ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը
2019-02-04 11:00:11

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր ժամը 12:00-ին կշարունակվի դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ ընթացող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտել են իրենց բողոքի ներկայացումը՝ փետրվարի 1-ի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր Գլխավոր  դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա նշել էր նաև, որ նիստում ելույթով հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանը:

Մեղադրանքի կողմը ներկայացրել է իր առարկությունները, սակայն չի ավարտել՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: 

«Առարկությունների բովանդակությունը չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ, մեր առարկությունները վերաբերում են նրան, որ մենք  գտնում ենք՝ գրավի կիրառումն անթույլատրելի է և  ընդհանուր իրավասության դատարանի կողմից  պարոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման որոշումն օրինական է և հիմնավոր»,- ասել էր Վ. Մուրադյանը։

Պաշտպանները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշումը, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: