Այա Սոֆիան վերստին մզկիթ դարձնելուն ուղղված գործունեությամբ հայտնի Գաղափարական միասնության և պայքարի հարթակ կազմակերպությունը Թուրքիայի մահմեդականներին կոչ է արել այսօր հավաքվել Այա Սոֆիայում` ուրբաթօրյա նամազի: Հարթակն այդ միջոցառումը կազմակերպում է` «Նամազի համար նախատեսված գորգդ վերցրու և արի» կարգախոսով՝ հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրի վրա:
Աղբյուրի համաձայն` նախատեսվում է, որ նամազին մասնակից թուրք մուսուլմանները կաղոթեն նաև Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածելու համար: Ազգայնամոլ կազմակերպությունը նախատեսում է նաև նամազից հետո հանդես գալ մամլո հաղորդագրությամբ: Հրապարակված լուրերում, սակայն, չի նշվում, թե այս միջոցառման կազմակերպիչներն ինչպե՞ս են պատրաստվում մուտք գործել թանգարան: Ինչպես հայտնի է, Այա Սոֆիան գործում է որպես թանգարան, մուտքն այնտեղ ազատ չէ, և հարկ կլինի տոմս գնել:
Այա Սոֆիա (Սուրբ իմաստնություն) հոյակերտ եկեղեցին, որը ժամանակին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի նստավայրն էր, կառուցվել է 532-537 թթ. Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կողմից: Օսմանցիները 1453 թ. Կոստանդնուպոլիսը գրավելուց անմիջապես հետո այն վերածել են մզկիթի: Այա Սոֆիայում վերանորոգումներ են կատարել նաև հայ ճարտարապետ Տրդատը և հայկական ծագում ունեցող Սինան ճարտարապետը: Թուրքիայի Հանրապետության շրջանում, 1930-ական թվականներին Այա Սոֆիան վերածվել է թանգարանի և մինչ այժմ գործում է այդ կարգավիճակում: Ժամանակ առ ժամանակ թուրք ազգայնամոլները հանդես են գալիս այն վերստին մզկիթ դարձնելու պահանջով: