ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օպերայի տարածքը պետք է արեւելյան շուկայից բերել քաղաքակիրթ տեսքի
2019-02-02 15:30:52

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Սրճարանների գերհագեցվածությունից Երեւանը ազատելու աշխատանքները շատ լավ է, որ սկսվել են: Այս մասին այսօր ասել է Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Մասնավորապես, Օպերայի տարածքը սրճարանների գերբեռնվածությունից ազատելու քայլը մասնագետները դրական են գնահատում: Օպերայի տարածքը պետք է արեւելյան շուկայից բերել քաղաքակիրթ տեսքի՝ շեշտել է Ճարտարապետների պալատի նախագահը: Ըստ նրա՝ սրճարանների բեռնաթափումը պետք է վերաբերի նաեւ օղակաձեւ զբոսայգուն: Ոչ ոք չի ասում, թե սրճարան պետք է չլինի, բայց՝ ամեն ինչ իր ձեւն ու չափի սահմանն ունի:

0:00
0:00

Երեւանի ճարտարապետական խնդիրներն են այսօր մասնագետները քննարկել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Առիթը Օպերայի տարածքը սրճարաններից բեռնաթափելու քաղաքապետարանի նախաձեռնությունն է: Երբ ժամանակին դրանք կառուցվում էին, ոչ մի մասնագետի կարծիք հաշվի չէին առնում ու չէին հարցնում՝ հիշեցնում է Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Անթույլատրելի էին հատկապես երկաթբետոնե կառույցները՝ ասաց.

«Երբ նրանց ասվում էր, որ դա չի կարելի անել, նրանք ոչ մեկի առջեւ հաշվետու չէին: Չէին էլ ուզում լսել: Շատ հայտնի պատճառներով՝ գտնում էին հովանավորներ եւ այդպես այդ կաֆեները բազմացան»:

Սրճարանների կառուցումները կատարվել են նաեւ քաղաքի կանոնների խախտումներով: Պարտավորվել են կանաչ տարածքները պահպանել ու զարգացնել, բայց հակառակն են արել: Այդ ամենին չի կարելի համարել գործարար միջավայր՝ կարծում է Մկրտիչ Մինասյանը: Նա համաձայն չէ, թե ժամանակին այդ ամենի մասին չեն բարձրաձայնել: Ասել են՝ լսող չի եղել: Պատճառը նաեւ այն է եղել, որ սրճարանների խնդիրը համապատասխան խորհուրդներում չի քննարկվել, քանի որ համարվել են ժամանակավոր կառույցներ: Արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը կարծում է, որ, այո՛, սխալները գոյություն ունեն, բայց ճիշտ կլինի, եթե օպերայի տարածքը վերադարձվի իր նախնական տեսքին՝ վերականգնելով նաեւ հիղինակային իրավունք ասվածը:

Քաղաքն ապրող օրգանիզմ է, որն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում՝ նկատեց վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Ժամանակին բոլորս էլ ցավով նշել ենք, որ մայրաքաղաքի կանաչ տարածքները չարաշահվում են սրճարաններով՝ ասաց: Իհարկե, սրճարաններ չեն կարող չլինել, բայց նորմերի ու չափի պահպանումն էլ կարեւոր է:

Այն կառույցները, որոնք շատ են խանգարում միջավայրին միանշանակ պետք է քանդվեն՝ հավելեց Տիգրան Արզումանյանը: Մասնագետները կարծում են, որ խնդրին քաղաքապետարանը պետք է շատ խիստ մոտեցում ցուցաբերի՝ քաղաքն ազատելով խառնիճաղանճ վիճակից: Նրանք հույս ունեն, որ նախկին սխալները կշտկվեն, իսկ նոր սխալներ ու անհեթեթություններ թույլ չեն տրվի: Դա վերաբերում է ընդհանրապես մայրաքաղաքի ճարտարապետությանը, այդ թվում՝ մշակութային արժեք ներկայացնող շենքերին: