ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ է «Blognews.am»-ի ղեկավարը կանչվել ԱԱԾ
2019-01-31 17:00:17

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

blognews.am լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին այսօր  կանչել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։

Ֆեյսբուքյան էջում նա ենթադրել էր, որ այս հարցաքննության առիթը իր ղեկավարած կայքում կրոնական թշնամանքը տարածելու մեղադրանքով է:

0:00
0:00

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից մեր հաստատեցինք, որ «Blognews.am» պատասխանատուն հրավիրվել է հարցաքննության, նրան հրավիրել են որպես վկա հարուցված քրեական գործով եւ այդ գործը լրատվամիջոցի դեմ ուղղված չէ։

«Blognews.am» կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրենց կայքում նյութ է հրապարակվել «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի մասին:

«Մեր մոտ հրապարակվել էր մի հոդված, որ  մենք մեր ընթերցողներից մեկից հաղորդում ենք ստացել, որ «Դուխով Հայաստան» էջը  պատկանում է «Կյանքի խոսքին», իսկ այդ էջը շատ վատ բաներ էր գրում»:

Հոդվածին արձագանքել է «Կյանքի խոսք» կրոնական կառույցի մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը: Վերջինս հայտարարել է, որ լրատվական կայքով կզբաղվի ԱԱԾ-ն: Իրադարձություններին, ըստ լրատվական կայքի տնօրենի, ակտիվ հետևել է Forrights.am կայքը:


Կայքում հրապարակված երկրորդ հոդվածում նշվել է, որ  երկրորդ անգամ է փորձ արվում  այս թեմայով գործ հարուցել:  

«Երկրորդ անգամ   վարչապետի օգնականներից ինչ- որ մեկը  ինչ որ նյութեր է տրամադրել ոստիկանություն, որը գործ է նախապատրաստել և գործերն ուղարկել է ԱԱԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ կրոնական ատելություն տարածելու հանցակազմով»:

Զրուցակցիս այս գործով հրավիրել են վկա, սակայն իր համար անհասկանալի է, թե ինչու՞: «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանից փորձեցինք պարզել, թե ո՞րն է եղել պատճառը և արդյոք իրենք են բողոքել իրավապահ մարմիններին: Վերջինս «Ռադիոլուրի» մեկնաբանեց, որ  սկզբում  իրավապահ մարմիններին բողոքել են «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ էջի դեմ:

Ֆեյսբուքյան այս էջում տեղադրվել է եկեղեցու գրասենյակի նախկին հեռախոսահամարը՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ այդ էջը պատկանում է «Կյանքի խոսք»-ին եւ դրա միջոցով էլ ամիսներ շարունակ  տեղեկատվություն է տարածվել  բարձրաստիճան  պաշտոնյաների և «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մասին՝ նշեց զրուցակիցս:  

«Հրապարակումներից մեկը կյանքի խոսք եկեղեցու ավագ հովվի նկարով և նրա անունից հակաառաքելական հայտարարություններն են եղել: Դա մեզ համար հիմք է հանդիսացել դիմելու իրավապահ մարմիններին»:

Նրա խոսքով՝ «Բլոգնյուզ» լրատվական կայքը՝ հիմնվելով «Դուխով Հայասատան» ֆեյսբուքյան կեղծ էջի գրառումների վրա, ֆեյսբուքյան կեղծ էջը ներկայացրել է այնպես, որ  դա կարծես իսկապես «Կյանքի խոսք»-ի էջն է և այդ էջի միջոցով իրականացնում է հակապետական,  հակաառաքելական, հակազգային քարոզչություն:

« Բլոգնյուզի այդ հրապարակումն ընթերցվել էր  30 հազարից ավելի անգամ: Իրենց կայքում և ֆեյսբուքյան էջում հարյուրավոր սպառնալից մեկնաբանություններ էին եղել»:

Կրոնական ատելության քարոզչությունը կասեցնելու համար «Կյանքի խոսք» եկեղեցին դիմել է  իրավապահ մարմիններն՝ պարզելու համար, թե ովքեր են կանգնած «Դուխով Հայաստան» ֆեյբուքյան կեղծ էջի հետևում եւ իրավական գնահատական տալու «Բլոգնյուզի» հրապարակմանը: