ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ կառավարությունը հետաձգեց իր ծրագրի հաստատումը
2019-02-06 18:35:48

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն իր այսօրվա նիստում չի հաստատել սեփական ծրագիրը: 2019 թվականին նպատակադրված անելիքները, Սահմանադրության համաձայն, պետք է օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացվի գործադիրի ձեւավորումից քսանօրյա ժամկետում:

Ինչո՞ւ է Փաշինյանի գլխավորած կառավարությունը հետ ուղարկել սեփական ծրագիրն ու ինչով չի գոհացրել անելիքների ցանկը:


0:00
0:00

 

Մի քանի օր ժամեր շարունակ աշխատանք ենք տարել ծրագրի վրա, սակայն մինչ
վերջնական տեսքի բերելը դեռ էլի շտկումների կարիք կա՝ կառավարության նիստին անկեղծացավ վարչապետը՝ չսպասելով ծրագրի հասցեին այլ քննադատությունների: Տարբեր գերատեսչություններից հավաքված ծրագրային անելիքների ոճն ու բառապաշարը Փաշինյանի սրտով չէին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը, չնայած  կառավարության հաստատմանն էր ներկայացրել ծրագիրը,  շտապեց համաձայնվել վարչապետի հետ՝ օգտագործելով «խմբագրական կոնֆլիկտներ» բնորոշումը:

- Այո, ճիշտ եք նկատել, խմբագրական խնդիրներ ունենք:  Ու խմբագրական այդ կոնֆլիկտների պատճառն այն է, որ բոլորը ներգրավված են եղել, չնայած դա նաեւ առավել արդյունավետ լուծում է:

-Այո, ինչքան շատ մարդ է մասնակցել տեքստի մշակմանը, այնքան ոճաբանության եւ բառապաշարի մեջ զգացվում են ձեռագրի տարբերություններ: Չնայած դա էլ ինքնին խնդիր չէ, բայց կարծում եմ՝ կարելի է հնարավորինս սինխրոնացնել:

Վարչապետի դիտարկումից հետո արդեն կառավարության անդամները սկսեցին փոխանցել տեխնիկական խնդիրների մասին իրենց դիտարկումները: Ուշագրավ էր ֆինանսների նախարարին անհանգստացնողը: Ատոմ Ջանջուղազյանը ծրագրում չէր գտել հարկաբյուջետային քաղաքականությանը եւ պետական պարտքին առնչվող 3 կարեւոր պարբերություն: Դրանցից մեկն անպայման պետք է խմբագրվեր՝ անհանգստացավ նախարարը: Վարչապետը փորձեց հանգստացնել ֆինանսական համակարգի պատասխանատուին, վերջինս էլ շտապեց պարզաբանել՝ ծրագրի վերջին տարբերակին քիչ առաջ է հասցրել ծանոթանալ, երեւի աչքից վրիպել է:

Կառավարության ծրագրին առնչվող միակ բովանդակային քննարկումն առնչվում էր դատարանների բեռնաթափմանը: Արդարադատության նախարարն արդյունավետ դատական համակարգ ունենալու համար բարձրացրեց դատավորների փոքր թվի խնդիրը, ինչին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փոքր-ինչ վերապահումով է արձագանքում:

«Արդյունավետ կառավարման համար ամեն 100 հազարին բաժին ընկնող դատավորրենրի օպտիմալ թիվը 21-ն է, մեզ մոտ ԵԽ-ի համար ամենացածր թիվն է՝ ընդամենը 7»:

- Բայց միաժամանակ կա հիմնավոր կասկած, որ դատարանները ծանրաբեռնված են պրոցեսներով, ոչ թե վեճերով: Ըստ այդմ՝ կարծում ենք, որ վեճերի լուծման այլընտրանքային տարբերակներ պետք է մշակվեն:


Կառավարության անդամներն առանձնակի նկատողություններ չունեին, իսկ ոմանք շտապեցին իրենց բարձր գնահատականը ներկայացնել դեռ չիրագործված ծրագրին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շտապեց հիշեցնել՝ ծրագրի հիմքում «Իմ քայլը» դաշինքի խոստումներն են: Այս ընթացքում վարչապետ Փաշինյանը հասցրեց մեկ այլ դիտարկում էլ անել. բացի տեխնիկական խնդիրներից՝ դեռ չեն հասցրել քննարկել նաեւ ծրագրին առնչվող տարբեր առաջարկներ:

67 էջ, 8 կետ, 36 ենթակետ. կառավարության այս տարվա ծրագրի պատկերն է: Որպես համեմատություն՝ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարության ծրագիրը կրկնակի փոքր էր՝ 33 էջ: Սա հասկանալի էր այն պատճառով, որ դա որոշակիորեն միջանկյալ ծրագիր էր՝ մինչ խորհրդարանական ընտրություններն ու քաղաքական նոր հանգուցալուծումները: Սակայն Փաշինյանի նախորդ ծրագրի ընդդիմախոսները մեղադրում էին առանց հստակ թվային թիրախների ու պատմողական ծրագիր ներկայացնելու մեջ:

Կառավարության այս ծրագրում առաջնահերթորեն կարեւորվում է արտաքին եւ ներքին անվտանգությունը, հաջորդիվ՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Երրորդ ուղղությունը կրում է փոքր-ինչ գեղարվեստական ձեւակերպում՝ «ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի» խորագիրը: Հայաստանի տարբեր տարիների կառավարությունների ծրագրերի տեխնիկական մասերը համեմատելով՝  նկատելի է, որ Կարեն Կարապետյանի կառավարության առաջին ծրագիրը, որը նույնպես ներկայացվել էր մինչև խորհրդարանական ընտրությունները՝ 2016 թվականի հոկտեմբերին, կրկին բաղկացած էր 33 էջից։ Ավելի լակոնիկ եղել էր միայն Անդրանիկ Մարգարյանի կառավարության 2000-2003թթ. ծրագիրը: Փոխարենը՝ Կարեն Կարապետյանի կառավարության արդեն երկրորդ ծրագիրը, որը ներկայացվեց ընտրություններից հետո՝ 2017-ի հունիսին, ռեկորդային էր՝ 122 էջ:

Ամեն դեպքում 2019-ի ծրագիրը քվեարկության չդրվեց: Կառավարությունը որոշեց օգտագործել ծրագիրը խորհրդարան ներկայացնելու ժամկետի վերջին 2 օրն էլ, որպեսզի վերջին խնդիրներն էլ շտկվեն՝ պարզաբանեց վարչապետը: Այն վերջնականապես կքննարկվի վաղը երեկոյան կամ մյուս օրն առավոտյան՝ արդեն արտահերթ նիստով հաստատելու: