ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իտալիան զենք չի վաճառի Ադրբեջանին. դեսպան
2019-02-06 16:00:41

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ոչ դիվանագիտական լեզվով՝ հայ-իտալական հարաբերությունների մասին: ՄԱԱ-ն այսօր «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել է մեր երկրում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Դեսպանը շեշտել է, որ ավելի քան գոհ է այժմյան հարաբերություններից: Ապագային էլ լավատեսորեն է նայում: Թեպետ Իտալիան Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը դեռեւս չի վավերացրել, սակայն՝ միայն այն պատճառով, որ ընթացակարգն է ժամանակ պահանջում:

Այդ առումով բացասական նշան չկա՝ ասել է դեսպանը: Նա նաեւ վստահեցրել է, որ որքան էլ Ադրբեջանը ցանկանա իտալական զենք գնել, միեւնույնն է, Իտալիան երբեք չի անի քայլ, որը կվնասի խաղաղությունը:     

0:00
0:00

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը մեր երկրում է 2018-ի մարտի 26-ից: Նրա գործունեության մեկնարկը համընկել է հայաստանյան իրադարձությունների հետ: Ասաց, որ տեղի ունեցածը նորմալ է բոլոր ժողովրդավարական երկրներում:

Հայաստան-Իտալիա հարաբերությունների ներկան եւ ապագան՝ ոչ դիվանագիտական լեզվով: Վինչենցո Դել Մոնակոն ուրախ է այս հնարավորության համար: Հարուստ անցյալը մեծ խթան է այսօրվա եւ վաղվա հարաբերությունների համար՝ ասաց: 

«Մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական հարաբերություններ են: Դրանք ընդլայնվում են՝ ներառելով հասարակության տարբեր շրջանակներ»:

2018-ին Իտալիայի նախագահի այցը Հայաստան պատմական էր, որի արդյունքները շատ ավելի կոնկրետ եղան՝ նկատեց դեսպանը: Այդ հանդիպումներից հետո ծնվել են մի շարք համագործակցություններ: Դեսպանը հիշեցրեց մասնավորապես գիտահետազոտական եւ մշակութային ոլորտներում աշխուժացումը:

Ամենակարեւոր արդյունքներից մեկն էլ տնտեսական ոլորտում էր: Դեսպանը հույս ունի, որ գարնանը ականատես կլինենք Հայաստանում եվրոպական ստանդարտներին համապատասխան իտալական եւս մեկ կերամիկայի արտադրության գործարանի բացմանը:

«Հետեւաբար, ես ավելին, քան գոհ եմ մեր այժմյան երկկողմ հարաբերություններից»:

Դիվանագիտական հաջողության արժեքը ամրագրվում է շարունակական աշխատանքով: Ե՛ւ որպես դեսպան, ե՛ւ որպես ներկայումս նաեւ Երեւանի քաղաքացի պատրաստ է դեսպանը ջանք չխնայել դրա համար:

Վինչենցո Դել Մոնակոն շեշտեց, որ որպես ԵՄ հիմնադիր պետություններից մեկը Իտալիան աջակցելու է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանան: Կարծում է, որ ԵՄ բոլոր անդամ երկրներն էլ այդ ջանքերը գործադրելու են: Կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը:

Դեսպանը տեղեկացրեց, որ Իտալիան ճիշտ է, առայժմ, Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության համաձայնագիրը չի վավերացրել, սակայն, միայն այն պատճառով, որ դրա համար բավականին ժամանակ է պետք: Դա վերաբերում է բոլոր համաձայնագրերին ընդհանրապես: Այդ առումով՝ ոչ մի բացասական նշան չկա:    


Դեսպանին հարց ուղղվեց Ադրբեջանի կողմից ԵԽ-ի պատգամավորներին կաշառելու փաստերի առնչությամբ: Ի դեպ, կաշառվածների թվում հնչում է նաեւ իտալացի պատգամավորի անուն: Վինչենցո Դել Մոնակոն շեշտեց, թե չի կարող մեկնաբանել պատգամավորի առնչությունը Ադրբեջանի հետ, ապա հավելեց, որ որպես Իտալիայի քաղաքացի կարող է ասել, որ քանի դեռ որեւէ մեկի մեղքը ապացուցված չէ, ապա իր համար նա անմեղ է:

«Ես իհարկե չեմ կարող ասել իտալացի քաղաքացիների վերաբերմունքը, բայց ես ինքս կուրորեն հավատում եմ Իտալիայի արդարադատությանը: Երկրորդ համաշխարհայինից հետո  Իտալիայի Սահմանադրության հայրերն այնպես են այն գրել, որպեսզի երբեք Իտալիան չվերադառնա պատմության իր սեւ էջին՝ դիկտատուրային: Իշխանության  թեւերը, առավել եւս դատական իշխանությունը Իտալիայում լիարժեք անկախ են»:

Ադրբեջանը պարբերաբար Իտալիայից զենք գնելու ցանկություն է հայտնում: Արդյո՞ք հնարավոր է, որ նման գործարք կայանա՝ հետաքրքրվեցինք մեր երկրում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանից: Վինչենցո Դել Մոնակոն շեշտեց, թե Իտալիան երբեք չի խախտում եվրոպական կոնվենցիաները, երբեք դեմ չի գնա դրանց ու որեւէ քայլ չի անի, որը կարող է խաղաղություն խաթարել:

Դա վերաբերում է նաեւ Հայաստանում, Բաքվում եւ մնացած բոլոր երկրներում մեր հարաբերություններին: Մենք ձգտում ենք ապրել մի հասարակությունում, որտեղ իշխում է միայն խաղաղությունը՝ եզրափակեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: