ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
2019-02-07 12:17:11

Թարմացված է 12:17

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

«Որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվել են: Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասել է Մուրադյանը:

Վերաքննիչ դատարանի՝ այսօրվա որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:

Տեղադրված է 11:01

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակի այսօր` ժամը 12:00-ին: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վիճարկում են առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքը:

Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը: Քոչարյանը պաշտպան Հայկ Ալումյանը փետրվարի 4-ի դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ ատյանում կանխակալ մոտեցում դատավարության ընթացքում չեն տեսել:

Յոթ ժամ տևած նիստում դատախազությունը ներկայացրել էր իր առարկությունները, իսկ, Ռոբերտ Քոչարյանը մոտ կես ժամ ելույթ էր ունեցել, որի ընթացքում անդրադարձել էր իրեն առաջադրված մեղադրանքի դրվագներին:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվել է: