ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Երկնիշ աճն ապահովեմ, սեղանին դնեմ». Թաթուլ Մանասերյանը դժգոհ է
2019-01-31 19:21:45

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գնաճի ի՞նչ նոր ռիսկեր է ենթադրում Կենտրոնական բանկի վերջին որոշումը, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է։

Ինչո՞ւ է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը խրախուսելի համարում որոշակի գնաճը, եւ ի՞նչ է խոստանում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ առաջարկելով տնտեսության կառավարումն իրեն տալ:

0:00
0:00

Կենտրոնական բանկի որոշումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով, գնաճային նոր ճնշումներ կառաջացնի՞, թե՞ ոչ: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կասկածի տակ չի դնում Կենտրոնական բանկի որոշման անհրաժեշտությունը, հետո նաեւ հայտարարում է՝ գնաճն այժմ կառավարելի է, իսկ որոշակի ավելացման դեպքում առանձնակի ռիսկեր չեն ենթադրվում:  

« Գնաճը կառավարելի միջակայքում է, եւ եթե նույնիսկ մի քիչ էլ բարձրանա, դա նույնիսկ խրախուսելի է, քանի որ չափավոր գնաճը խթանում է տնտեսական ակտիվությունը»:

Կենտրոնական բանկի այս որոշումը տնտեսական որոշակի ակտիվության կբերի՝ «Ռադիոլուրին» ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Դրա ներքո սպասվում են նաեւ ավանդների ու վարկերի տոկոսադրույքների որոշակի փոփոխություններ, թե որքանո՞վ՝ դեռ վաղ է ասել:

Այսպիսով՝ փոխառու միջոցներն էժանանում են, ու սա գործարար հանրությանը մեսիջ է՝ առավել համարձակ լինել ներդրումներ անելիս: Թաթուլ Մանասերյան.

«Սա նոր հնարավորություն է՝ ավելի ցածր տոկոսադրույքով վերցնել դրամական փոխառու միջոցներ ու դրանք ներդնել տնտեսության մեջ, ինչի կարիքը մեր տնտեսությունն ունի»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին հիշեցնում է՝ մեկուկես տարի առաջ մենք ունեինք 10 տոկոսից բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք, որն այսօր իջեցվել, հասցվել է 5.75%-ի: Զրուցակիցս սա Կենտրոնական բանկի արդյունավետ աշխատանքի արդյունքն է համարում՝ վստահ լինելով, որ սա ամենատարբեր ռիսկերի ճիշտ կառավարման մասին է խոսում:

«Այս կառույցն իսկապես կարողանում է պահպանել կայունությունը ֆինանսական շուկայում, դրա համար պետք է ողջունել ԿԲ-ի այս քայլը»:

Իսկ մյուս կողմից որքանո՞վ կարող է փողի էժանացումը գնաճի հանգեցնել. հարցին Մանասերյանն ավելի հեռվից է մոտենում՝ թե որքանո՞վ է խելամիտ ու արդյունավետ առհասարակ Հայաստանում վարվող դրամավարկային քաղաքականությունը: Թյուր է կարծիքն, ասում է, թե գնաճի պատասխանատուն միայն Կենտրոնական բանկն է:

«Եթե գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը համագործակցաբար չպայքարեն գնաճի ցատկերի դեմ, եթե թիմային աշխատանք չլինի, միայն գյուղմթերքի կամ այլ շուկաների վերավաճառող «խմբիշխանները» կարող են գների այնպիսի ցատկ ապահովել, որի դեմ ԿԲ-ն ու բոլորս անզոր ենք լինելու»:

Ի տարբերություն Կենտրոնական բանկի, որի դրամավարկային եւ կադրային քաղաքականությանը Մանասերյանը վստահում է, պետական այլ կառույցների աշխատանքի արդյունավետության մասին նույնը ասել չի կարելի:  

« Ցանկացած այլ նախարարության համեմատ, որտեղ կարելի է տեսնել հետագիծ չունեցող անգամ ղեկավարի, էլ չեմ խոսում միջին օղակի մասին, Կենտրոնական բանկում բացառվում է  տեսնել անկապ որեւէ մեկին, որն ուղղակի փողոցից է եկել, կամ որի մասին, ասենք, ամբոխն է հրապարակում ասել՝ Ղազարին կամ Կիրակոսին նշանակեք»:

Վերադառնալով գնաճային նոր ռիսկերին՝ Կենտրոնական բանկն այս հարցում խիստ լավատես է: Կանխատեսում  է, որ առաջիկա ամիսներին ցածր գնաճը կպահպանվի, և տարեվերջին թույլատրելիից էլ ցածր կլինի՝ 4 տոկոսի սահմաններում։

Դրական սպասումների հիմքում անցյալ տարվա գնաճի ցուցանիշն է՝ 1.8%, նաեւ այն, որ միջազգային շուկաներում եւս պահպանվում են գնաճի թուլացման միտումները: Այսինքն՝ դրսից գնաճային ճնշումներ չեն սպասվում:

Գլխավոր դրամատան մյուս կանխատեսմանը՝ այս տարվա համար շուրջ 5 տոկոս տնտեսական աճ, Թաթուլ Մանասերյանն արձագանքում է վրդովված:

« Հայաստանի համար 5 տոկոս աճը համարում եմ ամոթալի, քանի որ ՀՀ-ն ունի ռեսուրսներ, որոնք անպայման պետք է նյութականացվեն: Դրա համար գիտակները պետք է տնտեսությունն առաջ տանեն: Եթե մեզ տրվի տնտեսության կառավարումը, ես, առանց ավելորդ համեստության, ասում եմ՝ երկնիշ թիվը ես ապահովում, դնում եմ սեղանի վրա»:

Տնտեսությունը զգայուն մեխանիզմ է, ու արհամարհել դրանում առկա միտումները կամ դրանք կառավարել ոչ մասնագիտորեն՝ հատկապես հիմա անթույլատրելի է՝ ասում են տնտեսագետ զրուցակիցներս: