ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է շարժակազմի արդիականացումը
2019-02-05 11:38:07

Հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում: Էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում՝ տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների հաճախականությունը:

Նոր էլեկտրագնացքը նույնպես հարմարեցված է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ուղևորների համար, վագոններում գործում են օդափոխման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Բացի այդ, ՀԿԵ ուղևորների առաջարկությունների հիման վրա արտադրող ընկերությունը լրամշակել է էլեկտրագնացքի որոշ չափանիշները:

2018 թվականին ՀԿԵ շարժակազմի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակներում գնվել էր 2 նոր էլեկտրագնացք և 40 նոր կիսավագոն: Կիսավագոններն այժմ շահագործվում են պղնձի խտանյութի արտահանման համար:

Միայն 2018 թվականին ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները կազմել են $5,6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ $6,6 մլն.: ՀԿԵ 10-ամյա գործունեության արդյունքներով շարժակազմին հատկացված ներդրումները գերազանցել են $60 մլն.:

Նշենք, որ 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով (ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների ծավալի կրճատման ֆոնին): Երկաթուղին փոխադրել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է: Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով:

Գնացքների արագությունների ավելացման (ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե) և գների մատչելիության (2500 դրամ) շնորհիվ 2018 թվականի մարտից շահագործվող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը մեծ պահանջարկ է վայելում քաղաքացիների շրջանում: Էքսպրեսի ուղևորների թիվը 2018-ին կազմել է 14 հազար:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: