Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Գործադիրը ծարգրում կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է իր հիմնական առաջնահերթություններից մեկը: Փաստաթղթում նշվում է, որ կառավարությունը անզիջում պայքար է մղելու կոռուպցիայի դեմ՝ ակնկալելով հանրային լայն աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։
Կոռուպցիան պետք է արժանանա հանրային արգահատանքի՝ գրված է ծրագրում: Ակնկալվում էր, որ փաստաթղթում պետք է պատասխան գտնի այն հարցը, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարմին է գործելու Հայաստանում: Անորոշությունը ձևավորվել էր համապատասխան օրենքի ընդունման, բայց նոր կառույցի չձևավորման արդյունքում: Երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ հենց այդ իրավիճակն է որպես պաշտոնից հրաժարվելու պատճառ նշել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը:
Նախորդ տարվանից անորոշ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման հարցը: Նախատեսվում էր, որ այս կառույցը պետք է ձևավորվի 2018-ին և փոխարինի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին: Օրենքով ժամկետներ էին սահմանվել, նախատեսվել էր, որ պետք է մրցույթ անցկացվի, որի արդյունքում ընտրված թեկնածուներին հանձնաժողովի անդամ պետք է նշանակեր Ազգային ժողովը:
2018-ի ընթացքում խորհրդարանն այս կառույցը ձևավորել չկարողացավ: Արադարադատության փոխնախարարի կարծիքով՝ նաև օբյեկտիվ պատճառներով:
«Կարծում եմ, որ այդ մարմինը չստեղծվեց նաև օբյեկտիվ օբյեկտիվ պատճառներով: Հեղափոխությունից հետո կառավարությունն ու խորհրդարանը ավելի շատ քաղաքական օրակարգով էին զբաղված: Բացի դրանից, դժգոհություն կար հանձնաժողովի ձևավորման մեխանիզմների հետ կապված: Միգուցե նոր ինստիտուցիոնալ համակարգը ստեղծվի նոր Ազգային ժողովի և կառավարության ծրագրերին համահունչ»:
Այսօր հրապարակված կառավարության ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հատվածում գրված է, որ գործադիրը կարևորում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:
Արդյո՞ք ծրագրից պարզ է դառնում, թե որ ճանապարհով է ուզում գնալ կառավարությունը՝ կանխարգելման հանձնաժողովը պահպանելո՞ւ, թե՞ նոր՝ ավելի մեծ իրավասություններ ունեցող մարմնի ստեղծելու ճանապարհով՝ հարցնում եմ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտորնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին:
«Անհասկանալի է, թե այս ձևակերպման, ինստիտուցիոնալ համակարգի տակ ինչ է դրվում: Հստակ պետք է գրված լիներ ունիվերսալ մարմին կամ տարանջատված մարմին, բայց որևէ հստակություն չկա»:
Թե ինչու չկա այդ հստակեցումը, Վարուժան Հոկտանյանը միայն ենթադրում է: «Կարծես թե միասնական որոշում ու կոնսենսուս չկա նաև կառավարության ներսում»:
Վարուժան Հոկտանյանն ասում է նաև, քանի որ այդ կոնսենսուսը չկար նաև քաղհասարակության շրջանում: Մի մասը ունիվերսալ մոդելի կողմանկից էր, մյուս մասը ՝ երկու առանձին կառույց ունենալու:
Էթիկայի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը հակակոռուպցիոն ռազմավարության շուրջ օրերս կազմակերպված քննարկմանն ասում էր, թե մոդելի որոշման հարցում արագ կողմնորոշվելու խնդիր կա:
Ձգձգումը խաթարում է արդեն իսկ ստեղծված ենթակառուցվածքների գործունեությունը՝ ասում էր Սահակյանը և մի քանի օրինակ բերում:
«Ներկաներից քանի՞սն է տեղյակ, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հայտարարագրերի նոր բովանդակությունը, բայց նոր ձևանմուշները հասատաված չեն: Հիմա մենք ո՞ր հայտարարագրերը վերցնենք»:
Այս իրավիճակը Սիրանույշ Սահակյանը նշել է որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողնելու պատճառներից մեկը: Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին՝ երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ նշել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը: