ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումն ավարտվել է
2019-02-02 16:10:43

Թարմացված է՝ 16:10

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստում կառավարության ծրագրին ու կառավարության կառուցվածքային փոփոխությունների խնդրին շատ հպանցիկ են անդրադարձել, որ դրանք դեռևս կառավարության օրակարգում են և քննարկումները շարունակվում են: Նա հերքել է, որ ծրագիրն աշխատանքային կարգով քննարկման է ներկայացվելու ԱԺ արդեն առաջիկա երկուշաբթի օրը:

Լ.Մակունցի խոսքով՝ կառավարությունը կհասցնի և սահմանված ժամկետում ծրագիրը կներկայացնի ԱԺ-ին: Նա դժվարացել է նշել, թե ԱԺ նիստը երբ կվերսկսվի. «Այս պահին չեմ կարող ասել: Հենց կառավարությունն ուղարկեց ծրագիրը, սահմանված կարգով նիստը կլինի, հավանաբար մինչև ամսի 12-ը»:

 

Թարմացված է՝ 15:22

Ազգային ժողովում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Դռնփակ նիստին մասնակցել են նաև նախարարներ, մարզպետներ և կառավարության այլ ներկայացուցիչներ:

Լրագրողների մուտքն ԱԺ արգելվել է, իսկ ԱԺ-ից դուրս եկող պատգամավորները որոշ մանրամասներ են հայտնել: «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կառավարության ծրագրի աշխատանքային նախնական տարբերակը կունենան և կքննարկեն: Նույն խմբակցության անդամ Թագուհի Ղազարյան էլ ասել է, որ կառավարության ծրագրի մասին խոսք չի եղել:

Խմբակցության մյուս պատգամավոր Շիրակ Թորոսյանը էլ նշել է, որ նիստում քննարկվել են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են կառավարությանը, խորհրդարանին և հանրությանը. այդ քննարկումները եղել են կառուցողական:

Տեղադրված է՝ 11:44

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրել: Ներկա են խմբակցության պատգամավորները, ինչպես նաև ժամանել են մարզպետները: Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Oրակարգային հարցերից են կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև փետրվարի 12-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստի օրակարգը:

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանը սկսվել էր հունվարի 14-ին և օրակարգում ընդգրկված երկու հարցերը՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը և Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը չէին քննարկվել և նիստը հետաձգվել էր:

Այս պահին ձեւավորված է կառավարության 2/3-ը: Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի համաձայն 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանն ավարտված չի համարվում, քանի դեռ չի քննարկվել եւ ընդունվել կառավարության ծրագիրը: ՀՀ սահմանադրության 150 հոդվածի համաձայն՝ կառավարությունն իր ծրագիրն ԱԺ է ներկայացնում կառավարության ձեւավորումից հետո 20 օրվա ընթացքում: ԱԺ-ն կառավարության ծրագրին դեմ կամ կողմ է քվեարկում 7 օրվա ընթացքում: Կառավարության կառուցվածքի փոփոխություններով, նախատեսվում է 17 նախարարությունները կրճատել եւ դարձնել 12: