ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սուր կաթվածի թանկարժեք բուժումն՝ արդեն լիովին անվճար
2019-02-02 16:03:03

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 1-ից մեկնարկած՝ ինսուլտի անվճար բուժման պետական ծրագրի շրջանակներում նույն օրն իսկ առաջին պացիենտն է բուժում ստացել: Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարարը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ հիվանդի կյանքը վստահելի ձեռքերում է, ու թանկարժեք բուժման ողջ ծախսը հոգացել է պետությունը: Հայաստանում տարեկան սուր ինսուլտով հիվանդների թիվը մոտավորապես 250 է, ու հետայսու նրանք ստիպված չեն լինելու 1-4 մլն արժեքով բուժման ծախսը հոգալ կամ գումարի սղության պատճառով հետաձգել կյանք արժեցող վիրահատությունները:

0:00
0:00

Անսովոր կլինիկական ախտանշաններ՝ քաղաքացու մոտ, կանչ՝ շտապօգնությանը, ու արդեն «Էրեբունի» բուժկենտրոն հասնելուն պես՝ ընդամենը 35 րոպեի ընթացքում, սկսվել է սուր ինսուլտով հոսպիտալացված հերթական պացիենտի թրոմբոլիտիկ բուժումը: Այն տարբերությամբ, որ այս պացիենտն արդեն ազատվել է բուժման լուրջ ծախսից ու դարձել կաթվածի անվճար բուժման պետական ծրագրի առաջին շահառուն: Բժիշկներն իրենցն են արել. արդեն 2 ժամվա ընթացքում գրանցվել է դրական տեղաշարժ ու կայուն վիճակ: Պացիենտի երկարատև հաշմանդամությունը կանխարգելված է, կյանքը՝ փրկված: Առողջապահության նախարարն ամիսներ առաջ խոստանում էր, հիմա արդեն խոսում է այս մասին: Արսեն Թորոսյան.

«Սուր ինսուլտի դեպքում՝ բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների տրոմբոլիզիսը եւ ստենտավորումը կատարվելու է պետպատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարումների: Դրանք 1-4 մլն դրամանոց միջամտություններ են»:

Ծրագիրն արդեն իրականություն է, ու երեւանյան դեռեւս երկու բուժհաստատությունում՝ «Էրեբունի»-ում ու Հերացու անվան ԵՊԲՀ հիմնադրամում 24-ժամյա հերթապահություն են սկսել կաթվածի համապարփակ կենտրոնները: Դրանց թեժ գծերը պատրաստ են արձագանքել ու ընդունել մարդկանց, որոնց մոտ առկա են ինսուլտին բնորոշ նշաններ: «Էրեբունի» ԲԿ-ի ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյան.

« Դեմքի հանկարծակի ծռվածություն, ձեռքի կամ ոտքի նոր առաջացած թուլություն կամ թմրածություն, խոսքի խանգարում: Հենց այդ վայրկյանին հիվանդի կողքին գտնվող մարդիկ պետք է հնարավորինս շուտ զանգահարեն շտապօգնություն, տեղեկացնեն, որ կա կաթվածի կասկած: Շտապօգնության մեքենան ժամանելով՝ fast սանդղակով գնահատում է հիվանդի վիճակը եւ հնարավորինս շուտ կապվում է մոտակա կաթվածի կենտրոնի հետ: Կենտրոնն, ահազանգ ստանալուն պես, արդեն պատրաստվում է համապատասխան գործողությունների: Այս պարագայում անչափ կարեւոր է ժամանակը»:



Ինսուլտը մահվան հանգեցնող երկրորդ պատճառն է, հաշմանդամություն առաջացնող՝ առաջին: Կլինիկական առաջին իսկ ախտանշանների դեպքում րոպեներն էլ կարեւոր են, որպեսզի դեռ հնարավոր լինի բացել ուղեղի անոթները, փրկել հյուսվածքները՝ խուսափելով հաշմանդամությունից: Առողջապահության նախարարությունը, պատահական չէ, որ ծրագրում դրույթ է ամրագրել՝ սուր կաթվածի դեպքում դիմել պետական ծրագրով գործող կաթվածի կենտրոններ 24 ժամվա ընթացքում: Առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Աղաջանյան.

«Պետք է կլինիկական նշանների ի հայտ գալու պահից անցած չլինի 24 ժամ, որը ներառում է նաեւ հիվանդին տեղափոխման ժամանակահատվածը եւս»:

Կաթվածի համապարփակ 2 կենտրոնում մասնագիտական թիմերը պատրաստ են կյանքեր փրկել, միայն թե հիվանդին արդեն հիվանդանոց տեղափոխման ճանապարհից հարկ է իրազեկել այս մասին՝ զանգահարելով գործող թեժ գծերով: Պետությունը հոգալու է անհրաժեշտ հետազոտությունների ու վիրահատության բոլոր ծախսերը՝ վստահեցնում է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արմինե Աղաջանյանը:

«Եթե պացիենտն ընդգրկվում է այս ծրագրում, բոլոր հետազոտությունները՝ ԿՏ, ՄՌՏ, անգեոգրաֆիա եւ այլն, ինչպես նաեւ բուն միջամտություններն ամբողջությամբ իրականացվելու են անվճար»:

Վիճակագրությունը հիմք ընդունելով՝ սպասվում է, որ տարեկան մոտավորապես 250 պացիենտ կընդգրկվի պետական ծրագրում: Սա ամենաուղիղ կերպով նշանակում է, որ այսքան մարդու կյանք առավել վստահելի ձեռքերում է լինելու, ու անհրաժեշտ ֆինանսական ծախսերը՝ 1-4 մլն դրամ, պատճառ չեն դառնալու, որ մարդը չստանա կամ հետաձգի կյանք փրկող բուժօգնությունը, միայն թե խնդիրների դեպքում հատկապես հեռավոր մարզերից հիվանդներին շտապօգնությամբ տեղափոխելու խնդիրներ չառաջանան: