ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր հրավիրված է կառավարության հերթական նիստը
2019-02-06 11:00:48

Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգի հիմնական հարցը գործադրի ծրագիրն է: Փաստաթուղթը բաղկացած է 67 էջից: Ծրագրում նշված է, որ առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով. ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս:

Փաստաթղթի համաձայն, ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի:

Ծրագիրը կառավարությունում ներկայացվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով եւ կհրապարակվի։ Արդեն մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակությունը, որի օրակարգում մնացել էր մեկ հարց՝ կառավարության ծրագրի ներկայացումը։

ՀՀ սահմանադրության 151 հոդվածի համաձայն` կառավարությունն իր ծրագիրը պետք է ԱԺ ներկայացնի կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվել է հունվարի 18-ին, երբ նշանակվել են նախարարները, արդեն վաղը կլրանա սահմանադրությամբ նախատեսված ժամկետը: