ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» հարցը չի քննարկվում. Աննա Նաղդալյան
2019-02-05 18:50:12

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» հարցը չի քննարկվում. ևս մեկ անգամ հստակեցնում է  ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Լրագրողների հետ հերթական հանդիպման ընթացքում նա կրկին վերահաստատել է արդեն բազմիցս ներկայացված մոտեցումը, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախը որոշիչ ձայն պետք է ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման տևական փուլում։

Դիվանագետը չի հստակեցրել, արդյո՞ք Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ 

Հայաստանը չի հրաժարվել ու չի հրաժարվելու ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերի իրագործումից՝ ասել է Աննա Նաղդալյանը՝ խոսելով շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման Վիեննայի եւ Սանկտ- Պետերբուրգի համաձայնություններին։ 

0:00
0:00

Իսրայելի ՊՆ-ը թույլատրել է Aeronautics ընկերությանը Ադրբեջանին վաճառել «մահապարտ» անօդաչու թռչող սարքեր: Նախկինում արգելք էր դրված դրանց վաճառքի վրա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը  չափազանց վտանգավոր է համարում անօդաչուների վաճառքի վրա դրված արգելքի չեղարկումը: Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում նա անթույլատրելի համարում:

Բաքուն շարունակում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, սակայն միջնորդները խոսում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին:

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում  հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Մխիթար Հայրապետյանը եվրոպացի պատգամավորներից փորձել է ճշտել, թե  ինչպես են պատկերացնում ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու գործընթացը՝ հաշվի առնելով Ադրբեջանում հայատյացության քարոզը:

«Իմ գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին։ Ի պատիվ հայկական նախկին պատվիրակության՝ այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ»:

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության լրագրողները Հայաստանում են: Ինչ նպատակով են նրանք այստեղ և ինչ հիմքով է թույլատրվել ադրբեջանցի լրագրողներին գործունեություն իրականացնել մեր երկրում։ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն է ճշտում. «Turan» լրատվական խմբագրի կողմից հայտ է ներկայացվել ԱԳՆ հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար.

«Մեր կողմից որևէ խոչընդոտ չի դրվում օտարերկրյա լրագրողների գործունեության համար»:

Հայաստանում գտնվող «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևի հետ լուսանկարվել եւ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա հարցազրույց է տվել Հաջիևին և հույս հայտնել, որ «Թուրան» գործակալության խմբագիրը խոստացել է՝ իր խոսքերն ու միտքը չի աղավաղի։

Հաջիևն էլ իր ֆեյսբուքյան  էջում է «Turan»-ին հղումով լինկ տեղադրել  «Թուրանի խմբագրի Հայաստան այցի մասին» վերնագրով: Նշվում է, որ փետրվարի 1-5-ը խմբագիր Շահին Հաջիևը գործուղվել է Հայաստան՝ մի շարք ռեպորտաժներ ու հարցազրույցներ պատրաստելու համար: Գործուղումը կազմակերպելու համար Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից համաձայնություն եղել է:

ՀՀ ԱԳ նախարարության լրագրողական հավատարմագիր է  տվել Հաջիևին ու ասիստենտներին՝ Վրաստանից ու Ռուսաստանից: Նշվում է, որ Երևանում Թուրանի խմբագիրը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական կուսակցությունների ու փորձագետների հետ: Հրապարակվող տեսանյութերում ու ռեպորտաժներում կարծարծվեն ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված հարցեր ու իրավիճակը տարածաշրջանում:

«Թուրան» գործակալությունը այս հրապարակման ներքո խնդրել է լրագրողներին (ենթադրվում է ադրբեջանցի լրագրողներին) չփնտրել ու չավելացնել որևէ տեղեկություն այցի նպատակների մասին: