներգ ու սովետական Հայաստանի օրհներգ, սենց ավելի ճիշտ կլիներ, թե չէ ստացվում է այլ պատկեր»:

«Սա թողնել ու գործ անել, ժամանակը ցույց կտա մնացածը»:

Մշակութաբան Աղասի Թադեւոսյանի կարծիքով՝ օրհներգի փոփոխության հարցում ժողովրդի կարծիքը կարևոր է, բայց որոշումը ժողովրդինը չպետք է լինի:

«Եթե ասել, որ ժողովուրդը պետք է առաջ քաշի, նշանակում է հրաժարվել այն մտքից, որ մենք ունենք պետություն»:

Աշխարհի շատ երկրներում պետական խորհրդանիշների փոփոխության հարցը ժամանակ առ ժամանակ նետվում է հասարակական քննարկման օրակարգ, հետո ինքն իրեն կամ որոշ ազդեցությունների տակ դուրս գալիս քննարկման օրակարգից:

Հայաստանն այս հարցում բացառություն չէ. 2003-ին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում կարծես թե հաստատվեց Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանի» օրհներգը, բայց փաստը մնաց այն, որ Հայաստանի օրհներգը չփոփոխվեց:

Օրհներգի, զինանշանի ու դրոշի փոփոխության հարցը ժամանակ առ ժամանակ գալիս ու գնում է հասարակական քննարկման օրակարգ, բայց քանի դեռ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ, երկրում էլ լուծելու այլ՝ ավելի օրակարգային ու կարևոր հարցեր կան, պետական խորհրդանիշի փոփոխության հարցը կգա ու կգնա: