ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գիտաշխատողները՝ օպտիմալացման վտանգի առաջ
2019-02-04 18:38:22

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»


«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը». ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ նման դիրքորոշում է հայտնել ԵՊՀ գիտական խորհուրդը:

Հիշյալ որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով: Որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ ուրբաթ օրն արդեն  աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել։

0:00
0:00

ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառուցվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն: Սա ենթադրում է, որ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին կառավարութան որոշումը նրանց կանգնեցրել է  աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ալոյանը ծանուցված գիտաշխատողների թվում է


ԵՊՀ գիտական խորհուրդը կարծում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել կառավարության  որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։ <<ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ»,- ֆեյսբուքյան իր գրել է Կրթության և գիտության նախկին փոխնախարար, ԵՊՀ աշխատակից Վահրամ Մկրտչյանը։

«Այնպես չէ, որ մենք խուսափում ենք մրցույթից»,- ասում է ԵՊՀ Գիտական քաղաքականության   և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գեղամ Գևորգյան:

Գեւորգյանն ասում է, որ այս պահի դրությամբ դեռ հստակեցված չեն մրցույթի անցկացման կարգը, ժամկետները, չափորոշիչները: Մրցութային կարգը պետք է հայտնի լինի նախապես՝ մինչ նախորդ ֆինանսավորման ավարտը՝ ասում է Գևորգյանը:

Առանց պատշաճ իրավական հիմնավորման, գիտական դպրոցների կարիքների գնահատման, մրցույթի անցկացման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանման, փոփոխությունները գիտնականները վաղաժամ են համարում: ՀՀ Կրթության ու գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ստեղծված խուճապն անտեղի է համարում:

Միաժամանակ, ըստ կրթության ու գիտության փոխնախարարի, չափազանց կարևոր է, որպեսզի  ձևավորվեն մրցութային չափորոշիչներ, որոնց հիման վրա 2020 թվականից արդեն հստակ  կորոշվեն՝ որ ծրագրերը կֆինանսավորվեն և ինչ նպատակով:

«Մենք շատ լուրջ խնդիր ունենք մաքրելու բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունները: Պետք է հասկանանք՝ ինչ արդյունք է տրվում և ըստ այդ արդյունքի որոշենք՝ տրվո՞ւմ է ֆինանսավորում, թե՞ չի տրվում»:

Ինչպես ցանկացած գործունեության տեսակ, այնպես էլ գիտությունը, երկու կողմ ունի՝ առաջարկ և պահանջարկ՝ շեշտում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գեղամ Գևորգյանը՝ խոսելով գիտության արդյունավետության մասին։

Ընդգծում է՝ հետխորհրդային Հայաստանում խզում է առաջացել պատվիրատուի եւ կատարողի միջեւ, որն էլ այսօր գիտության ոլորտի առանցքային խնդիրներից մեկն է:

Գեղամ Գևորգյանը հավելում է. «Ասել, թե ոլորտն արդյունավետ չէ, արդար չէ, իսկ ինչ եք պատվիրել, որ արդյունքը չեք ստացել: Անում ենք այն, ինչի պահանջը ներկայացվում է , և վատ չենք անում, եթե հաշվի առնենք, օրինակ, հեղինակավոր ամսագրերում մեկ գիտական հոդվածի համար արված ծախսը Հայաստանում ու  առաջավոր բազմաթիվ երկրներում»: