ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետությունը պատրաստվում է աջակցել բնակիչներին
2019-02-02 14:12:56

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Սարի թաղում առաջացած տների փլուզման խնդիրն օրակարգում է: Բնակիչների խոսքով` հնարավոր է Սարի թաղին հարող Դավիթ Բեկի փողոցի վերանորոգման կամ վերակառուցման ընթացքում վնասվել է այդտեղ գործող դրենաժային համակարգը: Քաղաքապետարանում սա հերքում են։ Լուծման ինչ տարբերակներ են առաջարկում պետական կառույցները. «Ռադիլուրը» գնացել է հետքերով:

0:00
0:00

Հունվարի 23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ փլուզվել են Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 68 տան 1-ին հարկի երկու հիմնասյուները, ննջասենյակի պատերին առաջացել են ճաքեր: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Փրկարարները, ուսումնասիրելով տունը, կարմիր ժապավենով սահմանազատել էին սեփական տան թե՛ ներսի և թե՛ դրսի վտանգավոր հատվածները:

«Այստեղ տեսեք կարմիր լենտերով կապել են, վտանգավոր է Ձեզ այստեղ մնալը: Պետք է դուրս գալ, մենք էլ ասեցինք, որ տեղ չունենք գնալու, որովհետև մենք բազմանդամ ընտանիք ենք՝ 7 հոգի»

Մասնագիտական տարբեր խմբեր անընդհատ եկել են ուսումնասիրության՝ պարզելու տան տակով հոսող ջրի աղբյուրն ու ինչ ջուր է՝ տեխնիակակա՞ն, գրունտայի՞ն, թե՞ կոյուղու: Ըստ բնակչի՝ այս թաղամասում խնդիրը միշտ եղել է:

«Դավիթ Բեկ փողոցը կառուցելու ընթացքում դրենաժային համակարգը կոտրվել է, կամ չգիտեմ ինչ է եղել: Այստեղ լճեր են եղել, լճերն իջել են գետնի տակ ու ամբողջ փողոցի եզրով տների տակով ջուր է գնում: Հիմա մեր դռան դեմն էլ կա դրենաժի հոր, որտեղով ջրերը հեռացրել են: Այդ լուկերը լցված են, մեջը բարակ ջուր է գալիս, բայց այդ ջրերն այն ժամանակ գետի նման հոսել են»:

Երևանում շատ քիչ տեղեր կան դրենաժային համակարգեր: Դա թանկ հաճույք է: Բնակիչների այն պնդմանը, որ դրանք կոտրվել են, քաղաքապետարանի շինարարության բարեկարգման վարչության պետի տեղակալ Էդոաւրդ Շաքարյան կասկածում է։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հակադարձում է՝ քաղաքապետարանում այդտեղ գործող դրենաժների մասին տեղեկություն չկա:

Դավիթ Բեկի փողոցը կառուցելու համար քաղաքապետարանը երկու փուլով անցկացրել է մրցույթ: Երկու անգամ էլ շահել է «Վահագն և Սամվել» կազմակերպությունը: Այդտեղ շինարարական աշխատանքներն իրականացվել է 2010-ից 2012 թվականներին երկու փուլով: Հիմնականում կատարվել է ասֆալտի վերանորոգման, եզրաքարերի նորացման և լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ: Նաև կառուցվել է ջրահեռացման կոյուղի:

«Ես կասկածում եմ, որ դրա կառուցելով, մենք իրենց ասած դրենաժային համակարգը ջարդել ենք: Ես կասկածում եմ»:

Տների տակով հոսող ջրերը գրունտային ջրեր են: Իսկ այդ խնդիրը Սարի թաղում մշտապես է եղել: Վերջին տարիներին մակերեսային բարձրացել են, հոսքն ավելի ինտենսիվացել է՝ նշեց վարչության պետի տեղակալը: Փլուզումն ունի երկու պատճառ….

«Հիմնական երկու կոմպոնենտների հետևանք է՝ հիմանականը գրունտային ջրերն են և սողանքը: Ջրերն ավելի արագացրել են գործընթացը»:

Իսկ սրան գումարվել է շինարարական նորմերին չհամապատասխանող կառուցապատումը՝ մասնագիտական խմբի եզրակացության արդյունքները փոխանցեց զրուցակիցս: Բնակիչը պնդում է՝ բնակարանի մի հատվածը կառուցվել է 1955 թվականին, մյուս հատվածն ավելացվել է 70-ականներին: Իսկ կառուցումը կատարվել է այն ժամանակվա շինարարական չափանիշերին համապատասխան: Այս տունը միակը չէ, որ նույն ճակատագրին է արժանացել: Հունվարի 3-ին էլ նույն փողոցի 81 տան միջսենյակային պատն է փլուզվել:

«Փլուզումը տեղի ունեցավ առավոտյան: Ամուսինս փոքր երեխայիս հետ քնած էր: Բարեբախտաբար, պահարանները պահեցին, որ իրենց վրա չընկավ»:

Հակոբյանների 8 հոգանոց ընտանիքը նույնպես վախը սրտում շարունակում է ապրել կիսաքանդ տանը:

« Չգիտենք, գիշերը քնենք առավոտյան կարթնանանք, թե՜ ոչ»:

2009 թվականի էլ 81 համարի տունն է համարվել 4 րդ կարգի վթարային: Բնակիչները դիմել են բոլոր պատկան կառույցներին, սակայն արձագանք դեռևս չկա: Նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը կառավարությունից ստացել է հանձնարարություն՝ ուսումնասիրել, թե Սարի թաղում նման խնդիրներ ունեցող քանի տուն կա, փաթեթն ուղարկել Քաղաքաշինության կոմիտե՝ ֆինանսական հաշվարկներ կատարելու համար: Քաղաքապետարանը դեռևս նախորդ տարվանից 15 ընտանիքից պարբերաբար ստացել է բնակարանային պայմանների օր օրի վատթարացման մասին դիմումներ և սկսել հավաքագրել 4-րդ կարգի վթարայնություն ունեցող 15 տների փաստաթղթերը: Ինը ընտանիքի փաստաթղթերը պատրաստ են, մյուսներինն ընթացքի մեջ է, «Ռադիոլուր»- ին տեղեկացրեց Քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Ավարտական փուլում է գտնվում: Շուտով կվերջացնեն և կուղարկեն կոմիտե: 15-ի փաթեթը ստանալուն պես ֆինանսական հաշվարկներով կուղարկեն կառավարություն»:

Փաստաթղթերը ստանալուց հետո 3-ից 5 աշխատանքային օրերի ընթացքում կոմիտեն կներկայացնի գործադիրին: Փաթեթի հետ միասին կառաջարկվի նաև 15 ընտանիքների հարցը լուծելուց հետո, թաղամասին տալ համակարգային լուծում: Օրենսդրության մեջ ամրագրված է, որ սեփականատերերն իրենք են կրում տան պահպանման հոգսը, այդ թվում պատահական կորստի: Հաշվի առնելով աղետների հիմնախնդիրը՝ պետությունը մշտապես աջակցում է նման հարցերին բնակարաններ հատկացնելով, եթե, իհարկե, կա ֆոնդ, իսկ չլինելու դեպքում՝ տրամադրվում է ֆինանսական աջակցություն: Փոխհատուցման գլխավոր պայմանը, որ պետք է քանդվեն վթարային տները:

«Հիմա այս պահին կարծես քաղաքապետարանը չունի ֆոնդ : Եթե չունի կգնա գումարային աջակցության»:

Սարի թաղի այս տների փլուզման պատճառը մի շարք հանգամանքներով է պայմանավորված։ Ըստ եզրակացության՝ այստեղ ոչ միայն ջրային սողանքային գոտի է, այլեւ գրունտը նստում է, տները մաշված են, իսկ ոմանք նաեւ կառուցապատվել են առանց նորմերի պահպանման։ Հենց այս ամբողջությունն էլ հաշվի առնելով՝ պետությունը պատրաստվում է աջակցել բնակիչներին։