ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում
2019-02-01 14:21:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր առավոտյան այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը: Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, գերմանական քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում այցը հիմնադրամ ու ելույթով հանդես գալու հնարավորությունը դիտարկել է որպես խորհրդանշական և կարևոր իրադարձություն. «Խորհրդանշական, քանի որ ինչպես և յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ելնում էր Հիմնադրամի գաղափարներից և սկզբունքներից»:

«Այսօր մեր կառավարությունն աննախադեպ լեգիտիմության և հանրային վստահության քվե ունի: Վերջին հարցումներից մեկի համաձայն` մեր հասարակության ավելի քան 70 տոկոսը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ:

Մի կողմից, այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, և այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից, հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումներն ամրապնդելու և մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար»,- ասել է վարչապետը:

Վերափոխման գործընթացի որպես հաջորդ քայլ նա նշել է քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը.

«Այլ կերպ ասած, մենք պետք է տնտեսական հեղափոխություն կատարենք: Ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը մեր հասարակության մեջ սերտ ինտերակտիվ հարաբերություն ունեն: Տնտեսական հեղափոխությունը և աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են: Այս գաղափարը հանդիսանում է մեր նոր կառավարության ծրագրի հիմնական նախադրյալը: Ինչպե՞ս ենք մենք հասնելու այդ նպատակին: Պատասխանը թեև պարզ է, բայց ոչ դյուրին: Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար և մտավոր ներուժի ազատ և անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Մենք ընդունել ենք և արդեն սկսել ենք իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ:

Մասնավորապես, ներկայումս մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովել և անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ»:

Կառուցակարգերի փոփոխման դժվար գործընթացում, վարչապետի խոսքով, վճռականություն կա, սակայն ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, Հայաստանը ևս կարիք ունի լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար:

«Նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական և տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների:

Դեպի ծով ելք չունենալն անբարենպաստ աշխարհագրական հանգամանք է: Շուրջ երեսուն տարի տևած տրանսպորտային շրջափակումը, որը կանխամտածված քաղաքական քայլ էր, մեր երկրի տնտեսական զարգացման համար լուրջ և երբեմն անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց:

Էներգետիկ անվտանգությունը մեկ այլ խնդիր է մեզ համար: Եվ վերջապես, անցյալի ժառանգությունը հանգեցրել է ոչ բարեկամական անվտանգության միջավայրի, որը կարող է վերաճել գոյապահպանական սպառնալիքի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի բարեփոխումների օրակարգի համար:

Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևորությունը, ապա դրա իրականացումը, նրա խոսքով, կարող է մեծապես նպաստել հայաստանյան ինստիտուտների զարգացմանը. «CEPA- ն, ըստ էության, հանդիսանում է մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագիրը և կարող է դառնալ մեր բարեփոխման օրակարգի հիմնաքարերից մեկը»:

Միևնույն ժամանակ, կա ցանկություն խորացնել տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ. «Գերմանիան ինքնին մեր հիմնական դոնորներից է և հիմնական առևտրային գործընկերներից: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը և այլն:

Մենք հավատարիմ ենք մեր կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության նոր հեռանկարների ուսումնասիրությանը: Նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առևտրի և ներդրումների համար»:

Ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, նա նշել է մի քանի այլ առավելությունների մասին ևս: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք առ 180 միլիոնանոց շուկա և աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի անխափան և անխոչընդոտ գործողություն: Միևնույն ժամանակ, կա GSP+ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ, որը շատ շուտով կլրացվի CEPA-յով:

Խոսելով տնտեսական համագործակցության հեռանկարների մասին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն արագորեն աճում է, և այդ աճի տեմպն աննախադեպ է: Վերջին յոթ տարիների ընթացքում այդ ոլորտն հինգ անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով:

Իր խոսքի վերջում վարչապետը վերահաստատել է՝ ԵՄ-ի և նրա անդամ-պետությունների հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական Հայաստանի համար:

Այնուհետև տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում հանրապետության վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքները, տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը և այլն: