ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լուծումները կարող են լինել «ցավոտ» ու «ոչ պոպուլյար»
2019-02-05 12:35:23

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարբեր ելույթներում բազմիցս նշել է, որ «թավշյա» հեղափոխությանը հաջորդելու է փոփոխությունների երկրորդ փուլը: Պայմանականորեն այն անվանում են «տնտեսական հեղափոխություն»: Երբ է այն սկսվելու, ինչ ժամկետներ եւ ինչ տեսք է ունենալու: «Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ՝ արդյո՞ք այս ամենը կառավարության նոր ծրագրի հիմքն է կազմելու:

0:00
0:00

Բոլոր նախադրյալները կան, որ կառավարության նոր ծրագիրը քննարկման ներկայացվի այս շաբաթվա ընթացքում: Սա ըստ էության նոր իշխանությունների լիարժեք ծրագիրն է: Նախորդը համարվում էր անցումային, իներցիոն, նախորդներից ժառանգած: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դժվարանում է կանխատեսել՝ խոստացված «տնտեսական հեղափոխության» հիմքերը այդ փաստաթղթո՞վ են դրվելու, թե՞ ոչ:

Մինչ կառավարության ծրագիրը կներկայացվի լայն քննարկման, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին խորհրդարան է հրավիրելու ֆինանսների նախարարության ներկայացուցչին: Ինչպես ՊԵԿ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, այս դեպքում նույնպես ուշադրության կենտրոնում է երկու հարց՝ պարգեւավճարներն ու Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Եթե առաջինի դեպքում որոշումը հասունանում է՝ հրաժարվել պարգեւավճարների ընդունված համակարգից, ապա երկրորդի՝ Հարկային օրենսգրքի փոփոխության դեպքում որոշ դեպքերում կարող են լինել անակնկալ լուծումներ: Եթե խնդիրը դիտարկենք սպասվող «տնտեսական հեղափոխության» տեսանկյունից, ապա քայլերը հնարավոր է լինեն նաեւ «ցավոտ»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացմամբ՝ ճիշտ աշխատանքի դեպքում «ոչ պոպուլյար» քայլերը հասկանալի կդառնան հանրության համար:

«Ես կարծում եմ, մեր հասարակությունն իր քվեարկությամբ մեր քաղաքական ուժին օժտել է անհրաժեշտ լեգիտիմությամբ, անելու բոլոր անհրաժեշտ ռեֆորմները: Եվ մենք պետք է կարողանանք անենք ռեֆորմները, որոնք որոշ փուլում գուցե լինեն ոչ պոպուլյար»:

«Տնտեսական հեղափոխության» գաղափարն Աժ-ում այս պահին լուրջ չեն ընդունում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացմամբ՝ ինքն առաջիններից էր, որ օգտագործել է ձեւակերպումը, բայց ոչ այն իմաստով, որ օգտագործվում է այժմ:

«Տնտեսական հեղափոխություն սպասել մեր երկրում դա լուրջ չի, որովհետեւ մեր երկրում կացութաձեւի փոփոխություն տեղի չի ունեցել: Պետք է քանդել տնտեսական ամբողջ հանգույցները, որոնք նախորդ իշխանությունն ունենալով ավտորիտար էություն՝ կերտել են եւ հյուսել են այնպիսի հարկային եւ մաքսային օրենսդրություն, որ ուղղակի հնարավոր չէ քանդել: Ճիշտ է՝ կա քաղաքական կամք, բայց մինչեւ չանցնենք հարկային եւ մաքսային օրենսդրությունների փոփոխությունների, ոչինչ չենք կարող անել տնտեսության մեջ:

«Տնտեսական հեղափոխության» գաղափարին զգուշորեն է մոտենում Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Մեզ հետ զրույցում դեռ զգուշանում է նշել քայլերի հերթականության մասին: Ընդունում է, որ դրանք կարող են «ցավոտ» եւ «ոչ պոպուլյար» լինել: «Տնտեսական հեղափոխության» ճանապարհին անելու են նաեւ այնպես, որ արդեն եղածին չվնասեն: Ժամկետներ Թունյանը դժվարանում է նշել: Գիտակցում է, որ ներդրումային հոսքի եւ «տնտեսական հեղափոխության» համար գլխավոր նախադրյալները ոչ թե փոփոխություններն են, այլ՝ վստահության վերականգնումը: