ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ բովանդակության կլինի կառավարության ծրագիրը
2019-02-05 19:01:45

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հեղափոխությունից հետո հասարակությունը գերսպասելիքներ ունի գործող իշխանությունից եւ այս պահի դրությամբ շատերը փորձում են պարզապես հասկանալ, թե ինչ ծրագրով է առաջ շարժվելու գործադիրը:

Ինչ տեսքս կունենա կառավարությունը կամ ինչ բովանդակության կլինի կառավարության ծրագիրը՝ շարքային քաղաքացու համար առանձնապես տարբերություն պետք է որ չլինի:

Այս պահի դրությամբ, սակայն, շատերը սպասում են այդ փաստաթղթերի հրապարակմանը, որ դրանցից անգամ եզրակացնեն, թե ինչ է տեղի ունենում: Ենթադրությունների համար այս պահի դրությամբ, հիմք են նաեւ ներիշխանական վերադասավորումներն ու շփումները:

0:00
0:00

ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգով սահմանված էր՝ խորհրդարանին նախ ներկայացվելու է կառավարության կառուցվածքի մասին նախագիծը, հետո՝ կառավարության նոր ծրագիրը:

Գործադիրի կառուցվածքի փոփոխության հարցն այդպես էլ չքննարկվեց, մինչդեռ կառավարության նոր ծրագիրն արդեն պատրաստ է: Իմաստային խառնաշփոթում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համար գրեթե ամեն ինչ պարզ է.

«Այբուբեն է, որ սկզբից այդ կառուցվածքային փոփոխությունները պետք է լինեն, որ հասկանանանք, թե ամեն նախարարությունն ինչով է զբաղվելու: Զուտ անփորձությամբ ամեն ինչ բացատրել՝ արդեն չի անցնում: Ուղղակի մենք հիմա ականատես ենք մի բանի, որ հիմա լուրջ պայքար է սկսում արդեն իշխանության ներսում տարբեր ազդեցության խմբավորումների միջեւ: Նորմալ պրացեսներ են գնում, բավականին ակտիվ՝ եւ ֆեյքային, եւ իրական, եւ տեխնոլոգիաներ են օգտագործվում, որպեսզի իրական պրոցեսներից շեղեն ուշադրությունը»:

Օրհներգի եւ դրոշի փոփոխության «խայծը» քննարկման դաշտ նետած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս բնույթի մեղադրանքներին ունի հստակ պատասխան: Նրա համար նույնպես առաջնային, ասենք՝ 5 հիմնախնդիրների շարքում օրհներգի փոփոխությունը չկա:

«Հաստատ կարեւորագույն հինգ խնդիրների մեջ չի մտնում օրհներգ փոխելը, եթե ձեր հարցը դրան է վերաբերվում:  Չի նշանակում, որ Ալեն Սիմոնյանը, որը օրենսրդական նախաձեռնություններ է բերել մարտի 1-ի, ՊՊԾ գնդի գրավման հետ կապված, բուքմեյքերական գրասենյակների եւ գազալցակայաններում դրված այն ապարատների, ինչպես նաեւ հոսանքի հետ կապված օրենսրդական նախաձեռնությունները չի հասկանում, որ նման ավելի կարեւոր խնդիրներ չկան: Իհարկե՝ կան»:


Կառավարության 2/3-ը ձեւավորված է, նախկին 17 նախարարությունների փոխարեն 12-ն արդեն հաստատված են: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ հավանական է, որ պատկերն այդպես էլ մնա:

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ձեւավորելիս, փորձել է բավարարել բոլորի պահանջները: Սա նշանակում է, որ եղել են ե՛ւ քաղպայմանագրի ներկայացուցիչներ, ե՛ւ հանրային սեկտորի ներկայացուցիչներ: Մենք տեսնում են, որ պրոֆեսիոնալ եւ կայունություն պահանջող ոլորտներում մասնագետները մնացել են: Նկատի ունեմ ՊԵԿ-ը, ֆինանսների նախարարությունը, կենտրոնական բանկը, անվտանգության եւ պաշտպանության համակարգը: Այստեղ մենք չենք տեսնում, որ ողողված են անփորձ կադրերով»:  

Սուպերվարչապետության համակարգից հրաժարվելու մասին ժամանակին խոսել են նոր իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները: «Քայլ առ քայլ» խնդիրը լուծելու մասին խոսել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Այսօր, սակայն, պատգամավորը քայլերի հստակ հաջորդականությունը չի կարող ասել: Այս պահին հայտնի չէ՝  արդյո՞ք կլինի կառավարության կառուցվածքի մասին նախագիծ, որ լուծի նաեւ այդ խնդիրը: Հայտնի չէ նաեւ, թե կառավարության ծրագրում այդ ուղղությամբ քայլեր նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ:

« Այս պահին չեմ կարող ասել, թե որոնք կլինեն այդ քայլերը, բայց ամենաառաջինը մտածում եմ, որ խորհրդարանն իր վերահսկողական եւ ընդհանրապես բոլոր գործառույթները պետք է սկսի ամբողջովին կիրառել»:

Կառավարության ծրագրի ներկայացման համար թեեւ ժամկետներ չեն նշվում, բայց ներքին խոսակցություններում շրջանառվում է փետրվարի 12-ը: Այս համատեքստում որեւէ խոսք չկա կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: