ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում ինտրիգը դեռ պահպանվում է
2019-02-06 17:46:00

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Նախիջեւանում թուրքական ռազմաբազա հիմնելու Անկարային ծրագրերի մասին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը տեղեկություն չունի։  Գեներալն այսօր Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է դաշինքի աշխատանքային խնդիրներին։ Քաղաքական հարցերին, որոնք հնչել են հիմնականում Երեւանից, նա խուսափել է պատասխանել։

0:00
0:00

Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում ինտրիգը դեռ պահպանվում է: Արդյո՞ք Հայաստանին հնարավորություն կտրվի պահպանել ռոտացիոն պաշտոնը մինչեւ սահմանված ժամկետի վերջը, թե՞ ժամկետից շուտ այն կփոխանցվի Բելառուսի ներկայացուցչին: Կառույցում այս պահին անգամ չեն փորձում հստակեցնել հարցը: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորով.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշողներ կան: Մեր երկրների ղեկավարները շատ փորձառու եւ իմաստուն են: Կընդունեն համապատասխան որոշում»:

Անատոլի Սիդորովը զինվորականի պատրաստակամությամբ պատրաստ է կատարել ՀԱՊԿ ղեկավար մարմնի կայացրած ցանկացած որոշում՝ առավել եւս, երբ ղեկավարում է  ՀԱՊԿ աշխատանքային ստորաբաժանումը: Անգամ այս պարագայում ռուս զինվորականը չգիտի՝  ինչպես են հակադարձելու ասենք՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուքիայի՝ Նախիջեւանի տարածքում նոր ռազմաբազա հիմնելու ծրագրերին։

Սիդորովի ներկայացմամբ՝ նման տեղեկություն անձամբ ինքը չունի: Բայց օրինակ՝ ՀԱՊԿ-ին անհանգստացնում են ՆԱՏՕ-ի հետ կապված մի շարք այլ հարցեր: Հաշվարկել են եւ գիտեն, որ Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի եւ Թուրքիայի ավիաբազաներում պահպանվում է շուրջ 200 նախորդ սերնդի ոչ կառավարվող ավիախումբեր: Անգամ այս ենթատեքստով Հայաստանից հնչած հարցին ռուս գեներալ-գնդապետը սաստում է.

«Ես ոչ մի դեպքում չասացի, որ Թուրքիան այս պահին ծրագրում է Կովկասի տարածքում՝ առավել եւս Հայաստանի նկատմամբ իրականացնել ինչ- որ ագրեսիվ քաղաքականություն: Այնպես որ՝ խնդրում եմ ազնվություն»:

Հայաստանի քաղաքացիները ազնվորեն պատասխանել են վերջերս Հայաստանի տարածքում՝ 6 քաղաքում անցակցված սոցհարցմանը: Նույն հարցերը բնակիչներին տրվել էին եւ 2017-ին, եւ 2018-ին: Հարցաշարում անդրադարձ կար նաեւ հենց ՀԱՊԿ-ին եւ այդ կառույցի հանդեպ հայաստանցիների վերաբերմունքին ու ակնկալիքներին՝ անվտանգությունը ապահովելու հարցում: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան.

« Բավական մեծ թիվ մարդիկ ասում են՝ չի աջակցի: Կյանքով էլ մենք տեսնում ենք, որ չունենք հենարան, ՀԱՊԿ-ում որոշումները մեր դեմ են ընդունվում: Դա է պատճառը, որ հասարակության մեջ բացասական տրամադրությունները ՀԱՊԿ-ի հետ կապված, այո, շատ բարձր են: Կարծում եմ, որ շատ հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանը վերջին տարիներին զենք է վաճառել ադրբեջանցիներին: Հարձակողական զենք, լուրջ զենք: Պարզ է, որ մեր հասարակության ներսում Ռուսաստանի նկատմամբ վերապահումներ կան»:   

Ըստ սոցհարցման՝ այլ պատկեր է ՆԱՏՕ-ի հետ կապված: Ուշագրավ է, որ Թուրքիա-ՆԱՏՕ համագործակցության հանդեպ հայաստանցիները զգուշավոր են եւ որոշակի վտանգ են զգում, մինչդեռ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հավանական անդամակցությունը դրական է համարում հարցված հայաստանցիների 71 տոկոսը: Այս սահմանից ՆԱՏՕ-ի հետ կապված ապահովության որոշակի զգացում կա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարցվածների շուրջ 70 տոկոսը հավանական է համարում եւ դրական գնահատում ապագայում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությունը: