ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գնդակը՝ Ադրբեջանի դաշտում
2019-02-05 16:40:02

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումները որոշակի աշխուժություն են առաջացրել՝ քննարկումների տեղիք տալով ներքաղաքական դաշտում: Առկա է որոշակի կասկածամտություն՝ որքանո՞վ է այն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանության մեջ, որքանով է  գործընթացը թափանցիկ եւ դեպի ու՞ր են տանում զարգացումները:

Այս հարցերին են լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ու միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:

0:00
0:00

ԼՂ կարգավորման գործընթացում փուլ առ փուլ կամ՝ հայտարարություն առ հայտարարություն փոխվում է իրավիճակը եւ այսօր մենք ունենք մի մոտեցում, որը, կարելի է ասել, շատ է տարբերվում նախկինում եղած մոտեցումներից: Այս մասին ասաց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի շուրջ վերջին զարգացումներին՝ հայտարարություն եւ դրան հաջորդող հետեւանք:

«Ես չգիտեմ, հատուկ է անում վարչապետ Փաշնյանը, որ միանգամից չասի ամեն ինչը եւ որ Ադրբեջանը կտրուկ չարձագանքի, բայց ինձ թվում է, որ դա արվում է ըստ ըստ իրավիճակի, բայց՝ ունենալով ընդհանուր պատկերացում»:

Հիշեցնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝  Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմը դնում է սկզբունքային մոտեցում, որ  չի կարելի սկզբում ունենալ բանաձեւ, որը տրամաբանորեն պետք է ունենալ բանակցություններից հետո: Իգիթյանի խոսքով՝ հենց այս մոտեցումն այնքան էլ դուր չի գալիս Ադրբեջանին:

Ադրբեջանին, սակայն, տեղը դնում է համանախագահների այն հայտարարությունը, որ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության: Ըստ Իգիթյանի՝ հայկական կողմը հասարակությանը խաղաղության պատրաստելու խնդիր չունի, քանի որ Ադրբեջանն է մշտապես ռազմատենչ հայտարարություններով բորբոքել իր ժողովրդին, որը որեւէ կերպ պատրաստ չէ խաղաղության: Այս պահին այս է իրավիճակն՝ ըստ Իգիթյանի:

«Ոնց որ թե բոլոր խաղացողներին ձեռնտու է, որ այստեղ չկրակեն: «Խաղաղություն» բառը եկեք չօգտագործենք, քանի որ այն բավականին ինստիտուցիոնալ մոտեցում է, բայց գոնե զինադադար եւ լարվածության իջեցում լինի մեզ մոտ»:

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ բանակցությունների գաղտնիության առումով որևէ նոր բան չկա:

«Պատճառները միանգամայն հասկանալի են, քանի որ հայտարարությունները ունեն տարբեր հասցեատերեր: Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն 4 դաշտերում. առաջինը՝ ներքին քաղաքական դիսկուրսներում, երկրորդը՝ Արցախի ուղղությամբ, երրորդը, դա Ադրբեջանի ուղղությունն է, իսկ չորրորդ դաշտը  համանախագահներն են ու միջազգային հանրությունը»:

Քաղաքագետը համոզված է, որ երկու կարևոր գործընթաց է տեղի ունենում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Մեկը՝ Մինսկի գործընթացի վերակենդանացումն է, որը գրեթե մեռած է 16-ի ապրիլից հետո, մյուսը՝ բռնության նվազեցմանն ուղղված աշխատանքներն են։ Կովկաս ինստիտուտի տնօրենի ձեւակերպմամբ՝ երկրորդ գործընթացն էլ այն է, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման քննարկումներում իր իմիջը փոփոխելու նպատակ ունի:

«Նա փորձում է մեր աչքերի առջեւ ԼՂ հակամարտության տրամաբանության մեջ  շրջել իր հին իմիջը»:    

Ցույց տալ այնպես, թե  իրենք են ավելի լավը՝ իրենք են տարբեր առաջարկներ անում, իսկ հայերը ոչ մեկի հետ չեն համաձայնում՝ պարզաբանեց քաղաքագետը:

Միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Արեւմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն խնդրի կարգավորման վերաբերյալ ընդհանուր առմամբ  որդեգրել է մի մոտեցում, որը կարելի է կարճ բանաձեւել.

«Խնդիրը լուծեք ինչպես ցանկանում եք, բայց առանց պատերազմի: Ուզում եք՝ տարածքային ամբողջականություն, ուզում եք՝ ազգերի ինքնորոշում – ցանկացած սկզբունք, եթե ընդունվում է կողմերի կողմից եւ պատերազմական գործողությունների չի տանում, Միացյալ Նահանգների համար համարվում է ընդունելի: Այս դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, բազմիցս դրա մասին խոսվել է ամենատարբեր մակարդակներում»:   

Անդրադառնալով ԵՄ մոտեցումներին, որն, ըստ փորձագետի, կարելի է դիտարկել նաեւ Գերմանիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների համատեքստում, Սուրեն Սարգսյանն այսպիսի եզրահանգում կատարեց.

«Այս պահի դրությամբ, կարծում եմ, միջազգային խաղացողների համար այստեղ ռազմական գործողությունների վերսկսումը ցանկալի սցենար չէ: Միաժամանակ՝ հասկանում են, որ դրա հիմնական մեղավորը կամ նախաձեռնողը լինելու է Ադրբեջանը»:

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ կարեւոր մի շեշտադրում, որն արել է վարչապետ Փաշինյանը Գերմանիայում, նույնպես կարող է խնդրում փոփոխություն մտցնել՝ եթե ոչ ռազմավարական, գոնե մարտավարական: Խոսքը հարցադրման մասին է, թե՝ ո՞րն է այն զիջումը, որը պետք է անի Ադրբեջանը:

Այս հարցը պատասխան չստացավ Ադրբեջանի կողմից, ընդ որում՝ այն ֆիքսվեց համանախագահների եւ խոշոր խաղացողների կողմից՝ նկատեց Հովհաննես Իգիթյանը՝ եզրահանգելով, որ այդ ամենից հետո գնդակը Ադրբեջանի դաշտում է: