ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ են պահանջում կենդանասերները
2019-02-01 17:00:08

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտից կենդանասերներն ու կենդանիների իրավունքների պաշտպանները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Մարությանին չտեսան, բայց քաղաքապետարանում մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանին անձամբ ներկայացրեցին իրենց մտահոգությունները:

0:00
0:00

Երևանի քաղաքապետարանի առջև առավոտյան 11-ից սկսվեց Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների բողոքի ակցիան. պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները:

Բողոքի ակցիան մի քանի րոպե տևեց դրսում, մինչև բողոքողներին չմոտեցավ Երևանի քաղաքապետարանի  մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` առաջարկելով հանդիպում կազմակերպել քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի հետ:

Մամուլի քարտուղարի առաջարկը բողոքի ակցիայի մասնակիցներն ընդունեցին, բայց պարզվեց, որ բոլոր լրագրողներն իրենց հետ աշխատող օպերատորների հետ ավելի շատ են, քան ակցիայի մասնակիցները:

Քաղաքապետարան մտան բողոքի ակցիայի մասնակիցներից 6-7-ը, դրսում սպասում էին 5-6-ը, նրանց հետ 2 տասնյակից ավել լրագրող ու օպերատոր:

Թե՛ քաղաքապետարանի առջև, թե՛ քաղաքապետարանի ներսում բողոքի պահանջը հստակ է: Առջևում նստածներից մեկը երեք հիմնական կետերով քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանին ներկայացնում է՝ ինչո՞ւ էլ չեն ուզում Ռուբեն Խաչատրյանին տեսնել կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնում:


«Աշխատանքից մարդկանց հեռացնում են, սա անպատժելիություն է: Մենք վտանգում ենք աշխատակցի կյանքը, ունենք կենդանիների անորակ խնամք: Արդեն անցել է մեկ ամիս, իսկ մարդը շարունակում է անօրինություններ անել Կենդանաբանական այգում»:

Մշակույթի վարչության պետը նույն հերթականությամբ, երեք կետով պատասխանում է ակցիայի մասնակիցներին, շեշտում՝ Երևանի քաղաքապետարանը ոչ ոքի չի հովանավորում՝ ոչ մի տնօրենի կամ ՊՈԱԿ-ի, խնդիրը ստանալու է արդարացի լուծում:

«Հնարավոր չէ հստակ պատասխանել, ուսումնասիրել ու լուծում տալ: Եթե թվում է կամ այնպիսի տպավորություն է, որ Երևանի քաղաքապետը չի զբաղվում այդ հարցերով ասեմ՝ չկա նման բան»:

Տարիներ շարունակ փիղ ու գետաձի խնամող Գևորգ Գրիգորյանին  ծանուցել են՝ այսուհետ զբաղվելու է օձերով, աշխատելու է գիշերային հերթափոխով: Վրդովված է, ներկայացնում է ստացած այլ ծանուցումներ ևս:

«Մեզ տանջելով ուզում է մեզ գործից հանել՝ այսօր էլ ստացվեց, զանգեց մարդկային ռեսուրսների կառավարիչը, կանչեց՝ աշխատանքից ազատման դիմումը ստորագրելու»:

Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը մեկնաբանում է ուղարկված ծանուցումը, ասում՝ բոլոր փոփոխություններն արվել ու արվում են թե՛ աշխատակիցների, թե կենդանիների և թե՛ կենդանաբանական այգու պայմանները լավացնելու համար:

«Նպատակը մեկն է՝ ավագ խնամողները պետք է տիրապետեն կենդանաբանական այգու ամբողջ աշխատանքին»:

Քաղաքապետարանում բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, Գոշ Սարգսյանը վստահեցրեց՝ հնարավոր ամենամոտ ժամկետներում, ըստ առաջնահերթության, կլուծվեն կենդանաբանական այգու հետ կապված բոլոր հարցերը:

Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնեցին խոստացված ամենամոտ ժամկետներում դեռ սպասել, բայց զգուշացրին՝ իրենց խնդիրները եթե այս անգամ էլ չլուծվեն, անցնելու են կոշտ քայլերի: