«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը գալիք խորհրդարանական ընտրություններում կղեկավարի Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հրապարակված է Քաղաքացիակայն պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- ասված է գրառման մեջ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:
Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով կառավարությունը շուրջ 3 մլրդ դրամ է հատկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու ընտրական գործընթացում ներգրավված մյուս գերատեսչություններին:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-19 ընկած ժամանակահատվածում:
Այս պահի դրությամբ որոշ կուսակցություններ արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում ունեն, որոշներն էլ դեռեւս քննարկումների մեջ են: