ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանցին վախենում է Արցախից հայրենիք վերադառնալ
2019-02-06 18:57:29

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018- ի փետրվարի 9- ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո, 2019թ. փետրվարի 02-ին ազատ է արձակվել:

Մինչ Արցախում ադրբեջանի զինված ուժերի նախկին ծառայողի հարցը դիտարկել են իրավական հարթությունում` Ադրբեջանը Էլնուր Հուսեինզադեի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:

Ադրբեջանը 2017 թվականի դատավճռով նրան պետական դավաճանության մեջ է մեղադրել:

0:00
0:00

 

Արցախում Էլնուր Հուսեյնզադեն մեղադրվում էր  պետական սահմանը խախտելու մեջ։ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայողը 2017թ. փետրվարի 1-ին Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը:

Իր այդ արարքի համար դատապարտվել է երկու տարի ազատազրկման. 2019 թվականի փետրվարի 2-ին լրացել էր պատժի կրման ժամկետ՝ ասում է Արցախի նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Տվյալ գործընթացում որեւէ քաղաքական ենթատեքստ չկա, շեշտում է զրուցակիցս՝ խորհուրդ տալով այն չդիտարկել որպես բանակցային գործընթացի  մաս:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասում է, որ գրասենյակը ադրբեջանցու ճակատագրին հետեւել է նրա Արցախում գտնվելու ողջ ընթացքում, ներկայացուցիչները մասնակցել են նաեւ ազատ արձակման գործին:

Դեպքերի այսպիսի ընթացքը, երբ Ադրբեջանցին ազատ է արձակվում առանց քաղաքական բանակցությունների, կամ մարդասիրական կազմակերպությունների միջամտության եզակի է, բայց եւ Հուսեինզադեն իր կարգավիճակով տարբերվում է նախկինում ազատ արձակված իր մյուս հայրենակիցներից:

Իր քաղաքացու հանդեպ Ադրբեջանի կողմից միջազգային  հետախուզում հայտարարելը Դավիթ Բաբայանը սպասելի քայլ է համարում: Դրան, թերեւս, սպասում էր նախկին դատապարտյալը, նա ինքն է խնդրագիր ուղարկել ԱՀ նախագահին` երրորդ երկիր տեղափոխվելու  վերաբերյալ:
 

Ի դեպ՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը Էլնուր Հուսեինզադեն  ազատվելուց հետո  համաձայնել է հարցազրույց տալ. նշել է, որ ստիպված է եղել հատել սահմանը եւ հիմա հայրենիք վերադառնալու ցանկություն չունի:

ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասում է, քանի որ Հուսեինզադեի  երրորդ երկիր տեղափոխվելը կատարվելու է  միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,  նրա Ադրբեջան արտահանձնվելու  հեռանկարը բացառվում է:

Նախկին դատապարտյալի երրորդ երկիր տեղափոխվելու գործընթացը սկսված է: