ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ներառված երեխաները հանգիստ են հանրակրթական դպրոցներում
2019-02-02 14:38:12

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Հունվար ամից համընդհանուր ներառական կրթություն իրականացնող դպրոցներում թեթև, միջին, ծանր և խորը խանգարումներով երեխաները հաճախում են հանրակրթական դպրոցներ, որտեղ նրանց հետ աշխատում են ներառական բազմամասնագիտական խմբի նեղ մասնագետներն ու ուսուցչի օգնականները: Դպրոցները հատուկ խնամք պահանջող երեխաների համար կարող են ունենալ նաև դայակ:

0:00
0:00

Արմավիրի քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցն առաջիններից էր, որտեղ գրեթե 9 տարի առաջ իրականացվեց ներառական կրթություն՝ ձևավորելով 15 հոգուց բաղկացած բազմամասնագիտական խումբ: Համընդհանուր ներառական կրթության անցնելուց հետո նրանց մեծ մասը դարձան ուսուցչի օգնականներ: Փոխվեցին ոչ միայն հաստիքային միավորները, այլև ֆինանսավորման չափանիշները:

Դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանն ասաց, որ համընդհանուր ներառման անցնելու դեպքում իրենց բազմամասնագիտական թիմի18 աշխատակիցները շարունակեցին աշխատել դպրոցում, որպես ուսուցչի օգնականներ:

«Մեզ հատկացրեցին 9 ուսուցչի օգնականի և 1.5 դրույք հատուկ մանկավարժի հաստիք»:

Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերագնահատումից հետո հատուկ մանկավարժների հաստիքացուցակը դարձավ 3 միավոր: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն ասաց, որ հունվարին տեղի է ունեցել վերագնահատում, ըստ որի ավելացրել են հաստիքային միավորները:

Թիվ 5 դպրոցում ներառված է տարբեր խնդիրներ ունեցող 50 աշակերտ, որից 32-ը՝ մտավոր ֆունկցիաների միջին, ծանր և խորը խանգարումներով: Դպրոցի բազմամասնագիտական խմբի համակարգող Մարգարիտա Պողոսյանը նշում է, որ դպրոցի երեխաները վերագնահատման կարիք ունեն:

«Գիշերօթիկ դպրոցից երկու երեխա է եկել, մեկն առաջին դասարան, պետք է փոխադրվեր 2-րդ դասարան, բայց ծնողի խնդրանքով նորից սովորում է 1-ին դասարանում, մյուսը՝ 4-րդ: Գրված է չափավոր, եթե 4-րդ դասարանի երեխան տառ չգիտի, թիվ չգիտի, ոչ մի բան չի անում, ապա ինչպես է գնահատվել չափավոր, նա ծանր խանգարումներով երեխա է»:

Այս երեխաները ամեն օր հաճախում են դպրոց, սովորաբար հանգիստ են լինում , չեն խանգարում մյուսներին: Եթե դասաժամի ընթացքում երեխաների մոտ նկատվում են վարքագծի փոփոխություններ, ապա այդ ընթացքում նրանց հետ աշխատում են ներառական բազմամասնագիտական խմբի մանկավարժները:

Նախկինում ներառված երեխաների հետ աշխատանքները նույնպես շարունակվում են, թեպետ Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի գնահատմամբ նրանք չունեն խանգարումներ:

Վաղարշապատի թիվ 11 դպրոցում ներառված 8 երեխայից մեկը խորը խանգարումներով է: Նա առաջին դասարանից հաճախում է այդ դպրոց և հիմա սովորում է 4-րդ դասարանում: Բազմամանագիտական խմբի աշխատանքի արդյունքը դանդաղ է երևում, քանի որ երեխան բուժման կարիք ունի: Տնօրեն Մարգարիտա Սարգսյանն ասում է, որ 4 տարվա ընթացքում կարողանում է գրիչ, մատիտ բռնել, նկարել, թեև խոսք չունի, բայց սկսել է ուսուցչի հրահանգները լսել:

15 ներառված երեխաներից 1 խորը խնդրով երեխա Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցից տեղափոխվել է թիվ 8 դպրոց: Տնօրեն Եսթեր Գալստյանը նշում է, որ այդ երեխան 6-րդ դասարնի տարիքի է, միջադիրով է դպրոց հաճախում և նրա խնամքը կազմակերպում է բուժքույրը: Այդպիսի երեխաները դայակի կարիք ունեն:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը նշեց, որ դայակի համար առանձին հաստիք չի իջեցվում, բայց դպրոցի հաշվի հարմարեցված գումարներից վճարել դայակին:

Չափավոր, ծանր կամ խորը խանգարումներով երեխաներից ոմանք ունեն ագրեսիվ դրսևորումներ, որոնք դասերին շատ կարճ ժամանակով են մասնակցում, նրանց հետ լինում է ուսուցչի օգնականը: