ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փոփոխություններում հաշվի չի առնվել փաստաբանական գործունեության առանձնահատկությունը
2019-02-04 12:17:22

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Փաստաբանները դժգոհ են Հարկային օրենքսգրում առաջարկվող փոփոխությունների՝ իրենց վերաբերող կարգավորումներից: Կարծում են՝ դրանք բացասաբար են ազդելու փաստաբանական գործունեության վրա, բարձրացնելու են ծառայությունների գները, սահմանափակելու են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Հարկային օրենսգրքի փոփոխված նախագիծը գործադիրը ներկայացրել է հանրային քննարկման: Բազմաթիվ փոփոխությունների թվում առաջարկվում է փոխել նաև հաշվապահների, փաստաբանների և խորհրդատուների հարկային ռեժիմը:

0:00
0:00

Հենց Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների առիթով ֆինանսնաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը թույլ տվեց այն անզգույշ արտահայտությունը, որի համար հետո ստիպված եղավ ներողություն խնդրել ու բացատրել, որ սխալ ձևակերպում է ընտրել: Իսկ փոխնախարարը հանրային քննարկումներից մեկի ժամանակ հետևյալն էր ասել:

«Այսօր եթե փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»:

Այո-ներն ու հայտարարությանը հաջորդած բուռն արձագանքը լսարանի փաստաբանական թևից էր: Նրանք, հաշվապահները և խորհրդատուները, ըստ Հարկային օրենսգրքի նոր նախագծի, պետք է հարկվեն նոր դրույքաչափերով: Կառավարությունն առաջարկվում է իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցումը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ավելացված արժեքի հարկման դաշտ: Թվերի տեսքով այս փոփոխությունը նշանակում է հարկային 5 տոկոս դրույքաչափը դարձնել 20:

«Չհաշվարկված, չմտածված քայլ է: Ինձ թվում է՝ պետական մարմինները փնտրում են մի տեղ , որտեղից կարելի է փող բերել բյուջե, բայց սխալ տեղ են գտել»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ փոփոխությունը կհարվածի փաստաբանների գործունեությանը, բայց ոչ այն պատճառով, որ նրանք չեն ուզում հարկեր վճարել:

«Խոսքը չի վերաբերում այն փաստաբանական գրասենյակներին, որոնք մեծ շրջանառություն ունեն և այսօր էլ աշխատում է ԱԱՀ-ով: Խոսքը անհատ փաստաբանների, սկսնակների, մարզերում աշխատող փաստաբանների մասին է: Հավատացեք, նրանք այնպիսի հոնորարաներ չեն ստանում, որ հաշվապահ վարձեն, 20 տոկոս հարկ վճարեն»:

Փաստաբանների պալատն իր մտահոգությունները ձևակերպել է առանձին փաստաթղթով և մեկ տասնյակից ավելի խնդիր նշել: Պալատի նախագահն ասում է՝ իրավաբանական ծառայությունները առաջարկվում է տեղափոխել այն հոդվածի կարգավորման դաշտ, որտեղ վարկային կազմակերպություններն են, խաղատները ու բանկերը: Կարծում է, հաշվի չի առնվել ոլորտի առանձնահատկությունը:

«Իրավաբանական օգնությունը փաստաբանների միջոցով է իրականցվում, ու փաստաբաններին այլ տնտեսվարողների հետ նույնացնելը չի կարող արդար համարվել: Պետք է հիմնավորումներ լինեն, թե ինչու է որոշվել այդպես անել: Շրջանառության հարկը արտոնություն չէ, ԱԱՀ-ին ու շահութահարկին փոխարինող պարզեցված հարկ է և փաստաբանների համար հարմարավետ ռեժիմ է»:

Վիճելի դրույթները մինչև նախագծում ձևակերպվելը պատշաճ հանրային քննարկում չեն անցել, չունեն համոզիչ հիմնավորում. պալատի այս մտահոգություններին ֆինանսներևի փոխնախարարը մասնակիորեն համաձայն է ՝ ասում է վրիպել են, որ նախագծի հիմնավորման մեջ կոնկերտ այս փոփոխությանը չեն անդրադարձել: Բայց խտրական մոտեցման ու անհավասրաության գնահատականը չի կիսում:

«Անհավասրաությունից ենք խոսում, բայց եկեք այսօրվա անհավասրաությունն էլ նկատենք: Հարց է՝ հարկը բարձրացվո՞ւմ է, թե՞ վերականգնում է իր ճշգրիտ մակարդակը»:

Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանը կարծում է, որ փոփոխությունների ընդունումը կհանգեցնի իրավաբանի օգնության կարիքն ունեցող մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակման և փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից: