ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի. ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը
2019-02-04 20:52:33

Լուսինե Վասիլյան
Ռադիոլուր

 

Ոչ ստանդարտ ու աննախադեպ իրավիճակ` Հայաստանի հանրապետություն - Մարդու իրավունքների եվրոպական դատարան հարաբերություններում: Հաղորդակցման փուլ է մտել այն բողոքը, որն ընդդեմ Հայաստանի 2010-ին ՄԻԵԴ է ներկայացրել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը:

 

9 տարի անց դատարանը հարցեր է ուղղում Հայաստանի կառավարությանը, երբ արդեն դիմումատուն գործադիրի ղեկավարն է: Ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է դիրքորոշում հայտնի ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի գանգատի առնչությամբ:
 

Մասնագետները քննարկում են, թե որոնք կարող են լինել  ոչ ստանդատ իրավիճակի  ոչ ստանդարտ լուծումները:

 

0:00
0:00

Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի. ճիշտ այսպիսին է  Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի և Հայաստանի կառավարության միջև այս պահին ձևավորված իրավիճակը:  2019-ի հունվարին դատարանը գործադիրին  հարցեր է ուղղել այն գործով, որը դեռևս  2010-ին ստացել է ընդդիմադիր գործիչ Փաշինյանից: Հարցերին այժմ պետք է պատասխանի կառավարությունը, որի ղեկավարը  դիմումատուն է:

Փաշինյանը դիմումում նշել է, որ իր  հետապնդումն ու  իր  դատապարտումը ազատազրկման  պայմանավորված են  եղել 2008-ին ծավալած   քաղաքական գործունեությամր, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով, ունեցել են բացառապես քաղաքական մոտիվացիա։

ՄԻԵԴ-ը կառավարությանն առաջադրել է 2 հարց. արդյոք դիմողի նկատմամբ կալանքը համատեղելի է եղել Եվրոպական կոնցենցիայի համապատասխան հոդվածի պահանջներին և արդյո՞ք քրեական հետապնդման հարուցմամբ և նրա դատապարտմամբ չեն խախտվել ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքները։

Կառավարությունն այժմ պետք է դիրքրոշում հայտնի առաջադրված հարցերի  վերաբերյալ:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ գործադիրը որքան էլ փորձի  օբյեկտիվ լինել, չի կարող: Ելքն, ըստ նրա , բողոքից հրաժարվելն է:

 

«Ցանկացած պատասխան, որ կառավարության կողմից կուղարկվի Եվրոպական դատարան, ուղարկվելու է նաև ֆիզիկական անձ Փաշինյանին և առաջացնելու է շահերի բախում: Կարծում եմ ` ելքը ոչ միայն փոխհատուցումից, այլ նաև գանգատից հրաժարվելն է»:

 

Արդեն հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը հրաժարվել է բարոյական և նյութական վնասի փոխհատուցումից և նման պահանջ չի ներկայացնելու նաեւ գործի քննության հետագա փուլերում: Բայց գանգատից հրաժարվել Փաշինյանը չի պատրաստվում: 

Փաստաբան Վահե Գրիգորյանը, թեմային անդրադառնալով,   ֆեյսբուքյան իր էջում գրել էր.  «Քանի որ գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, Փաշինյանը շարունակելու է պնդել իր պահանջները»:

Արա Ղազարյանը համաձայն է, որ որոշումը Հայաստանի իրավական համակարգի համար կարևոր է լինելու, բայց նաև կարծում է, որ  կասկածի տակ է դնելու ՄԻԵԴ-ի մյուս որոշումները.

 

«ՄԻԵԴ-ը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որի հիմքով բազմաթիվ անգամ ազգային համակարգերը քննադատել է և խախտում է սահմանել, երբ ազգային դատավորն իր կամքից անկախ հայտնվել է մի իրավիճակում, երբ տեղի է ունենում դերերի շփոթում: Միևնույնն է այս գործից հետո քննվելու են Մարտի 1-ին վերաբերող այլ բողոքներ, որոնցում նույն հարցերն են բարձրացվում: Այնպես որ մեծ բան վարչապետը չի կորցնի, եթե հրաժարվի այս դիմումից»:

 

Այդպես չի կարծում փաստաբան, Արցախի Մարդու իրավունքների  նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա գանգատից հրաժարվելը որպես ելք չի մատնանշում, ավելին, կարծում է՝ իրավիճակը բացառիկ հնարավորություն է տալիս Հայաստանին նախադեպ ձևավորելու:

«Բացառիկ հնարավորություն է ստեղծվել մեխանիզմ մշակելու և  փաստացի նախադեպ ստեղծելու ԵԽ ողջ ընտանիքի համար»։

Ռուբեն Մելիքյանը կարծում է՝ կառավարությունն այս գործով պետք է խուսափի ավանդական ճանապարհից: Ստանդարտ ընթացակարգը՝ հանձնարարարական արդարադատության նախարարությանը, պատասխանի ձևակերպում, կարծում է՝ որքան էլ  պրոֆեսիոնալ լինի,  որ համարժեք ընկալումների տեղիք կտա: Մելքոնյանը կառավարությանը  նոր տարբերակ է առաջարկում՝ պայմանագիր կնքնել հեղինակավոր իրավաբանական որևէ գրասենյակի հետ ՝ պարտավորվելով նրանց ներկայացրած դիրքորոշումը Հայաստանի  անունից ներկայացնել ՄԻԵԴ։


Իրավիճակի բացառիկությունը դրսևորվում է նաև նրանով, որ ճիշտ այն ընթացքում, երբ նախկին ընդդիմադիր, գործող վարչապետը հարցեր է ստանում ՄԻԵԴ -ից, նույն ՝մարտիմեկյան իրադարձություններին  վերաբերող բողոք  դատարանը ստանում է այդ իրադարձությունների  ժամանակ դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ  Քոչարյանից:

 

Եվրոպական դատարանում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը, որն, ի դեպ, հաղորդակցման փուլն արդեն անցել է և մոտ է որոշման կայացման փուլին: Ստացվում է՝ Հայաստանի նորանկախ պատմության 4  ղեկավարներից 3-ը գործունեության ոչ իշխանական փուլում արդարադատություն փնտրել են Մարդու իրավուքների եվրոպական դատարանում: