ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարկային «միջնորդներից» խաբվածների թիվը կտրուկ ավելացել է
2019-02-05 11:00:53

Լիանա Եղիզարյան

«Ռադիոլուր»

Զգույշ եղեք միջնորդների միջոցով վարկեր վերցնելուց. հորդորը գլխավոր դրամատանն է: Հորդորի հիմքում մտահոգիչ դեպքերի աճն է: Կենտրոնական բանկի բարձրաձայնած խնդիրը հաստատում է նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարը՝ «Ռադիոլուրին» փոխանցելով՝ եկող տարի խաբված քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է:

0:00
0:00

Վերջին շրջանում լրատվամիջոցներով, սոցցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ գովազդվում են վարկեր, որոնք հնարավոր է ձեռք բերել այսպես կոչված վարկային խորհրդատուների կամ միջնորդների միջոցով: Նրանց «օժանդակությունը» պետք է լինում այն դեպքերում, երբ մարդն արդեն ունի վարկ ու նորը չի կարողանում ձեւակերպել, ունի գրավի կամ վարկի ձեւակերպման խնդիր ու դիմում է վարկային միջնորդներին: Կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը զգուշացնում է

«Նման կազմակերպությունները կամ անհատներն իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և շատ հաճախ չեն մատուցում խոստացված ծառայությունը: Բացի այդ՝ նրանց հայտնի են դառնում վարկառուի անձնական տվյալները: Վարկառուի համար ավելի շահեկան է ուղղակիորեն և ինքնուրույն դիմել վարկ տրամադրողին»:

Որպեսզի խուսափեք խարդախություններին զոհ դառնալուց՝ վարկ ստանալու համար հարկ է դիմել լիցենզավորված բանկերին, վարկային կազմակերպություններին և գրավատներին՝ նախապես ստանալով լիարժեք տեղեկատվություն վարկի, վարկառուի իրավունքների և պարտականությունների մասին՝ խորհուրդ է տալիս Կենտրոնական բանկը: Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն էլ «Ռադիոլուրին» փոխանցում է սեփական աշխատանքի այս առումով մտահոգիչ վիճակագրությունը: Անցյալ տարի ավելացել ու բազմաթիվ են եղել այսօրինակ դեպքերը՝ մանրամասնում է Սարգսյանը:

«Կան այսպես կոչված միջնորդներ, որոնք կարողանում են ներգրավել հաճախորդների: Նրանք ասում են, ասենք, Պողոս, քեզ պետք է 100 հազար դրամ վարկ, ես կարող եմ կազմակերպել դա հեռուստացույց գնելու անվան տակ: Դա կազմակերպում են, այդ մարդու անվամբ բանկից կամ ֆինանսական կազմակերպությունից վարկ են վերցնում, բայց ոչ թե 100, այլ 500 հազար դրամի: Դրանից ընդամենը 100 հազարը տալիս են այս Պողոսին, ձեռք են բերում հեռուստացույց, հետո վաճառում դա, ու դրա գումարը մնացած գումարի հետ դնում իրենց գրպանը»:

Նույնիսկ եթե հրատապ գումար է պետք, մի համաձայնվեք եւ մի ստորագրեք կասկածելի փաստաթղթերի տակ: Այսպիսի քայլերի հետեւանքով Հայաստանի տասնյակ քաղաքացիներ քրեական գործում են ներգրավվել, քանի որ պարտատերը դառնում է վարկառուն, ու, խաբված լինելով հանդերձ, պատասխանատվություն է կրում իր ողջ գույքով: Փիրուզ Սարգսյանն այլ կարեւոր ասելիք էլ ունի: Խնդիրը նոր չէ, բայց հին լինելով հանդերձ տարիներ շարունակ նոր դրսեւորումներ է ստանում:

«Չի կարելի երաշխավորել որեւէ մեկի պարտավորությունը: Երաշխավորել չի նշանակում, որ դուք չունեք գույքային պատասխանատվություն: Երաշխավորել նշանակում է, որ դուք ունեք 100 տոկոսով նույն պարտավորությունը, ինչ վարկառուն: Ով ուզում է լինի՝ ընկեր, քույր եղբայր: Եթե դուք պատրաստ չեք կրել ողջ պատասխանատվությունը, մի մտածեք, թե եղածը մի երաշխավորություն է, եղածն ի՞նչ է որ»:

Սրանք, նկատում են մասնագետները, խնդիրներ են, որոնց մեջ հաճախ հայտնվում ենք մեր մտածողության հետեւանքով: Փիրուզ Սարգսյան. «Ու, ցավոք սրտի, այսպիսի դեպքերում մենք ոչինչ անել չենք կարող, քանի որ կա ստորագրված փաստաթուղթ: Ի՞նչ կարող է անել ֆինանսական օմբուդսմենը: Ոչինչ»:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Կենտրոնական բանկն ու Ֆինանսական հաշտարարը հորդորում են զերծ մնալ կասկածելի կազմակերպությունների ու անհատների ծառայություններից և վարկեր ստանալու համար դիմել միայն լիցենզավորված, օրինական գործող կազմակերպություններին, իսկ տուժած սպառողներին՝ անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: