ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տարածքը կորցնելու վտանգի առաջ կանգնած «Փրկության» հարցը լուծում չի գտնում
2019-02-06 14:10:40

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

«Փրկություն» հասարակական կազմակերպությունը կանգնած է տարածքը կորցնելու վտանգի առջև: Պայմանագրով ստանձնած ժամկետներն ավարտվել են և քաղաքային իշխանությունը տարածքն ազատելու խնդիր է դրել: Երեւանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում վստահեցնում են, որ հասարակական կազմակերպությանը տրվելու է այլ տարածք եւ հարցը քննարկման փուլում է: Ի՞նչ ճակատագիր է սպասվում խնդիրներ ունեցող չափահաս մարդկանց ցերեկային խնամքով զբաղվող հասարակական կազմակերպությանը:

Երեւանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հորդորում է Երևանի քաղաքապետարանին «Փրկություն» ՀԿ-ի տարածքի տրամադրման համար գործադրել առավելագույն ջանքեր, դիտարկել բոլոր հնարավոր տարբերակները ցերեկային կենտրոնի գործունեության համար առավել հարմար պայմաններով տարածք գտնելու համար: Խնդիրը հանձնաժողովը քննարկել էր արտահերթ նիստում։ «Փրկությունը» Երեւանում միակ կազմակերպությունն է, որ ավելի քան 20 տարի զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող չափահաս մարդկանց ցերեկային խնամքով։ Քննարկումը բուռն էր։

Թիվ 146 մանկապարտեզի մասնաշենքում, մանկապարտեզից պարիսպներով առանձնացված հատվածում է տեղակայված «Փրկությունը»: Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները նշեցին, որ և՛ ֆիզիկական, և՛ մտավոր խնդիրներ ունեցողները մեր հասարակության լիիրավ անդամներն են և պետք է հաշվի առնել նաև նրանց շահերը: Սակայն «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի դիտարկումները բոլորովին այլ են:

«Ներողություն, գուցե Ձեզ համար աբսուրդ թվա, բայց ես իմ երեխային նման մանկապարտեզ չէի տանի, որտեղ մտավոր խնդիրներ ունեցողներ կան»:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը բարձրացնում է մանկապարտեզի երեխաների անվտանգության հարցը: Արդյոք ճի՞շտ է մտավոր խնդիրներ ունեցողները մեկ տարածքում լինեն նախադպրոցական հաստատության երեխաների հետ:

«Մենք ունենք սանիտարական նորմեր, որոնք արգելում են նմանատիպ գործունեություն ծավալել: Տարածքային առումով, նույնիսկ բակային տարածքային առումով նրանք չեն կարող լինել մեկի վայրում»:

Հասարակական կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանն է մտահոգված հայտարարում՝ իր սաները որևէ վտանգ չեն ներկայացնում.

«Ես ձեզ վստահ ասում եմ, ոչ մեկ ոչ մի երեխայի չի կարող վնասել»:

«Իմ քայլից» Արմեն Ղալեչյանը չի մոռանում, որ կրթության վարչության պետը նոր չէ, որ պաշտոնավարում է ու հետաքրքրվում մանկապարտեզի երեխաների անվտանգությամբ այժմ անհանգստացած պետի մտահոգության պատճառներով:

ՄԱԿ-ի ջերմատնտեսության և էլեկտրախնայողության ծրագրի շրջանակներում անվճար վերանորոգվելու են Երեւանի մանկապարտեզներ: Սակայն միայն նրանք, որտեղ չկան վարձակալներ: Հակառակ դեպքում՝ մանկապարտեզը ծրագրի շահառու չի կարող լինել։

«Տվյալ դեպքում ՄԱԿ-ի հետ էլ ենք քննարկել: Առաջիկա 6 ամսվա ընթացքում որոշակի գործողություններ անելու մտադրություն չունեն», -ասում է տնօրենը:

Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը ավագանու անդամներին ասում է՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենց պետք՝ վերանորոգված մանկապարտե՞զ, թե՞ տարածք, որը կտրամադրվի ՀԿ-ին: Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն իր համար գոնե պարզել է՝ կարեւոր է 110 երեխաների մանկապարտեզ ընդունելը.

«Այս պահին կորցնում են երեք մանկապարտեզային խումբ՝ հնարավորություն տալով խնդիրներ ունեցող երիտասարդներին, որոնք կարող են հասարակական կազմակերպության հետ իրենց գործունեությունը ծավալել այլ տարածքում: Երևանում շատ ազատ տարածքներ կան, որը կարելի է տրամադրել ՀԿ-ին»:

«Իմ քայլը» դաշինքի մյուս անդամներից Հայկ Միրզոյանը վարչության պետերից հետաքրքրվեց՝ Երևանում կա՞ն նման տարածքներ:

«Ցավոք սրտի էդ պահանջներին համապատասխան, էդ մակերեսին, էդ հնարավորություններին բավարարող տարածք գրեթե չունենք»:

Հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը հավելեց, որ դեռևս 2011 թվականին են Ռիտա Սարգսյանի հետ փորձել գտնել տարածք, սակայն տարածք չի գտնվել:

«Ոչ ոք ապահովագրված չէ, թե վաղն ինչ կլինի: Եվ այս մարդկանց հանել այդ տարածքից , որն իրենց աշխարհն է, որտեղ իրենք իրենց ափսեի մեջ են՜ պատճառաբանելով, որ պետք է վերանորոգվի»:

Արփինե Աբրահամյանի համար այս շենքն է կարևոր պահելը, քանի որ մտավոր խնդիրներ ունեցողներն արդեն բնազդով գիտեն, թե որտեղ ինչ է գտնվում և տեղափոխությունը նրանց սթրեսի մեջ կարող է գցել.

«Շրջապատն արդեն սովոր է իրենց ներկայությանը: Մենք շատ դժվար ենք կարողացել շրջապատին հարմարեցնել իրենց այն առումով, որ իրենց հասարակությունը սկզբի տարիներին հալածում էր»:

Տարածքի խնդրի լուծումն արդիական է, որովհետեւ միայն դրանից հետո կազմակերպությունը կարող է մասնակցել սոցապ նախարարության հայտարարած Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների սոցիալ-վերականգնողական ծրագրի սուբսիդավորման մրցույթին: Հասարակական կազմակերպությունը միայն պետական սուբսիդավորմամբ չի գոյատեւում, նրա ծրագրերը ֆինանսավորում են նաեւ բարերարները։

0:00
0:00