ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խենթ նախաձեռնություն. Երեւանում կբեմադրվի «Տիգրան Մեծ» օպերան
2019-02-01 16:10:38

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ կբեմադրվի Յոհան Ադոլֆ Հասեի  բարրոկո դասական ոճով գրված «Տիգրան Մեծ» օպերան:  Այն բեմադրելու համար Երևան է հրավիրվել ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանը:

Նախաձեռնության հեղինակները  «Մեցցոյի» հայկական գործակալության հետ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ստեղծագործությունը  նկարահանվի և ներկայացվի նաև որպես ֆիլմ-օպերա:

0:00
0:00

«Սա խենթ նախաձեռնություն է, մենք բյուջե չունենք, պետական բյուջեի վրա էլ  հույս չենք դրել, բայց  անելու ենք այս բեմադրությունը, ես ձեզ խոստանում եմ»: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոստացած բեմադրությունը Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան է:

«Տիգրան Մեծ ասելով, ցավոք, մենք պատկերացնում ենք միայն ծովից ծով Հայաստան,  բայց պատմությունը փաստում է, որ նրա իշխանության շրջանում Հայաստանն ունեցել  է շատ բարձր մշակույթ, ազգային հրաշալի արժեհամակարգ, եղել են մարդկային ջերմ հարաբերություններ: Մեծն Տիգրանի մասին գրել են քառասունից ավելի օպերաներ, այդ թվում այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վիվալդին, Գունոն և, իհարկե, Յոհան Ադոլֆ Հասեն: Ցավոք, մենք չունենք այդ քառասուն օպերաներից  որևէ մեկի բեմադրությունը»:


1727 թվականին ստեղծված Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան Գերմանիայում ձեռք է բերել Ասատուր Բալջյանը:  Հոգևոր կրթություն ստացած արվեստագետը օպերան ձեռքին Հայաստանում բախել է հնարավոր բոլոր դռները և, Մանասյանի բնորոշմամբ՝ ձայն բարբառո անապատի:

Այն բեմադրելու խենթ գաղափարին տրվել է միայն Հայֆիլհարմոնիայի տնօրենը:  Օպերան Գերմանիայից, այն հայտնաբերողը ծնունդով Իսրայելից, լիբրետոն՝ Հնդկաստանից, բեմադրիչը՝ Ռուսաստանից: «Տիգրան Մեծը» բեմադրելու համար Երևան է հրավիրվել բարրոկո  ոճի դասական ստեղծագործությունների լավագույն բեմադրիչներից  մեկը՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ,  Նատալիա Սացի անվան պետական ակադեմիական՝ աշխարհում միակ մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը:  Շուրջ քսան տարի նա ղեկավարել է  նաև Պերմի Չայկովսկու անվան օպերային թատրոնը:

« Ես ծնվել ու  մեծացել եմ Երևանում,  բայց արդեն 35 տարի  ապրում և աշխատում եմ Ռուսաստանում: Պետք է ասեմ, որ բարոկկո ոճի  օպերաներն այսօր եվրոպական, ամերիկյան  ու ռուսական օպերային թատրոնների պարտադիր խաղացանկում են: Հայաստանի մշակույթային կյանքում  սա հրաշալի իրադարձություն է: «Տիգար Մեծը» ոչ միայն բացահայտում է լինելու  այստեղ, այլև վերահաստատելու է , որ Հայաստանը մշտապես ունեցել է իր տեղը  եվրոպական մշակույթի հետաքրքությունների տիրույթում: Հայ արքային նվիրված բարրոկո ոճի այս ստեղծագործության բեմադրումը  ինչ որ առումով կվերադարձնի Հայաստանը դեպի  համաշխարհային մշակութային կոնտեքստ»: 


Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ասում է, որ երգիչների հետ որոշակի խնդիրներ կան, որովհետև «Տիգրան Մեծը» գրվել է այն ժամանակներում, երբ կանանց արգելված էր բեմահարթակ դուրս գալ,  և ստեղծագործությունները գրվում էին կաստրատ, այսինքն  արական առանձնահատուկ՝ կանացի  ձայն ունեցող երգիչների համար:

Բեմադրությանը  մասնակցելու հրավեր է ստացել երգչուհի Աննա Մայիլյանը, ով բարրոկո ոճում Հայաստանում,  թերևս, ամենափորձառու արվեստագետներից է:

«Ես մեծ ուրախությամբ կուսումնասիրեմ նյութը և, եթե այն համապատասխանի իմ ուժերին, սիրով կընկղմվեմ աշխատանքի մեջ, որովհետև բարրոկոն իմ առարկան է, իմ սիրելի  ժանրը»:

Երգչուհին ցավում է, որ Հայաստանում քիչ են անդրադառնում բարրոկո  ժանրին, բայց նկատել է՝  երբ անդրադառնում են, հանդիսատեսն արձագանքում է մեծ սիրով: Որոշումը դեռ վերջնական չէ, բայց նախաձեռնության հեղինակների ցանկությունն է, որ «Տիգրան Մեծը» ներկայացվի «Գառնու» հեթանոսական տաճարի տարածքում տեղադրվելիք բեմում:

Հարցին՝ երբ, Գագիկ Մանասյանն արձագանքում է պոետիկ. «Երբ դեղնած դաշտերին կիջնի աշուն»: