ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյան-Մերկել երրորդ հանդիպում. ինչ են քննարկել երկրի ղեկավարները
2019-02-01 17:20:13

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Երեկ ուշ երեկոյան վարչապետը Քյոլնից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Բեռլինում այսօր Երևանի ժամանակով ժամը 15։00-ին մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Բանակցությունների ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կա հնարավորություն նոր ազդակ ու նոր թափ հաղորդելու երկկողմ հարաբերություններին եւ հույս կա, որ հենց այդպես էլ կլինեն:

0:00
0:00

Կա հնարավորություն նոր ազդակ ու նոր թափ հաղորդելու երկկողմ հարաբերություններին եւ հույս կա, որ հենց այդպես էլ կլինեն՝ սա առանցքային արձանագրումներից մեկն է:

Հայաստանի գործընկերոջ հետ երրոդ հանդիպման առթիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուրախ է: Հիշում է Հայաստանից ստացած դրական տպավորությունները, երբ թավշյա հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ 2018-ի օգոստոսի վերջին ժամանել էր Երեւան:

Գործընկերները քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ: Երկուստեք գոհունակությունն առկա է: Գերմանիան եւ ԵՄ-ն պատրաստ են ՀՀ-ին աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործում՝ չդնելով աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր: Սա իր խոսքում շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում իրականացվում են ներդրումային մի քանի ծրագրեր գերմանական կապիտալով:     


«Մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց, գերմանական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում անխուսափելիորեն կավելանան»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Տարածաշրջանային, միջազգային իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հստակեցրել են, որ առկա է փոխըմբռնում: Երկրների ղեկավարներն անդրադարձ են նաեւ ԼՂ խնդրին: Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպել են: Ի՞նչ ազդեցություն կունենան դրանք եւ ներհայաստանյան փոփոխությունները խաղաղության գործընթացի վրա՝ կանցլեր Անգելա Մերկելից հետաքրքրվում է  հայաստանցի լրագրողը: Մերկելի արձագանքը՝

«Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են: Բայց երկու կողմն էլ պետք է պատրաստ լինեն, խոսքին պետք է հետեւեն որոշ գործողություններ: Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը: Բայց, կարծում եմ, որ այդ մեկը պահանջում է, որ դիմացի կողմն էլ  պատրաստակամություն ցուցաբերի այդպիսի խիզախ քայլերի: Վերջին հաշվով՝ երկու կողմը պետք է համաձայնվեն»:

Թե ինչ «խիզախ քայլերի» մասին է  խոսքը՝ իր հերթին պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցրեց դեռ խորհրդարանում հարցի վերաբերյալ արած հայտարարությունը, ապա հավելեց.  

«Քանի դեռ համարժեք հայտարարություններ  չեն հնչում նաեւ Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող: Իհարկե Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը: Ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ մեր քննարկումներում  հստակ արձանագրել եմ,  որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ բանակցել ՀՀ անունից: ԼՂ-ի անունից պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»:  

ԼՂ հարցում ԵՄ-ի հնարավոր միջնորդ լինելուն վերաբերող հարցին արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խնդրի կարգավորման միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ կա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Նկատի ունենալով, սակայն, որ Մինսկի խումբը շատ ավելի ընդգրկուն է  կարող ենք արձանագրել միջազգային հանրության ներկայացվածությունը բանակցային գործընթացում:


«Կարծում եմ, այս տարիներին Մինսկի խմբի ձեւաչափը բավական հաջող է գործել: Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ, համանախագահող երկրները, նաեւ՝  միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ լուծման խնդիրը հակամարտության մեջ  ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է եւ իրենք չեն կարող նրանց փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է հենց այդ հարթակը ստեղծելու առումով»:

Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնության մեծացման եւ Վիզային ռեժիմի հետ կապված հարց նույնպես հնչեց: Արձանագրվեց, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շատ լավ գործընկերային հարաբերություններ են հաստատված: Կասկած չկա, որ այդ զարգացումները կշարունակվեն՝ եզրափակեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ աջակցություն կլինի ոչ միայն ԵՄ-ից այլ նաեւ ԵՏՄ-ից, քանի որ Հայաստանի հարաբերությունները երկուստեք անկեղծ ու բաց են: