ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նրանց միավորել է Երևանը. նոր ստարտափը կդառնա «քայլող ու խոսող» ընկեր
2019-02-01 13:01:18

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Երևանի մասին տեղեկությունները ռադիոյից, հեռուստատեսությունից ու համացանցից շուտով կտեղափոխվեն նաև հեռախոս: Ճարտարապետ Արշակ Հակոբյանի խմբի ստեղծած ստարտափը մի նոր Երևան կլինի տեղացիների համար, իսկ զբոսաշրջիկներին կօգնի Երևանում «երևանցի» զգալ:

0:00
0:00

Այս նկարագրությունը Մարկ Գրիգորյանի «Անծանոթ Երևան» հաղորդաշարից է: Առաջարկում եմ նախ լսել, հետո՝ շարունակել.

««Անծանոթ Երևանի» այս հաղորդման «հերոսը» մի մարդու առանձնատուն է, բայց նա այստեղ երբեք չի ապրել»:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի մասին պատմող հաղորդումն այսպես է սկսվում, այն հասանելի է ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Սակայն շատ շուտով հաղորդաշարը կստանա հեռախոսի հավելվածի տեսք ու կդառնա յուրաքանչյուր երևանցու, օտարերկրացու ու քաղաքացու ուղեցույց-քարտեզը, նաև մի քանի լեզուներով խոսող «օգնականը» Երևանում շրջելիս:

Հավելվածի գաղափարի հեղինակներին Երևանը «միավորել է» դեռ ամռանը: Ճարտարապետ Արշակ Հակոբյանի մտքում է ծնվել գաղափարը, աշխատել սկսել է ազգագրագետ, ծրագարվորող ու թարգմանիչ ընկերների հետ:

Աշխարհի տարբեր քաղաքներում լինելու փորձն իրեն հուշել է՝ շենքի մասին ճարտարապետական, գրքային տեղեկությունը քիչ է: Աշխատում են Երևանը ներկայացնել կենդանի, ապրող քաղաքի մեջ, պատմել շենքերի մասին՝ որպես շնչող, ապրող էակների.

«Հավելվածում կարելի է գտնել երթուղիներ և հանգույցներ. Հանգույցները կհուշեն՝ օրինակ՝ որտեղ ինչ թաքնված ու հետաքրքիր բան կան, երթուղիները կբացեն անհայտ շերտերը»:

Հաղորդման հեղինակն ու հավելվածի հեղինակներն իրար միանգամից չեն գտել, նախ հաղորդումներն են գրավել ճարտարապետի խմբի ուշադրությունը, հետո՝ հանդիպել են: Մարկ Գրիգորյանն ասում է՝ իրենց միավորողը Երևանն է, նպատակն էլ մեկը՝ ավելի ճանաչելի դարձնել քաղաքը թե՛ տեղացիների, թե՛ հյուրերի համար.

«Կուզեի, որ ստարտափի հեղինակները չկրկնեն հաղորդումը, այլ իրենց սեփական մոտեցումներն առաջարկեին, դա միայն կհարստացներ մեր գիտելիքները»:

Հաղորդումն իրենց կօգնի աշխատել, չեն ժխտում, կփորձեն չկրկնել։

Նախատեսվում է, որ ամռանը հավելվածն արդեն պատրաստ կլինի iOS և Android ծրագրերում, այն կօգնի տեղացիներին ավելի լավ ճանաչել Երևանը, իսկ զբոսաշրջիկների համար կդառնա «քայլող ու խոսող» ընկեր մեր մայրաքաղաքում: